Արփենիկ Չարենց «Հուշեր Հայրիկիս մասին»


Այս հատվածում Արփենիկ Չարենցը շատ պարկերավոր կերպով նկարագրում է իր և հայրիկի հարաբերությունները, հայրիկի ունեցած սովորությունները, իրենց լուսավոր բնակարանը և մի քանի դրվագ իր մանկությունից։ Կարդալով Արփենիկի հուշերը մենք հասկանում ենք, որնա եղել է հայրիկի սիրելին։ Ինքն էլ հայրիկին էր շատ սիրում։

Ես հայրիկին տեսել եմ մինչև հինգ տարեկան հասակս: Ուստի այն, ինչ պատմելու եմ, չափազանց հեռու է համակարգված հուշագրություն լինելուց:

ԵՍ ԾՆՎԵՑԻ

Ես ծնվեցի հուլիսյան մի օր, երբ թավշոտ դեղձը կախվում է ճյուղից: Ոչ մի երկմտանք` Արփենիկ դրիր անունը դու իմ, բայց իբրև քնքշանք Բոժիկ կանչեցիր` Աստվածիկ:

ՄԵՐ ԲՆԱԿԱՐԱՆԸ

Երկար ու լայն միջանցք ուներ մեր բնակարանը, բարձր առաստաղ, նույնքան բարձր ու լայն լուսամուտներով: Լույսն ու արևը հորդում էին մեր բնակարանում:

Հատակին` պարսկական գորգ, պատերին` ճապոնական պաննոներ: Մեզ հյուր եկած մարդիկ միշտ քո աշխատանոցում էին հավաքվում և ոչ ընդունարանում: Երբ բացում էի աշխատանոցիդ դուռը` անասելի ծուխ էր լինում սենյակում` ծխախոտի ծուխ: Մերթ ընդ մերթ բացվում էր դուռը և լսվում ձայնդ, կրծքային խզված ձայնդ` Իզաբելլա (որևէ խնդրով կանչում էիր մորս): Այդ ձայնը մինչև օրս հնչում է ականջիս:

ՏՈՆԱԾԱՌ

Ու որոշեցիր Բոժիկիդ համար տոնածառ գնել: Շուկա գնացինք: Ձյուն էր ու ձմեռ: Տոնածառ առար, տոնածառ հսկա: Նոր կոշիկներիդ ճռռոցն եմ հիշում  թարմ ձյան վրա ու վայր ընկնելդ, ու իմ քրքիջը ընկնելուդ վրա: Ու փոքրիկ մարմինդ, փոքր մարմինդ, որ ծառն էր ծածկել` դարձնելով քեզ նոր կոշիկներով քայլող մի սաղարթ:

—  Իզաբելլա, տոնածառ եմ բերել,- ներս մտնելուն պես բղավեցիր ու պատվիրեցիր խաղալիքները բերել, որ կախես ծառին: Եվ մայրս խաղալիքները խնամքով դրեց սեղանին: Խաղալիքները շարում էիր ծառին, հանկարծ նկատեցիր շոկոլադե խաղալիք.

—  Իսկ սա ի՞նչ է, դե, ի՞նչ է,- հարցրեցիր Իզաբելլային:

Ու մայրս խոնարհ, ու մայրս հեզ, պատասխանեց, որ շոկոլադ է:

—  Այ քեզ քաղքենիներ,- բղավեցիր,- Բոժիկ ջան, շուտ կեր այս շոկոլադե խաղալիքները և գիտցիր, որ շոկոլադը ուտելու և ոչ կախելու համար է շինված:

   Ասում են այդպես, Պիկասսոն այն մեծ, երբ տեսնում էր, որ խնձոր են վրձնում, զայրանում է շատ և խնձորն ուտում. “Խնձորն ուտելու և ոչ կտավի համար է ստեղծված”:

ՍԵՂԱՆԻ ՇԱՐԺՎՈՂ ՄԻ ԿԱՐՃ ՈՏՔԻ ՏԱԿ

Աշխատանոցիդ շարժվող սեղանի մի կարճ ոտքի տակ գիրք էիր դնում ու մեջը` դանակ: Մի օր դանակը մորս պետք եկավ, նա դանակը հանեց, խստիվ բարկացար, ու դանակն իր հին կարգով, հին տեղը գնաց:

—  Իսկ այդ ի՞նչ գիրք է,- մի օր հարցրի:

—   Աբով,- ասացիր:

—    Աբովն ի՞նչ է,- նորից հարցրի:

—     Մեծանաս` կիմանաս,- այդպես ասացիր:

Ու երբ մեծացա, հետո հասկացա, թե Աբովն ինչ է: Աշխատանոցիդ շարժվող սեղանի մի կարճ ոտքի տակ գիրք էիր դնում ու մեջը` դանակ:

ԴՈՒՌԸ ՉԲԱՑՎԵՑ

Աշխատանոցիդ դուռը չբացվեց, գրելը հեշտ է, հիշելը` ծանր:

 տոնածառ, Տառապանք մի մեծ, որ ողջ կյանքում մի ստվերի պես ուղեկցում էր քեզ: Մայրս մի օր ինձ շատ խիստ պատժեց, այն աստիժան խիստ, որ ես զարմացա. չէ՞ որ դու նրան արգելում էիր մատով իսկ դիպչել, թեկուզ որքան էլ  մեղքս ծանր լիներ: Ու ես վազեցի աշխատանոցդ, որ քեզ բողոքեմ, որ վիշտս պատմեմ: Դուռդ բախեցի, դուռդ փակված էր, ու ինձ թվաց, թե ողջ գիշեր անվերջ աշխատելուց հետո հանգիստ ես առնում կամ էլ թե քնած ես: Ու ես շատ երկար բախեցի դուռդ, որ գիրկդ առնես, վիշտս մոռանամ, որ ամեն օրվա երջանիկ, ուրախ Բոժիկը դառնամ: Ու դուռը քո փակ, քո դուռը փակ էլ չբացեցիր ու ձեռքերը քո, անսահման սիրող քո ձեռքերը այնպես էլ չպարզեցիր:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы