Եղիշե Չարենց․ Հնչում են խոսքերը․․․

Հնչում են խոսքերը, բառերը,
Հանգերը, վանկերը բոլոր,
Երբ քաղցր կարոտդ վառել է
Սրտիս մեջ նոր սեր ու օրոր։

Սրտիս մեջ վառվել է, վառվում է
Կարոտդ անուշ ու հրկեզ —
Իսկ դուրսը հողմի պես տարվում են
Օրերը շեշտով այս երգիս։

Օրերը փրփուր են, ալիք են,
Ծփում են փրփուր առ փրփուր,
Հողմի պես թռչում է գալիքը —
Հուզվում են օրերը պուրպուր[1]։

Հուզվում ու ծփում են օրերը,
Ինչպես իմ երգերը բոլոր,
Երբ քաղցր կարոտդ վառել է
Սրտիս մեջ նոր սեր ու օրոր։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы