Գրականություն․ Սպիտակ ջրաշուշանը (ամերիկյան հնդկացիների հեքիաթներից)Գրականություն․

Վաղուց,  շատ  վաղուց,  երբ  դեռ  թմբուկները  պատերազմ  չէին  գուժել  հնդիկներին,  պրերիայի  եզրին  մի  գեղեցիկ  գյուղակ  կար։  Այնտեղ  տղամարդիկ  վաղ  առավոտյան  որսի  էին  գնում  և  երեկոյան  տուն  վերադառնում  հարուստ  պաշարով․  կանայք  ուտելիք  էին  պատրաստում,  կար  անում,  իսկ  երեխաները  արևածագից  մինչև  արևմուտ  խաղ  էին  անում։  Բոլորն  էլ  երջանիկ  էին  և  համերաշխ։

Ցերեկները  երկար  ժամանակ  Արևը  փայլում  էր  և  ժպտում  կարմրամորթների  դեմքերին,  անձրև  թափվում  էր  միայն  այն  ժամանակ,  երբ  պետք  էր  լինում  թարմացնել  ձորերի,  գետերի,  լճերի  ջրերը  և  զովացնել  ծառերն  ու  ծաղիկները:

Բայց  տեսեք,  թե  հետո  ինչ  պատահեց․

Աստղերը,  որ  փայլում  էին  ճամբարի  վերևում,  լսեցին  հնդիկների  մասին  և  որովհետև  նրանց  լույսը  շատ  էր  աղոտ  ու  երկիր  չէր  հասնում,  խնդրեցին  իրենց  առաջնորդին՝  Լուսնին,  որ  թույլ  տա  իրենց  իջնել  և  գյուղ  գնալ։

Գիշերային  երկնքի  առաջնորդին՝  Լուսինին,  դուր  չէր  գալիս,  որ  իր  մարդիկ՝  աստղերը,  թափառում  են  ամբողջ  գիշեր  և  վաղ  առավոտյան  անկողին  մտնում,  ինչպես  Առավոտյան  աստղը։  Երբ  այդպիսի  դեպք  էր  պատահում,  նա  ընդհարվում  էր  Արևի  հետ։  Բայց  այդ  գիշեր  նա  արտակարգ  լավ  տրամադրության  մեջ  էր  և  չմերժեց  նրանց  խնդրանքը։  Աստղերն  աշխույժ  ծիծաղելով  և  շատախոսելով  սկսեցին  պատրաստվել  ճամփորդելու  և  ուշք  չդարձրին  այն  խելացի  խորհուրդներին,  որ  Լուսինը  տվեց  իրենց։

―  Դուք  կարող  եք  գնալ  ուր  ուզում  եք,  բայց  զգուշացեք,  որ  հանկարծ  չիջնեք  գետնին։  Եթե  իջնեք  գետին,  դուք  այնտեղ  կմնաք  և  հաջորդ  օրը  Արևը  ձեզ  կայրի,  կսպանի,  որովհետև  նրա  ճառագայթները  ճակատագրական  են  մեզ  համար։

Աստղերը  գնացին։  Նրանց  բախտից  այդ  գիշեր  Լուսինը  կլոր  էր,  այլապես  կկորցնեին  ճանապարհը։  Վերջապես  հասան  հնդիկների  ճամբարը  և  սկսեցին  բոլոր  կողմերից  դիտել։  Հնդիկները  քնած  էին,  միայն  մի  փոքր  տղա,  որ  ապրում  էր  ճամբարի  ծայրին,  դեռ  արթուն  էր։  Տարօրինակ  շշնջոցներ  լսելով,  նա  լարեց  ուշադրությունը  և  իր  վրանի  տանիքի  լուսամուտից  դուրս  նայեց։  Մի  պահ  նրա  սիրտը  կանգ  առավ  տեսածից․  Ինչքա՜ն  շատ  աստղեր  կան  և  ինչքա՜ն  մոտիկ։  Նա  իսկույն  մագլցեց  վեր,  դեպի  վրանի  ծայրը  և  սյունը  շարժեց,  որ  լավ  տեսնի։  Սյունը  դեմ  առավ  ինչ  որ  բանի  և  շրը՜մփ,  վայր  ընկավ։  Աստղը  ցածրից  էր  անցնում,  ուղիղ  վրանի  վրայից,  այդ  պատճառով  ընկավ  գետին  և  իսկույն  դարձավ  մի  գեղեցիկ,  ողբացող  աղջիկ։

―  Տես,  թե  ի՜նչ  արիր,―  հանդիմանեց  նա  տղային,―  ես  այլևս  չեմ  կարող  իմ  քույրերի  հետ  վերադառնալ  և  հենց  որ  լույսը  բացվի,  Արևի  ճառագայթները  կգտնեն  ինձ,  և  ես  կմեռնեմ։

Տղան  ապշահար  նայում  էր  նրան։  Այդ  ընթացքում  աստղերն  արդեն  հասկացել  էին,  թե  ինչ  է  տեղի  ունեցել  և  խուճապահար  ետ  էին  թռչում,  գիտակցելով,  որ  անկարող  են  օգնել  իրենց  տարաբախտ  քրոջը։

Արցունքները  առատորեն  հոսում  էին  սիրուն  աղջկա  աչքերից։  Տղան  խղճահարվեց։

―  Ես  քեզ  կօգնեմ,―  ասաց  նա,―  ցերեկը,  երբ  Արևը  դուրս  գա,  ես  քեզ  կթաքցնեմ  իմ  վրանում  և  նա  չի  կարողանա  քեզ    գտնել։  Բայց  հետո՞  ինչ  կանենք։

―  Եթե  ես  կարողանամ  իմ  գոյությունը  պահպանել  ցերեկը,  երեկոյան  կդառնամ  ծաղիկ  և  կգնամ  կապրեմ  մի  բարձր  ժայռի  կատարին,  որտեղից  կկարողանամ  նայել  ձեր  ժողովրդին,  որովհետև  ինձ  դուր  է  եկել  ձեր  կյանքը։

Նրանք  վարվեցին  այնպես,  ինչպես  որոշել  էին։  Տղան  ամբողջ  օրը  տանը  մնաց  և  ջանք  չխնայեց,  որ  ամենաթույլ  և  ամենահետաքրքրասեր  ճառագայթն  անգամ  հանկարծ  չթափանցի  վրանի  ներսը։  Հենց  որ  օրը  վերջացավ,  աղջիկն  իսկույն  թռավ  ծխնելույզի  օդանցքից  և  շտապեց  տեղ  գտնել  բարձր  ժայռի  վրա,  և  նրա  կատարին  հաջորդ  օրն  անմիջապես  մի  գեղեցիկ  սպիտակ  վարդ  բուսնեց։

Բոլոր  հնդիկները  հիանում  էին,  երբ  տեսնում  էին  գեղեցիկ  ծաղիկը,  միայն  տղային  էր  հայտնի,  որ  դա  այն  փոքրիկ  աստղն  է,  որին  նա  պահեց  իր  վրանում  և  պահպանեց  Արևի  սպանիչ  ճառագայթներից։

Շուտով  աղջիկը  ձանձրացավ  մենակությունից:  Թեև  նա  գյուղին  նայում  էր  հեռվից  և  տեսնում  ճամբարի  կյանքը,  բայց  ոչ  ոք  չէր  կարող  մագլցել  ժայռը  և  զրուցել  նրա  հետ։  Երբեմն-երբեմն  նրան  ընկերակցում  էին  այն  թռչունները,  որոնց  բույնը  այդ  կողմերում  էր։

Այսպես,  նրա  մոտ  զրուցելու  եկավ  մի  փոքրիկ  ցախսարեկ։

―  Ես  այնպես  մենակ  եմ  այստեղ,―  գանգատվեց  սպիտակ  վարդը,―  կարոտ  եմ  մարդկային  ընկերակցության։  Եթե  կարողանայի  պրերիայում  ապրել,  շատ  լավ  կլիներ։

―  Եթե  այդ  է  ցանկությունդ,  ես  կարող  եմ  օգնել,―  պատասխանեց  փոքրիկ  թռչնակը,―  միայն  մի  փոքր  թեքիր  գլուխդ,  որ  քեզ  կտուցովս  վերցնեմ։

Վարդը  հնազանդ  թեքեց  գլուխը.  ցախսարեկը  կտուցով  վերցրեց  նրան  և  դեպի  պրերիա  թռավ։

Պրերիայում  կյանքն  ավելի  ուրախ  էր։  Հնդիկները,  ինչպես  և  զանազան  կենդանիներ,  այցելում  էին  սպիտակ  վարդին։  Բայց  մի  օր  հանկարծ  առավոտյան  վաղ  սարսափելի  ձայներ  լսվեցին։

―  Շտապե՜ք,  շտապե՜ք,―  գոռում  էին  այս  ու  այն  կողմից,―  պետք  է  թաքնվել,  գոմեշի  նախիրն  է  գալիս։

Բոլորը  վազեցին  և  թաքնվեցին՝  ով  որտեղ  կարող  էր։  Շուտով  հորիզոնում  փոշու  հսկայական  ամպ  հայտնվեց,  որը  աստիճանաբար  ավելի  ու  ավելի  մոտեցավ։  Սպիտակ  վարդը  ահաբեկված  գլուխը  թաքցրեց  տերևների  մեջ,  որոնք  սարսափից  լայնացել  էին։  Նախիրն  անցավ  մրրիկի  պես։  Հազարավոր  սմբակներ  այնպիսի  աղմուկ  էին  բարձրացրել,  որ  կարծես  ամպրոպ  ճայթեց։

Երբ  վերջապես  ամեն  ինչ  խաղաղվեց,  սպիտակ  վարդը  գաղտագողի  դուրս  նայեց  տերևների  արանքից։  Պրերիան  բոլորովին  ամայի  էր  դարձել,  և  կյանքի  նշույլ  անգամ  չկար։

―  Ես  չեմ  կարող  այստեղ  մնալ  և  այսքան  փորձություններ  տանել,―  ասաց  աստղն  ինքն  իրեն,―  ավելի  լավ  է՝  տեղափոխվեմ  լճի  վրա  և  այնտեղ  ապրեմ։

Նա  պոկվեց  գետնից  և  շատ  չանցած  ներքևում  երևաց  փայլող  լճի  մակերեսը։  Նա  ցած  իջավ  և  մակույկի  նման  հանդարտ  սահեց  լճի  վրայով։

Հաջորդ  օրը  վաղ  առավոտյան,  երբ  հնդիկները  անցնում  էին  լճի  մոտով,  զարմանքով  նկատեցին,  որ  ջրի  երեսին  սպիտակ  ծաղիկներ  կան։

―  Գիշերային  աստղերը  ծաղիկներ  են  թողել,―  ասացին  երեխաները,  բայց  խելահաս  մարդիկ  թափահարեցին  գլուխները  և  ասացին,  որ  դա  սպիտակ  աստղն  է  իջել  մեզ  մոտ։  Նրանք  ճիշտ  էին։

Այդ  օրվանից  աստղն  ապրում  է  լճի  վրա  սպիտակ  ջրաշուշանի  տեսքով,  և  հնդիկները    Սպիտակ  ծաղիկ  են  կոչում  նրան։

Առաջադրանքներ

1. Ո՞րն է հեքիաթի  արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք։ Որոնք որ չեք ընտրում, հիմնավորե՛ք՝ ինչո՛ւ չեք ընտրում։

  • Սյուժեն հետաքրքիր է։
    Այո շատ հետաքրքիր և պատկերավոր է։
  • Պատկերավորման միջոցները շատ են։
    Այո շատ և գեղեցիկ։
  • Արտահայտված գաղափարը հետաքրքիր է։
    Գաղափարն այն է, որ պետք է լսել ձեր տիրոջը՝ այս դեպքում Լուսնին, քանի որ մեծերը սխալ խորհուրդներ և ուղղություններով չեն ասի և ցույց չեն տա: Բայց անկախ ամեն ինչից, պետք չի հուսահատվել և հիասթափվել, պետք  է նայել առաջ և ամեն ինչ անել փրկվելու և խնդրի լուծումը գտնելու համար: Ինչպես արեց աստղը:
  • Պատմելու ոճը հետաքրքիր է։
    Այո, պատմելու ոճը շատ հետաքրքիր է: Հեքիաթի ծավալը մեծ է, բայց հեղինակի գրելաոճի պատճառով այն շատ հեշտ է կարդացվում: Իրադարձությունները արագ են տեղի ունենում, ձանձրալի չէ:
  • Հեքիաթի կերպարները ամբողջական են և համոզիչ։
    Այս մտքի այդքան էլ համաձայն չեմ, քանի որ չկար ոչ մի արտահայտված կերպար: Միայն անձնավորված կերպարներ էին, որոնք անուններ չունեին:
  • Հեքիաթում տեղեկատվություն կա հդկացիների կյանքից։
    Ոչ, քանի որ հեղինակը չի պատմում հնդիկների կյանքից: Միայն ասում էր, որ կա հնդկացիների ճամբար, բայց դա բավարար տեղեկություն չէ հնդկացիների մասին:
  • Հերոսները անձնավորված են, և դա հետաքրքիր է դարձնում հեքիաթը։
    Այո, անձնավորված են բնության հրաշքներով՝ Աստղ, Լուսին, Արև, Ծաղիկ, փոքր տղա…:

2. Սա պատմություն էր ջրաշուշանի մասին։ Օգտագործելով պատկերավորման միջոցներ՝  մի այլ պատմությո՛ւն հորինեք բնության որևէ երևույթի, ծառի, ծաղկի, կենդանու, թռչունի կամ  ինչի մասին ուզում եք։

Գրականություն․Հանս Քրիստիան Անդերսեն. Ջրի կաթիլը

Անշուշտ,  տեսած  կլինեք  խոշորացույց`  կլոր,  կորնթարդ,  որի  միջով  բոլոր իրերն  իրենց  իրական  չափերից  հարյուր  անգամ  մեծ  են  երևում:  Եթե նայես  պատահական  ջրափոսից  վերցրած  կաթիլին,  կտեսնես  հազարավոր զարմանալի  գազանիկներ,  որոնք  ջրի  մեջ  առհասարակ  նկատելի  չեն,  թեև կան  ու  այնտեղ  են,  իհարկե:

Նայում  ես  մի  այդպիսի  կաթիլի,  ու  քո  առաջ,  ոչ  ավել,  ոչ  պակաս,  մի ամբողջ  ափսե  էակներ  են  վխտում,  զեռում,  թռչկոտում,  կծում  միմյանցառջևի  կամ  ետևի  թաթիկը,  մերթ  այս  հանգույցը,  մերթ  այն  վերջույթը,  բայց  այդուհանդերձ  յուրովի  ուրախանում  ու  զվարճանում  են:

Լինում  է,  չի  լինում  մի  ծերուկ  է  լինում,  որին  բոլորը  կոչում  են  Հոգսեն  Զննող:  Նրա  անունն  էր,  ինչ  արած:    Նա  իր  հոգսն  էհամարում  զննել  ամեն  ինչ`  դրանցից  դուրս  կորզելով  այն  ամենը,  ինչ  հնարավոր  է:  Իսկ  եթե  չէր  հաջողվում  դրան  հասնելսովորական  ճանապարհով,  դիմում  էր  կախարդության:

Նա,  ուրեմն,  մի  անգամ  նստել  ու  խոշորացույցով  զննում  էր  հենց  ճահճից  վերցրած  ջրի  մի  կաթիլ:  Աստված  իմ  Աստված,  ո՜նցէին  այդ  գազանիկներն  այդտեղ  վխտում  ու  եռուզեռում:  Հազարավո՜ր,  հազարավո՜ր,  ու  բոլորն  էլ  ոստոստում  էին,  վազվզում,կծոտում,  խփշտում  ու  խժռում  մեկմեկու:

—  Նողկալի  է,-  բացականչեց  ծերուկ  Հոգսեն  Զննողը:-  Հնարավոր  չէ՞  դրանց  մի  կերպ  հանդարտեցնել,  կարգ  ու  կանոն  մտցնելդրանց  կյանքի  մեջ,  որպեսզի  յուրաքանչյուրն  իմանա  իր  տեղն  ու  իրավունքները:

Ծերուկը  մտածեց-մտածեց,  բայց  ոչ  մի  հնար  չգտավ:  Ստիպված  էր  կախարդության  դիմել:

—  Արի  կլինի`  դրանց  ներկեմ,  որպեսզի  լավ  աչքի  զարնեն,-  ասաց  ու  նրանց  վրա  քիչ  կաթեցրեց  կարմիր  գինի  հիշեցնող  ինչ-որհեղուկ.  բայց  դա  գինի  չէր,  այլ  վհուկի  արյուն,  և  այն  էլ`  ամենաառաջնակարգ:  Բոլոր  տարօրինակ  գազանիկները  հանկարծկարմրավուն  երանգ  առան,  և  ջրի  կաթիլն  այժմ  կարելի    էր  մի  ամբողջ  քաղաքի  տեղ  դնել,  ուր  զեռում  են  մեերկ  վայրենիներ:

—  Ինչ  բանի  ես.  դա  ի՞նչ  է,-  հարցրեց  ծերուկին  մի  այլ  կախարդ,  որն  անուն  չուներ  և  հենց  դրանով  էլ  տարբերվում  էրմյուսներից:

—  Կարո՞ղ  ես`  կռահիր,-  արձագանքեց    Հոգսեն  Զննողը:-  Թե  որ  կռահես  ինչ  է`  քեզ  կնվիրեմ:  Բայց  գլխի  ընկնելը  հեշտ  չէ,մանավանդ  որ  չգիտես`  ինչն  ինչոց  է:

Անանուն  կախարդն  աչքը  մոտեցրեց  փքապակուն:  Ա  ՜յ  քեզ  բան.  նրա  աչքի  առաջ  մի  ամբողջ  քաղաք  էր  փռված`  վխտացող մարդկանցով  լեցուն,  բայց  բոլորն  էլ  մերկ  էին  դեսուդեն  վազ  տալիս:  Խելքից  դուրս  բան  էր.  սարսափ,  զարհուրանք:  Բայցամենազարհուրելին  այն  էր,  որ  նրանք  անխղճաբար  հրմշտում,  բոթում,  ճանկռոտում,  խածնում  ու  պատառ-պատառ  էին  անումիրար:  Ով  ցածում  էր`  անպատճառ  փորձում  էր  վեր  մագլցել,  ով  վերևում  էր`  ցած  էր  ընկնում:

—  Մի  տե՜ս,  մի  տե՜ս,  հրե  ՜ն  այն  մեկի  ոտքն  իմից  երկար  է,  թող  կորչի,  թող  վերանա:  Իսկ  սա՜.  ականջի  հետևի  ելունդիննայեք.  մանր  ու  ցավոտ:  Ուրեմն  թող  ավելի  ցավի:

Ու  նրանք  կծոտում  էին  խեղճին,  պատառոտում  ու  խժռում  այն  բանի  համար,  որ  մանրիկ  ուռուցք  ուներ:  Տեսնեն`  ինչ-որ  մեկնիր  համար  նստել  է  զգաստ,  կարմիր  օրիորդի  պես,  ոչ  մեկին  չի  դիպչում,  միայն  թե  իրեն  չդիպչեն:  էդ  էր  պակաս.  վրա  էինպրծնում,  քաշքշում,  ոտնատակ  տալիս,  մինչև  որ  հետքն  անգամ  չմնա:

—  Զարհուրելի  զվարճանք,-  ասաց  անանուն  կախարդը:

—  Իսկ  քո  կարծիքով  ինչ  է  դա:  Կարո՞ղ  ես  գուշակել,-  հարցրեց  Հոգսեն  Զննողը:

—  Այստեղ  գուշակելու  ոչինչ  էլ  չկա:  Պարզ  երևում  է,-  պատասխանեց  մյուսը.-  Սա  Կոպենհագենն  է  կամ  մի  որևէ  ուրիշ  մեծքաղաք.  ախր  դրանք  իրար  շատ  են  նման…  Սա  մեծ  քաղաք  է:

—  Դա  ճահճաջրի  կաթիլ  է,-  բարբառեց  Հոգսեն  Զննողը:

Առաջադրանքներ

1. Ստեղծագործությունից դո’ւրս գրեք տրված մտքերը հաստատող օրինակներ:

• Մարդիկ իրար նախանձում են, չեն հանդուրժում մյուսի առավելությունը:
—  Մի  տե՜ս,  մի  տե՜ս,  հրե  ՜ն  այն  մեկի  ոտքն  իմից  երկար  է,  թող  կորչի,  թող  վերանա:

• Մարդիկ իրար նկատմամբ լցված են չարությամբ:
Ու  նրանք  կծոտում  էին  խեղճին,  պատառոտում  ու  խժռում  այն  բանի  համար,  որ  մանրիկ  ուռուցք  ուներ:

• Մարդիկ աննպատակ դեսուդեն են վազվզում:
Ա  ՜յ  քեզ  բան.  նրա  աչքի  առաջ  մի  ամբողջ  քաղաք  էր  փռված`  վխտացող մարդկանցով  լեցուն,  բայց  բոլորն  էլ  մերկ  էին  դեսուդեն  վազ  տալիս:

• Մարդիկ չեն հանդուրժում այն մարդկանց, որոնք ցականում են ընդհանուր թոհուբոհից հեռու մնալ:
Ինչ-որ  մեկն իր  համար  նստել  է  զգաստ,  կարմիր  օրիորդի  պես,  ոչ  մեկին  չի  դիպչում,  միայն  թե  իրեն  չդիպչեն:  էդ  էր  պակաս.  վրա  էինպրծնում,  քաշքշում,  ոտնատակ  տալիս,  մինչև  որ  հետքն  անգամ  չմնա:

• Մարդիկ գթասիրտ չեն, չեն մեղմում իրար ցավ, աշխատում են իրար ավելի ցավեցնել:
Իսկ  սա՜.  ականջի  հետևի  ելունդիննայեք.  մանր  ու  ցավոտ:  Ուրեմն  թող  ավելի  ցավի:

• Մարդիկ բնույթով չար են. չարություն անելը նրանց ուրախացնում և զվարճացնում է:
Ու  նրանք  կծոտում  էին  խեղճին,  պատառոտում  ու  խժռում  այն  բանի  համար,  որ  մանրիկ  ուռուցք  ուներ:

2. Սեղծագործության մեջ ո՞րն է Անանուն կախարդի կերպարի անհրաժեշտությունը: Պատասխանը հիմնավորե՛ք։

Գրականություն․Նադեր Էբրահիմի. Փոքրիկ սիրտս ում նվիրեմ

Ես  մի  փոքրիկ  սիրտ  ունեմ:  Շատ  փոքրիկ,  շա՜տ-շա՜տ  փոքրիկ:

–  Մարդու  սիրտը  չպետք  է  դատարկ  մնա,  –  ասում  է  տատիկը,  –  եթե  դատարկ  մնա,  դատարկ  ծաղկամանի  նման  տգեղ  կլինի  և   մարդուն  ցավ  կպատճառի:
Ահա,  հենց  այդ  պատճառով  էլ  երկար  ժամանակ  է՝  մտածում  եմ՝  այս  փոքրիկ  սիրտը  ո՞ւմ  նվիրեմ:  Այսինքն՝  ո՞ւմ  պետք  է  սրտիս  մեջ  տեղավորեմ,  որ  բոլորից  լավը  լինի:  Ճիշտն  ասած՝  ախր,  չգիտեմ՝  ինչպես  ասեմ…Սիրտս  ուզում  է՝  այս  ամբողջ-ամբողջ,  փոքրիկ-փոքրիկ  սիրտս՝  մի  փոքրիկ,  սիրուն  տնակի  պես,  մի  այնպիսի  մեկին  նվիրեմ,  որին  շա՜տ-շա՜տ  եմ  սիրում…կամ…չգիտեմ…մեկին,  որ  շատ  լավն  է:  Մեկին,  որ  իսկապես  արժանի  է  իմ  շատ  փոքրիկ  և   մաքուր  սրտի  մեջ  տնակ  ունենալու:  Ճիշտ  եմ  ասում,  չէ՞։
–  Սիրտը  հյուրանոց  չէ,  որ  մարդիկ  գան,  մի  երկու-երեք  ժամ  կամ  մի  երկու-երեք  օր  այնտեղ  մնան  ու  հետո  գնան,  –  ասում  է  հայրիկը,  –  սիրտը  ճնճղուկի  բույն  չէ,  որ  գարնանը  շինվի,  իսկ  աշնանը  քամին  այն  իր  հետ  քշի  ու  տանի…
ճիշտն  ասած՝  չգիտեմ՝  ինչ  է  սիրտը,  բայց  գիտեմ,  որ  տեղ  է  շա՜տ-շա՜տ  լավ  մարդկանց  և   մշտապես…
Դե…Երկար  մտածելուց  հետո  վճռեցի՝  սիրտս  նվիրեմ  մայրիկիս,  ամբողջ  սիրտս,  ամբողջը  նվիրեմ  մայրիկիս  և   կատարեցի  այդ  բանը…
Բայց,  ո՜վ  զարմանք,  երբ  նայեցի  սրտիս,  չնայած  մայրիկս  հանգիստ  տեղավորվել  էր  նրա  մեջ  և   իրեն  էլ  շատ  լավ  էր  զգում,  այդուհանդերձ  նկատեցի,  որ  կեսը  դեռևս  դատարկ  էր  մնացել…
Դե,  իհարկե,  հենց  սկզբից  ես  պիտի  գլխի  ընկնեի  ու  սիրտս  երկուսին  նվիրեի՝  հայրիկիս  ու  մայրիկիս:  Այդպես  էլ  վարվեցի:
Հետո,  հետո  գիտե՞ք՝  ի՞նչ  եղավ:  Այո,  իհարկե,  նայեցի  ու  տեսա՝  սրտիս  մի  մասում  դեռևս  դատարկ  տեղ  է  մնացել…
Անմիջապես  վճռեցի  սրտիս  դատարկ  մնացած  անկյունը  նվիրել  մի  քանի  հոգու:  Մի  քանի  հոգու,  ում  շատ  եմ  սիրում:
Մեծ  եղբորս,  փոքրիկ  քրոջս,  պապիկին,  տատիկին,  իմ  բարի  քեռուն  և   ուրախ  բնավորությամբ  հորեղբորս  էլ  տեղավորեցի  սրտիս  մեջ:
Մտածեցի՝  հիմա  արդեն  սրտիս  մեջ  կարգին  խճողում  է…այսքան  մարդ  մի՞թե  հնարավոր  է  այսքան  փոքրիկ  սրտում  տեղավորել:
Բայց  երբ  նայեցի  սրտիս,  Աստված  իմ,  Աստված  իմ,  գիտե՞ք՝  ինչ  տեսա:
Տեսա,  որ  այս  բոլոր  մարդիկ  տեղավորվել  են  սրտիս  ճիշտ  կես  մասի  մեջ,  ճիշտ  կեսի,  թեև   հանգիստ  նստել,  ասում,  խոսում  ու  ծիծաղում  էին,  և   ոչ  մեկը  չէր  բողոքում  տեղի  նեղվածքից:
Դե…հետո  հերթը…Այո,  ճիշտ  է,  սրտիս  մնացածը,  այսինքն՝  դատարկ  մնացած  կեսը  ուրախությամբ  ու  գոհունակությամբ  նվիրեցի  այն  բոլոր  լավ  մարդկանց,  ովքեր  ապրում  են  մեր  թաղում,  և   բոլոր  այն  լավ  բարեկամներին,  որ  ունեմ,  և   բոլոր  ընկերներիս  և   բոլոր  այն  ուսուցիչներին,  ովքեր  սիրում  են  երեխաներին…
Եվ  գիտե՞ք,  թե  ինչ  եղավ…
Աստված  իմ,  այսքան  փոքրիկ  սիրտը  ինչպե՞ս  կարող  է  այսքա՛ն  մեծ  լինել:
Ճիշտն  ասած,  խոսքը  մեր  մեջ,  հայրս  մի  հորեղբայր  ունի:  Հայրիկիս  այս  հորեղբայրը  շա՜տ,  շա՜տ,  շա՜տ  փող  ունի:  Ես  երբ  տեսա՝  բոլոր  լավ  մարդիկ  տեղավորվում  են  սրտիս  մեջ,  աշխատեցի  հայրիկիս  այս  հորեղբորն  էլ  տանեմ  սրտիս  մեջ  և   մի  անկյուն  էլ  նրան  հատկացնեմ…բայց…չտեղավորվեց…ինչ  արեցի,  չտեղավորվեց…շատ  խղճացի…բայց  ի՞նչ  անեմ,  չտեղավորվեց,  էլի,  իմ  մեղքը  հո  չի,  իր  մեղքն  է:  Այսինքն՝  ճիշտն  ասած,  երբ  ինքն  էլ  դժվարությամբ,  մի  կերպ  տեղավորվում  էր  սրտիս  մեջ,  փողերի  հսկա  սնդուկը  դուրս  էր  մնում,  նա  էլ  հևիհև  դուրս  էր  վազում  սրտիցս,  որպեսզի  վերցնի  իր  սնդուկը…
Այո…կամաց–կամաց  հասկանում  էի,  թե  մի  փոքրիկ-փոքրիկ  սիրտ  որքա՜ն  կարող  է  մեծ  լինել:  Մի  գիշեր,  երբ  հիշեցի  այն  մեծ  պատերազմի  ծանր  օրերն  ու  գիշերները,  միանգամից  վեր  թռա  ու  ճչացի.  «Սրտիս  մնացած  մասը  կնվիրեմ  բոլոր  նրանց,  ովքեր  կռվեցին  և   կեղտոտ  թշնամուն  մեր  հողից,  մեր  երկրից  ու  մեր  տնից  դուրս  վռնդեցին…»:
…Հիմա  այլևս  իմ  սիրտը  նմանվել  էր  մի  մեծ  քաղաքի,  դպրոց  ուներ,  հիվանդանոց  ուներ,  զորանոց  ուներ,  փողոց,  թաղ,  պողոտա  ուներ  և   դարձյալ  մի  աշխարհի  չափ  դատարկ  տեղ  ուներ…
Ինքս  ինձ  ասացի.  «Այլևս  բավական  է  ընտրություն  անել,  իմ  սիրտը  պատկանում  է  աշխարհի  բոլոր-բոլոր  լավ  մարդկանց՝  աշխարհի  այս  ծայրից  մինչև   մյուս  ծայրը…»:
Դուք  ինքներդ  տեսնում  եք՝  հիմա  միայն  մի  շա՜տ-շա՜տ  փոքրիկ  անկյուն  է  դատարկ  մնացել  սրտիս  մեջ:  Գիտեք՝  այդ  տեղը  ում  համար  եմ  թողել,  այո,  ճիշտ  է,  բոլոր  վատ  մարդկանց,  միայն՝  մի  պայմանով,  որ  հրաժարվեն  վատ  լինելուց  և   վատ  արարքներ  կատարելուց.  երեխաներին  չնեղացնեն,  ծովը  չկեղտոտեն,  կենդանիներին  չսպանեն  և   ոչ  մեկի  նկատմամբ  բռնություն  չգործադրեն…
Վատ  մարդիկ  էլ,  եթե  լավանան,  իրավունք  ունեն,  չէ՞,  իմ  սրտի  մեջ  մի  փոքրիկ  տնակ  ունենալու.  ..չէ՞։
Կարծում  եմ՝  եթե  վատ  մարդիկ  բարիանան  ու  գան,  դարձյալ  իմ  սրտի  մեջ  մի  փոքրիկ  տեղ  կմնա…գուցե  անտառների  համար,  սարերի,  ձկների,  եղնիկների,  փղերի…և   շատ  ուրիշ  բաների  համար…
Իսկապես,  զարմանալի  է,  հայտնի  չէ՝  սա  սի՞րտ  է,  թե՞  ծով:  Այսքան  փոքրիկ  սիրտն,  ախր,  ինչպե՞ս  է,  որ  երբեք  չի  լցվում:
Դե  լավ,  դա  ինձ  չի  վերաբերում:
Երբ  մեծանամ,  գուցե  հասկանամ,  թե  ինչու  է  այդպես,  սակայն  հիմա,  մինչև   այն  պահը,  երբ  դեռ  սրտիս  մեջ  տեղ  կա,  պետք  է  այդ  տեղը  նվիրեմ  լավ  ու  բարի  մարդկանց։
Սիրտը  հենց  դրա  համար  է,  ճիշտ  չէ՞։

Առաջադրանքներ

1. Մեկնաբնե՛ք հետևյալ մտքերը․

  • Այսքան  փոքրիկ  սիրտն,  ախր,  ինչպե՞ս  է,  որ  երբեք  չի  լցվում:
    Կարծում եմ այս հատվածում խոսքը ամենևին էլ սրտի մասին չէ։ Այս հատվածը բարության մասին է, կապ չունի շատ կամ քիչ ունենալը կարևորը առկայությունն է և կիրառելը։
    Երբ  հայրիկիս հորեղբայրը  դժվարությամբ,  մի  կերպ  տեղավորվում  էր  սրտիս  մեջ,  փողերի  հսկա  սնդուկը  դուրս  էր  մնում,  նա  էլ  հևիհև  դուրս  էր  վազում  սրտիցս,  որպեսզի  վերցնի  իր  սնդուկը…
    Հիմա մարդիկ շատ են մտածում նյութական բաների մասին, մոռանալով իրենց մեջ թաքնված սիրո և բարության մասին փողը միշտ հնարավոր է աշխատել և ծախսել, բայց այն ժամանակը, որ անցկացնում ենք մեր սիրելիների հետ դա երբեք գնել չի լինի։
  • Գիտեք՝  այդ  տեղը  ում  համար  եմ  թողել,  այո,  ճիշտ  է,  բոլոր  վատ  մարդկանց,  միայն՝  մի  պայմանով,  որ  հրաժարվեն  վատ  լինելուց:
    Կարծում եմ վատ մարդիկ չկան։ Կան մարդիկ ովքեր չեն կարողանում իրենց բարությունն օգտագործել։ Պետք է սիրել նրանց։
  • Տեսա,  որ  այս  բոլոր  մարդիկ  տեղավորվել  են  սրտիս  ճիշտ  կես  մասի  մեջ,  ճիշտ  կեսի,  թեև   հանգիստ  նստել,  ասում,  խոսում  ու  ծիծաղում  էին,  և   ոչ  մեկը  չէր  բողոքում  տեղի  նեղվածքից:
    Երբ կա ուրախություն էական չէ, գտնվում ես թանկարժեք տանը, թե մի փոքր նկուղում կարևորը այն ուրախությունն է, այն ծիծաղի ձայներնն են որ լսում և զգում ես։
  • Սրտիս  մնացած  մասը  կնվիրեմ  բոլոր  նրանց,  ովքեր  կռվեցին  և   կեղտոտ  թշնամուն  մեր  հողից,  մեր  երկրից  ու  մեր  տնից  դուրս  վռնդեցին…

2. Ո՞ր մտքերն են արտահայտում  ստեղծագործության գաղափարը։ Պատասխանը հիմնավորե՛ք։

  • Սրտում կարող են տեղավորվել բոլոր մարդիկ։
  • Սիրտը տեղավորում է բոլոր բարի մարդկանց։
  • Հարուստ մարդիկ սրտում տեղ չունեն։
  • Սիրտը կարող է տեղավորել նաև վատ մարդկանց։
  • Սրտում կարող է իշխել միայն սերը։
    Այս մտքերը սրտի կամ ինչ որ սենյակի մասին չեն։ Այս մտքերը մարդու ամենակարևոր արժեքների սիրո և բրության մանին են։ Ոչ ոքի չի հեաքրքրում դու ինչքան փող ունեք, բայց այն սերը և էներգիան, որ նրանց տալիս եք փոխում է ամեն ինչ։

Գրականություն․Էրիկ Բերն. Կարմիր գլխարկը մարսեցու տեսանկյունից

Մի անգամ մայրը Կարմիր Գլխարկին ուղարկեց անտառում ապրող տատիկին կարկանդակներ տանելու։ Ճանապարհին աղջիկը գայլի հանդիպեց։ Հարց․ այդ որ մայրը կուղարկեր փոքրիկ աղջկան անտառ, ուր գայլեր են ապրում։ Ինչու՞ նա ինքը չտարավ ուտելիքը, կամ չգնաց աղջկա հետ։ Եթե տատիկն այդքան անօգնական էր, ինչու՞ էր մայրը թողել նրան միայնակ ապրել հեռավոր խրճիթում։ և եթե աղջիկն այնուամենայնիվ պետք է գնար, ինչու՞ մայրը նրան չի արգելում խոսել գայլերի հետ։ Այս պատմությունից կարելի է ենթադրել, որ Կարմիր Գլխարկին ոչ ոք հավանական վտանգի մասին չէր զգուշացրել։

Ոչ մի մայր իրական կյանքում այսքան անհոգ չէր լինի, այդ իսկ պատճառով տպավորություն է ստեղծվում, որ աղջիկը բացարձակ չէր հետաքրքրում նրան կամ որ մայրը ցանկանում էր նրանից ազատվել։

Միևնույն ժամանակ դժվար թե երբևէ գտնվի մեկ այլ այսքան հիմար փոքրիկ աղջիկ։ Ինչպե՞ս կարող էր նա, տեսնելով գայլի աչքերը, ականջները, թաթերն ու ժանիքները, մտածել, որ դիմացն իր տատիկն է։ Ինչու՞ միանգամից չփախչել։ Եվ այդ ի՞նչ փոքրիկ աղջիկ էր, որ հետո օգնում էր գայլի փորը քարերով լցնել։ Համենայն դեպս, ցանկացած լավ աղջիկ գայլի հետ զրուցելուց հետո ծաղիկներ չէր հավաքի և կմտածեր․ «սա հաստատ իմ տատիկին ուզում է ուտել, արագ վազեմ օգնության հետևից»։

Նույնիսկ տատիկն ու որսորդը զերծ չեն կասկածանքներից։ Եթե այս պատմությանը նայենք որպես իրական հերոսներով դրամայի, ապա կնկատենք, թե ինչպիսի կոկիկությամբ են նրանց անհատականությունները միմյանց հետ կապվում։

ա․ մայր, ով հավանաբար ձգտում է ազատվել աղջկանից «դժբախտ պատահարի» միջոցով, որպեսզի պատմության վերջում կարողանա բողոքել․ «միթե ահավոր չէ՞, նույնիսկ անտառ չես կարող գնալ, առանց մտածելու, որ ինչ֊որ մի գայլ․․․»

բ․ գայլ, ով նապաստակներ և այլ կենդանիներ ուտելու փոխարեն միանշանակ իր հնարավորություններից բարձր է ապրում։ Նա կարող էր գուշակել, որ ինքն իր գլխին փորձանք է բերում և որ վերջը վատ է լինելու։ Նա հավանաբար երիտասարդ ժամանակ Նիցշե էր կարդացել (եթե նա կարողանում է խոսել և գլխարկ գործել, ինչու՞ չկարդալ)։ Գայլի կարգախոսն է․ ապրիր վտանգներով լի և մահացիր փառքով։

գ․ տատիկ, ով ապրում է մենակ, սակայն չգիտես ինչու դուռը փակ չի պահում։ Նա հավանաբար ինչ֊որ արկածների հույս ունի, այնպիսի մի բանի, ինչ չէր կարող լինել, եթե նա բարեկամների հետ ապրեր։ Գուցե հենց այդ պատճառով էլ նա չի ցանկանում միասին կամ նրանց հարևանությամբ ապրել։ Տատիկը բավականին երիտասարդ կին է թվում, չէ որ նա այդքան փոքր թոռնուհի ունի։ Իսկ ինչու՞ արկածներ չփնտրել։

դ․ որսորդ, ով, հավանաբար, այն փրկարարներից է, ում դուր է գալիս փոքրիկ աղջիկների հետ միասին պարտված հակառակորդին պատժել։ Մեր դիմաց ակհայտ դեռահասական պատկեր է։

ե․ Կարմիր Գլխարկ․ գայլին հայտնում է, թե որտեղ կարող են նորից հանդիպել, և անգամ նրա ծոցն է մտնում։ Նա բացահայտ խաղեր է խաղում գայլի հետ։ Նրա համար այդ խաղն այս անգամ հաջող ավարտ է ունենում։

Այս հեքիաթում յուրաքանչյուր հերոս ձգտում է գործողության ամեն գնով։ Եթե արդյունքը վերցնենք այնպիսին, ինչպես իրականում է, ապա ընդհանուր առմամբ այս ամենը բանսարկություն է, որի ծուղակն ընկնում է դժբախտ գայլը։ Նրան թողել են երևակայել, որ շատ խորամանկ է և կարող է բոլորին ֆռռացնել։ Եվ այդ դեպքում, հեքիաթը իմաստը գուցե նրանում չէ, որ փոքրիկ աղջիկները պետք է հեռու մնան անտառներից, որտեղ գայլեր են ապրում, այլ այն, որ գուցե գայլերին է պետք հեռու մնալ անմեղ թվացող փոքրիկ աղջնակներից և նրանց տատիկներց։ Կարճ ասած՝ գայլին չի կարելի անտառով մենակ զբոսնել։ Եվ ևս մեկ հետաքրքիր հարց, որ առաջանում է․ ի՞նչ էր անում մայրը աղջկան մի ամբողջ օրով տատիկի տուն ուղարկելով։

Եթե ընթերցողն այս վերլուծությունը ցինիզմ համարի, ապա խորհուրդ կտանք նրան պատկերացնել Կարմիր Գլխարկին իրական կյանքում։ Գլխավոր պատասխանն այս հարցի մեջ է․ ի՞նչ է դառնալու Կարմիր Գլխարկն ապագայում այսպիսի մորով և նման փորձով։

Առաջադրանքներ

1. Լրացրե’ք մտքերն ըստ ստեղծագործության.
Կարմիր գլխարկի մայրը անհոգի էր, որովհետև իր աղջկան ուղարկեց անտառ իմանալով, որ այնտեղ կան գայլեր:
Աղջիկը հիմար էր, որովհետև գիտեր, որ անտառում գայլեր կան, բայց գնաց:
Գայլը երիտասարդ տարիներին Նիցշե է կարդացել, քանի որ, ուզում էր կարդալ իմանալ:
Տատիկը արկածների հույս ուներ, քանի որ իրեն համարում էր երիտասարդ և ինչո՞ւ չփնտրել արկածներ, եթե դեռ ժամանակ կա:
Գայլին պետք է հեռու մնալ աղջիկներից և նրանց տատիկներից, որովհետև ըստ հեղինակի աղջիկներն ու տատիկներն ավելի վտանգավոր են, քանի իրենք:

2. Ո՞րն է պատմվածքի արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք։ Որոնք որ չեք ընտրում, հիմնավորե՛ք՝ ինչո՛ւ չեք ընտրում․
հումորը,
ենթատեքստային արտահայտությունները,
հարցադրումների անսպասելիությունը,
հարցադրումների տրամաբանվածությունը,
հեքիաթի քննարկման նոր մոտեցումը։

Ես ընտրում եմ հարցադրումների անսպասելիությունը, հարցադրումների տրամաբանվածությունը և հեքիաթի քննարկման նոր մոտեցումը: Հարցադրումներն իսկապես անսպասելի էին, քանի որ հեքիաթն կարդալիս մտածում էի, որ սա հումոր է կամ ոչինչ չարտահայտող միտք ունեցող պատմվածք: Հարցադրումների միջոցով հեղինակը բացատրում էր բոլոր վտանգների մասին և թե ի՞նչ աստիճանի վատ մայր ուներ աղջիկը, որ սեփական դստերն ուղարկեց անտառի խորքերը, իր հիվանդ մորը անգամ չէր այցելում…. Հեքիաթի քննարկման նոր մոտեցումն իմ կարծիքով, ավելի շատ վերլուծության իմաստն էր արտահայտում: Ոչ թե հեքիաթն էր վատը, մայրը, աղջիկը, գայլը կամ որևէ այլ մեկը: Էրիկ Բերն ուզում էր ասել, որ հիմա շատ այսպիսի մայրեր կան, ովքեր իրենց երեխաների՝ անգամ ծնողների մասին հոգ չեն տանում և չեն մտածում: Վերլուծության իմաստն այն էր, որ պետք է ամեն ինչ անել Ձեր երեխաների և ծնողների մասին:

Գրականություն․Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ. Նամակ դստերը

Սիրելի  ճուտիկ.  շատ  լավ  է,  որ  դու  քեզ  լիովին  երջանիկ  ես  զգում,  բայց  դու  գիտես  նաև,  որ  ես  առանձնապես  չեմ  հավատում  երջանկությանը:  Դժբախտությանը՝  նույնպես:  Թե  մեկը,  թե  մյուսը  լինում  են  ներկայացումներում,  կինոներում  և  գրքերում,  իսկ  կյանքում  իրականում  դա  գոյություն  չունի:
Ես  հավատում  եմ  այն  բանին,  որ  ապրում  ես  այնպես,  որքան  դրան  արժանի  ես  (քո  տաղանդով  ու  մարդկային  հատկություններով),  իսկ  երբ  չես  անում  այն,  ինչ  պետք  է,  ապա  դրա  համար  հատուցում  ես  կրկնակի…
Եվ  այսպես,  ահա  քո  խենթ  հոր  խորհուրդները:  Ինչի  պետք  է  հասնել.  աշխատիր  համարձակ  լինել,  ողջախոհ,  կարողացիր  լավ  աշխատել  և  ձիու  թամբին  ամուր  մնալ:  Եվ  այսպես  շարունակ:

Ինչ  պետք  է  չանել.  մի  ձգտիր  դուր  գալ  ամենքին:  Անցյալի  մասին  մի  մտածիր,  ապագայի  մասին՝  նույնպես:  Եվ  այն  մասին,  թե  ինչ  կպատահի  քեզ,  երբ  հասունանաս:  Եվ  այն  մասին,  թե  ինչ-որ  մեկը  քեզ  ինչպես  կբնորոշի:  Հաջողությունների  և  անհաջողությունների  մասին՝  նույնպես,  եթե  դրանք  քո  մեղքով  չեն  կատարվում:  Ծնողներիդ  մասին  մի  մտածիր,  տղաների,  քո  հիասթափութունների  մասին՝  ևս:
Ինչի  մասին  պետք  է  մտածել.  Կյանքում  ի՞նչ  ձգտումներ  ունեմ,  ուրիշներից  լավն  եմ,  թե՞  վատը`  ա)  ուսման  մեջ,  բ)  մարդկանց  հասկանալու  և  նրանց  հետ  հաղորդակցվելու  հարցերում,  գ)  սեփական  մարմինը  տիրապետելու  ընդունակության  մեջ:
Սիրում  եմ  քեզ՝  Հայրիկ:

Առաջադրանքներ

1. Դո՛ւրս գրեք այն նախադասությունները, որոնք համապատասխանում են հետևյալ մտքերին․

  • ապրի՛ր ներկայով
    Անցյալի  մասին  մի  մտածիր,  ապագայի  մասին՝  նույնպես:
  • մի՛ մտածիր, թե հետո ինչ կլինի
    Եվ  այն  մասին,  թե  ինչ  կպատահի  քեզ,  երբ  հասունանաս:
  • մի՛ կարևորիր ուրիշի կարծիքը
    Ինչ  պետք  է  չանել.  մի  ձգտիր  դուր  գալ  ամենքին:
  • վախկոտ մի՛ եղիր
    Ինչի  պետք  է  հասնել.  աշխատիր  համարձակ  լինել,  ողջախոհ,  կարողացիր  լավ  աշխատել  և  ձիու  թամբին  ամուր  մնալ:
  • անելիքիդ լո՛ւրջ մոտեցիր։
    Կյանքում  ի՞նչ  ձգտումներ  ունեմ,  ուրիշներից  լավն  եմ,  թե՞  վատը`  ա)  ուսման  մեջ,  բ)  մարդկանց  հասկանալու  և  նրանց  հետ  հաղորդակցվելու  հարցերում,  գ)  սեփական  մարմինը  տիրապետելու  ընդունակության  մեջ:

2. Դո՛ւրս գրեք նախադասություններ, որոնք գրված մտքերին հակասում են․

  • Պետք չէ մտածել՝ ուրիշներից լա՞վն ես, թե՞ վատը։
    Հաջողությունների  և  անհաջողությունների  մասին՝  նույնպես,  եթե  դրանք  քո  մեղքով  չեն  կատարվում:  Ծնողներիդ  մասին  մի  մտածիր,  տղաների,  քո  հիասթափութունների  մասին՝  ևս:
  • Մի՛ կարևորիր, թե ինչպես ես տիրապետում  սեփական մարմնիդ։
    Եվ  այն  մասին,  թե  ինչ-որ  մեկը  քեզ  ինչպես  կբնորոշի:
  • Երջանկությունն ու դժբախտությունն են որոշում քո կյանքի ընթացքը։
    Թե  մեկը,  թե  մյուսը  լինում  են  ներկայացումներում,  կինոներում  և  գրքերում,  իսկ  կյանքում  իրականում  դա  գոյություն  չունի:
  • Կարևոր չէ, թե ինչպես ես հաղորդակցվում մարդկանց հետ։

Գրականություն․ Տոնինո Գուերա. Սերը

Ֆեդերիկո Ֆելլինին մահից երկու օր առաջ ասաց. «Ո՛նց եմ ուզում մի անգամ էլ սիրահարվել»։ Ես ցնցված էի։ Ամենածայրին մարդն ուզում է մի անգամ էլ սեր ապրել, ճախրել երկրի վրա, ենթարկվել նրան, ում ուզում է ենթարկվել, հոգում լսել նվագախմբի երաժշտությունը:

Նա կնոջ մասին չէր ասում։ Ուզում էր ասել՝ սերը կյանքի կախարդական պահերից մեկն է։ Երբ սիրում ես, դադարում ես պարզապես մարդ լինելուց, դառնում ես բույր։ Չես քայլում գետնի վրա, այլ ճախրում ես։ Այ, սիրահարվածության այդ վիճակն էլ հենց կարևորն է կյանքում։ Եվ կարևոր չէ՝ ինչի ես սիրահարված՝ կնոջ, աշխատանքին, աշխարհին թե կյանքին:

Սերը ուրախություն կամ թախիծ չէ, պարգև կամ փորձություն չէ, այլ այդ բոլորը միասին մի ճանապարհորդություն՝ հեքիաթային ու կախարդական մի երկիր, արահետ է դեպի գաղտնիքը, որ պիտի բացահայտես։ Սերը միշտ էլ անցնում է, ամեն ինչ իր վերջն ունի։ Բայց մի վիճակը միշտ լցվում է մյուսի մեջ, և այդ մյուսը կարող է ավելի ուժեղ զգացում լինել, քան սիրահարվածությունն է։

Այսօրվա ամուսնությունները երկարատև չեն, և նախկին սիրահարվածները զրկվում են մեծ բացահայտումից՝ ի՛նչ հրաշալի բան է միասին՝ ձեռք ձեռքի տված գնալ դեպի մահը։ Շատերին թվում է, թե նոր հարաբերությունները ավելի սուր զգացողություններ կբերեն։ Այդպես չէ։ Իտալերեն մի արտահայտություն կա՝ «վոլեր բենե»։ Բառացի դա նշանակում է «լավը ցանկանալ»։ Կա «ամարե»՝ սեր բառը, բայց կա «վոլեր բենեն»։ Դա այն է, երբ մարդուն վերաբերվում ես այնպես, որ նրանից մոտ ուրիշ մեկը չունես։ «Ամարեն» հենվում է ֆիզիկական վայելքի վրա։

Աշխարհում ամենաւժեղ զգացումն այն է, երբ «ամարեն» վերաճում է «վոլեր բենեի»։ «Վոլեր բենե» զգացմունքից ավելի կարևոր բան աշխարհում չկա։ Դա գալիս է միայն միասին ապրած տարիների հետ, որոնք չեն տարել վստահությունը։ Այսպիսի երկար կապի կորուստն ավելի ողբերգական է, քան սիրո, առավել ևս ֆիզիկական վայելքի կորուստը։ «Վոլեր բենեի» կորուստը հենց իսկական, խորը մենակությունն է, բացարձակ դատարկություւնը։ Ես բախտ եմ ունեցել ապրելու «վոլեր բենե»։ Իննսուն տարեկան եմ դառնում, և կողքիս Լորան է՝ կինս, որին գտել եմ Ռուսաստանում ավելի քան երեսուն տարի առաջ։

Ինձ զարմանալի սիրային պատմություններ են հանդիպել։ Ծնվել ու ապրում եմ այնտեղ, ուր կանգնած է Ֆրանչեսկա դա Ռիմինիի ամրոցը, և որտեղ Սանտ Արկանջելոյում եղած ժամանակ ապրում էր Դանթեն։ Ֆրանչեսկան սիրում էր Պաոլոյին, այդտեղ էլ ամուսինն սպանել է սիրահարներին։ Ու քանի որ այս ամենը տեղի է ունեցել իմ տնից տասը քայլի վրա, ինձ համար սիրո ավելի պայծառ ու սրտամոտ պատմություն չկա։

Հսկայական «վոլեր բենե» կար իմ հանճարեղ ընկեր Ֆեդերիկո Ֆելինիի և Ջուլիետա Մազինայի միջև։ Ֆելինիին խնամում էին ամբողջ աշխարհի կանայք, բայց նրա վերջին ժեստը իսկական սիրո օրհներգ էր Ջուլիետային. ըստ էության կաթվածահար՝ նա փախավ կլինիկայից, երբ իմացավ, որ կինը մահանում է Հռոմի հիվանդանոցում։ Նա հաղթահարեց հիսուն կիլոմետր և պառկեց կնոջ կողքին։ Իսկ երբ մեռավ Ֆելինին, վախճանվեց նաև Ջուլիետան։

Առաջադրանքներ

1. Ո՞ր մտքերն են համապատասխանում Տոնիո Գուերայի հուշագրությանը.

  • Ֆեդերիկո Ֆելինին մահից առաջ ուզում էր նորից որևէ կնոջ սիրահարվել:
  • Սերը միշտ էլ անցնում է, ամեն ինչ իր վերջն ունի:
  • Ֆելինին, իմանալով կնոջ հիվանդության մասին, կաթվածահար է լինում և մահանում է:
  • «Վոլեր բենեի» կորուստը հենց իսկական, խորը մենակությունն է, բացարձակ դատարկությունը։
  • Շատերին թվում է, թե նոր հարաբերությունները ավելի սուր զգացողություններ են բերում, բայց դա այդպես չէ։

2. Ըստ հեղինակի՝ո՞րն է տարբերությունը «վոլեր բենե»-ի և «ամարեի» միջև: Բերե’ք հեղինակի բերած օրինակներից մեկը: Դուք համաձա՞յն եք հեղինակի հետ:
«Վոլեր բենե» նշանակում է լավը ցանկանալ, իսկ «ամարե» նշանակում է հենվել ֆիզիկական հմայքի վրա: Ես այդքան էլ <<սեր>> երևույթին չեմ հավատում։

Գրականություն․Խորխե Բուկայ. Ցանկանում եմ

Ցանկանում եմ, որ ինձ լսես՝ առանց դատապարտելու։
Ցանկանում եմ, որ արտահայտվես՝ առանց ինձ խորհուրդ տալու։
Ցանկանում եմ, որ ինձ վստահես՝ առանց ինչ-որ բան պահանջելու։
Ցանկանում եմ, որ ինձ օգնես՝ առանց իմ փոխարեն լուծել փորձելու։
Ցանկանում եմ, որ իմ մասին հոգաս՝ առանց ինձ նվաստացնելու։
Ցանկանում եմ, որ ինձ նայես՝ առանց ինձնից ինչ-որ բան կորզելու։
Ցանկանում եմ, որ ինձ գրկես՝ բայց չխեղդես։
Ցանկանում եմ, որ ինձ ոգեշնչես՝ առանց ստիպելու։
Ցանկանում եմ, որ ինձ աջակցես՝ առանց իմ փոխարեն պատասխանելու։
Ցանկանում եմ, որ ինձ պաշտպանես, բայց չխաբես։
Ցանկանում եմ, որ ինձ մոտիկ լինես, բայց անձնական տարածք թողնես։
Ցանկանում եմ, որ իմանաս իմ բոլոր անդուր գծերը։ Ընդունես և չփորձես դրանք փոխել։
Ցանկանում եմ, որ իմանաս… որ կարող ես ինձ վրա հույս դնել Անսահմանորեն:

Առաջադրանքներ

1. Բացատրե՛ք հետևյալ մտքերը․

  • Ցանկանում եմ, որ ինձ մոտիկ լինես, բայց անձնական տարածք թողնես։
    Կարծում եմ իսկապես մոտիկ լինել նշանակում է հոգեպես աջակցել առանց ավելորդ հարցերի և պատասխանների։ Օգնել առանց ցավեցնելու և պառտադրելու։
  • Ցանկանում եմ, որ իմ մասին հոգաս՝ առանց ինձ նվաստացնելու։
    Մարդու մասին հոգալ և չնվաստացնելը ամենալավ և գովելի հատկանիշներից է մարդու մեջ։
  • Ցանկանում եմ, որ ինձ օգնես՝ առանց իմ փոխարեն լուծել փորձելու։
    Սա լավագույն բանն է և կյանքում և գիտության մեջ։ Կարելի է ասել հաջողության ճանապարհը։
    2. Շարունակե՛ք այս շարքը՝ հարազատ մնալով ոճին և ասելիքին։
  • Ցանկանում եմ, որ իմանաս աշխարհում սեր կա, բայց ավելի շատ ատելություն:
  • Ցանկանում եմ, որ օգնես դիմացինին առանց հետին մտքի:
  • Ցանկանում եմ, որ սիրես առանց խաբկանքի:

Գրականություն․ Կոստատնտին Շերեմետև. Խորության որոնումը

Խելացիները ոչ այնքան մենակություն են փնտրում, որքան խուսափում են հիմարների ստեղծած ունայնությունից։
Արթուր Շոպենհաուեր

Խորությամբ ապրելուն հնարավոր է հասնել միայն այն պահին, երբ դադարեցնում ես ունայնությունը և էլ չես հետևում ուրիշ մարդկանց կյանքին։

Ամեն մարդ իր կյանքի ուղին ունի։ Մի պահ պատկերացրեք, թե հայտնվել եք բոքսի չեմպիոնի հետ նույն ռինգում։ Եվ նա ուրախ նախավարժանք է անում, որ ձեր դեմքը արյունաշաղախ անի։ Հաճելի՞ զգացողություն է։ Բայց չէ՞ որ շատ մարդ կա, որ երազում է նման հանդիպման մասին։

Այն, ինչ մեկի համար սարսափելի է ու մղձավանջ, ուրիշի համար ողջ կյանքի երազանքն է։ Դրա համար հարկ չկա ուրիշներին աչք տալու. ձեր ճանապարհը փնտրեք, ձեր ուղին։ Ի՞նչ շահ կա ուրիշի կյանքը քննարկելուց։ Որքա՛ն ավելի հաճելի է սեփականն ապրելը։ Հիշեք ձեր երազանքներն ու ցանկությունները, ձգտեք դրանց։ Ձեզ թույլ տվեք մի լավ երազել առանց սահմանափակումների։ Չէ՞ որ ձեր բանականության համար սահման չկա։ Այն, ինչ կարող եք մանրամասն պատկերացնել, կարող եք և ստանալ։ Բայց նորից դեպի դատարկ երազանքները փախչելու և կյանքից փախչելու վտանգ կա, դրա համար էլ վերադարձեք կյանքի այն պահը, որտեղ հիմա եք։

Որպես սկիզբ՝ ընկղմվեք մարմնի զգացողության մեջ։ Մարմինը միշտ ապրում է ներկայով և երբեք չի ստում։ Ինչ ձեզ հետ կատարվում է, նստվածք է տալիս ձեր մարմնում։ Մարմնում են վիրավորանքները, վախերը, չիրականացած ցանկությունները, ուրիշների և սեփական արգելքները ձեր նկատմամբ։ Ձեր մարմինը ծալծլված է, և մի հույս ունի. որ տերը կդադարի ուրիշներին հետևելուց ու կվերադառնա սեփական մարմնի մեջ։

Այդ ժամանակ, հնարավոր է, երջանիկ լինի։ Մարմինը ձեզ կնվիրի պահի հրաշալիության բոլոր նույն զգացողությունները, որ դուք ապարդյուն փորձում էիք գտնել ուրիշի կյանքում։

Ամեն նոր զգացողության մեջ սուզվեք, ինչպես շոգին կսուզվեիք ալիքի մեջ։ Թող ձեզ գլխովին ծածկեն զգացողությունները։ Փախչելու տեղ չկա, շտապելու տեղ չկա։ Երբեք չի կարող ԱՅՆՏԵՂ ավելի լավ լինել, քան ԱՅՍՏԵՂ է։

Այն, ինչ ձեր շրջապատում է, հենց ձեր կյանքն է։ Մի՛ փորձեք ձևացնել, թե ձեզ դա էնքան էլ պետք չի։ Հենց ունեցած ամեն ինչ կորցնելու վտանգ է լինում, միանգամից հիշում եք կյանքի արժեքի մասին։ Բայց ի՞նչն է խանգարում ամեն ակնթարթ զգալու պահի արժեքը։

Երջանկություն եք ուզում՝ ավելի խորը ընկղմվեք կյանքի մեջ։

Առաջադրանքներ

1. Լրացրե´ք նախադասությունները՝ հիմնվելով տեքստում արտահայտված մտքերի վրա:
Հնարավոր է երջանիկ լինել, եթե սկսենք ապրել ներկայով և չմտածենք անցյալի կամ ապագայի մասին։ Միևնույն է բան չենք կարող փոխել։ Պետք է մտածել այս պահը երջանկացնելու և ուրախ դարձնելու մասին ոչ թե մտորել հաջորդ օրերի մասին, որ կարող է չգալ։
Խորությամբ ապրելուն հնարավոր է հասնել միայն այն պահին, երբ սկսենք մտածել մեր կյանքը կառուցելու, այլ ոչ թե ուրիշինը փնովելու մասին։ Մեր կյանքը ճանապարհ է հետաքրքիր և իմաստուն փորձություններով հարուստ։ Պետք է գնահատել այն ամենը ինչ մեզ տրվում է այս պահին և երջանկանալ դրանով։
Ավելի հաճելի է սեփական կյանքը, քան ուրիշի երազանգքներով և պատկերացումներով լի կյանքը։

Եթե ձեր մարմինը դադարի ուրիշներին հետևելուց ու վերադառնա սեփական մարմնի մեջ, այն ժամանակ
կսկսվի իրական երջանկության գարծընթացը։ Կսկսեք նկատել և գնահատել այն ամենը ինչ ունեք։ Կսիրենք ձեր շրջակա միջավայրը և վերջապես կհասկանաք, որ ուրիշի <<գեղեցիկ կյանքը>> կարող է հիասթափեցնել։

Գրականություն․ Հերման Հեսսե. Ծառերը

Ծառերն ինձ համար միշտ եղել են ամենահամառ քարոզիչները։ Ես հարգում եմ նրանց, երբ նրանք ամպերի մեջ և ընտանիքում են ապրում, անտառներում, պուրակներում։ Եվ էլ ավելի հարգում եմ ես նրանց, երբ նրանք առանձին են վեր հառնում։ Նրանք նման են միայնակներին։ Ոչ որպես ճգնավորներ, որոնք ինչ-որ ծանրությունից կոտրվել են, այլ ինչպես մեծ, մեկուսացած մարդիկ, ինչպես Բեթհովենը և Նիցշեն։ Նրանց կատարներին սոսափում է աշխարհը, նրանց արմատները հանգստանում են անվերջության մեջ։ Լինելով մենակ՝ նրանք իրենց չեն կորցնում, այլ կյանքի ողջ ուժով ձգտում են միայն մի բանի՝ իրագործել սեփական, իրենց մեջ բնակվող օրենքը, իրենցից ինչ-որ բան ներկայացնել։

Ոչինչ ավելի սրբազան, ոչինչ ավելի օրինակելի չէ, քան գեղեցիկ, հաստաբուն ծառը։ Երբ ծառը կտրված, հատված է լինում և իր մերկ, մահացու վերքը արևին է ցույց տալիս, այդ ժամանակ կարելի է կոճղի և դամբանի լուսավոր հատույթի վրա նրա ամբողջ պատմությունը կարդալ. տարիների օղակների և սերտաճվածության մեջ ճշգրիտ գրված են նրանց ողջ պայքարը, ողջ տառապանքը, ողջ հիվանդությունը, ողջ երջանկությունն ու դառնությունը, նեղ տարիներն ու փարթամ տարիները, դիմադրված հարձակումներն ու հարմար ժամանակի սպասող փոթորիկները։
Եվ յուրաքանչյուր գյուղացի տղա գիտի, որ ամենաամուր և ազնիվ փայտն ամենանեղ օղակներն ունի և որ բարձր լեռների վրա ու հավերժական վտանգի մեջ աճում են ամենաանկոտրում, ամենաեռանդուն և ամենաօրինակելի բներ ունեցող ծառերը։
Ծառերը սրբազան կերտվածքներ են։ Ով նրանց հետ խոսել, ով նրանց լսել գիտի, նա գիտի Ճշմարտությունը։ Նրանք չեն քարոզում ուսմունքներ և բաղադրատոմսեր, նրանք քարոզում են կյանքի պարզունակ, նախասկզբնական օրենքը։
Ծառն ասում է.
-Իմ մեջ է թաքնված կորիզը, կայծը, միտքը, ես կյանք եմ հավերժական կյանքից։
Միանգամյա է այն փորձը և թռիչքը, որ հավերժական Մայրը համարձակվել է շնորհել ինձ, միանգամյա է իմ կերպարանքը և ջղերը իմ մաշկի, միանգամյա է ամենափոքր տերևի խաղը իմ կատարի և ամենափոքր սպին իմ կեղևի։ Իմ ծառայությունն է՝ ձևավորել և ցույց տալ Միանգամյայի մեջ դրոշմված Հավերժականը։

Ծառն ասում է.
-Իմ ուժը հավատն է։ Ես ոչինչ չգիտեմ իմ հայրերի մասին, ես ոչինչ չգիտեմ այն հազարավոր մանուկների մասին, որ ամեն տարի ինձնից են ծնվում։ Ես ապրում եմ մինչև վերջը իմ սերմերի առեղծվածի և այլևս ոչինչ ինձ չի մտահոգում։ Ես հավատում եմ, որ Աստված իմ մեջ է։ Ես հավատում եմ, որ իմ առաջադրանքը սրբազան է։ Այս հավատով եմ ես ապրում։

Երբ մենք վշտացած ենք և այլևս չենք կարողանում հանդուրժել կյանքը, այդ ժամանակ ծառը կարող է մեզ ասել.
-Հանգստացիր, հանգստացիր։ Ինձ նայիր։ Կյանքը հեշտ չէ, կյանքը դժվար չէ։ Դրանք մանկական մտքեր են։ Թող, որ Աստված խոսի քո մեջ, այդպես նրանք բոլորը կլռեն։ Դու վախենում ես, քանի որ քո ճանապարհը տանում է քեզ քո Մորից ու Հայրենիքից։ Բայց յուրաքանչյուր քայլ և օր քեզ ընդառաջ են տանում քո Մորը։ Հայրենիքը այստեղ կամ այնտեղ չէ։ Հայրենիքը քո մեջ է կամ ոչ մի տեղ։

Թափառելու տենչանքը պատռում է իմ սիրտը, երբ ես լսում եմ ծառերին, որ երեկոներին սոսափում են քամուց։ Դուք լուռ ու երկար ականջ եք դնում. այդպես թափառելու ծարավը ցույց է տալիս իր էությունն ու իմաստը։ Դա տառապանքից առաջ հեռու փախչելու ցանկությունը չէ, ինչպես կարող է թվալ։ Այն Հայրենիքի կարոտն է Մոր մասին մտածմունքներից հետո, կյանքի նոր այլաբանությունից հետո…Այն դեպի տուն է ուղղորդում։ Յուրաքանչյուր ճանապարհ դեպի տուն է տանում, յուրաքանչյուր քայլը ծնունդ է, յուրաքանչյուր ծնունդը մահ է, յուրաքանչյուր շիրիմը Մայրն է։
Այսպես է սոսափում ծառը երեկոյան, երբ մենք վախենում ենք մեր սեփական, մանկական մտքերից։ Ծառերը երկար մտքեր ունեն։ Երկարաշունչ և հանգիստ, քանի որ նրանք ավելի երկար կյանք ունեն, քան մենք։ Նրանք ավելի իմաստուն են, քան մենք այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք լսել նրանց։ Բայց երբ մենք սովորենք ծառերին ականջ դնել, այդ ժամանակ մեր մտքերի կարճությունը, մանկականությունն ու արագությունը կստեղծեն հավասարը չունեցող զվարթություն։
Ով սովորի ծառերին ականջ դնել, էլ չի ցանկանա ծառ լինել։ Նա ոչինչ չի ցանկանա լինել, բացի հենց ինքը լինելուց։ Դա է Հայրենիքը։ Դա է Երջանկությունը։

Առաջադրանքներ

1. Բացատրե՛ք հետևյալ հատվածների  փոխաբերական իմաստը․

  • ,, Բարձր լեռների վրա ու հավերժական վտանգի մեջ աճում են ամենաանկոտրում, ամենաեռանդուն և ամենաօրինակելի բներ ունեցող ծառերը,,։
    Այս հատվածում խոսվում է մարդու կյանքի դժվար և վտանգավոր պահերի մասին։ Իմաստն այն է, որ դժվարությունների և վտանգների միջով անցնելը մարդուն միայն և միայն ուժեղ են դարձնում։ Պետք չէ խուսափել դրանցից դրանք ցույց են տալիս հաջողության ճանապարհը։
  • Հայրենիքը այստեղ կամ այնտեղ չէ։ Հայրենիքը քո մեջ է կամ ոչ մի տեղ։
    Կարծում եմ լավագույն միտքն է ։ Հայրենիքը սկսվում է մեզնից։ Հայրենիքը՝ մեր կարգապահությունն է շրջակա միջավայրի և մարդկանց հանդեպ։
  •  Յուրաքանչյուր ճանապարհ դեպի տուն է տանում, յուրաքանչյուր քայլը ծնունդ է, յուրաքանչյուր ծնունդը մահ է, յուրաքանչյուր շիրիմը Մայրն է։
    Այստեղ հեղինակը ուզում է ասել, որ ամեն բանի վերջմի նոր բանի սկիզբ է, և ծնունդ մի նոր ճանապարհի։

2․ Ո՞րն է ըստ ստեղծագործության՝ Երջանկությունը։
Ըստ ստեղծագործության երջանկությունը՝ ապրելը, ստեղծելը, դժվարություններ հաղթահարելը և իմաստություն գտնելու մեջ է։

3 ․ Ներկայացրե՛ք երջանկության Ձեր պատկերացումը։
Երջանկությունն ինձ համար՝ խաղաղ միտք ունենալն է, ամեն ինչի մեջ իմաստությունն գտնելն է, բնության մասին հոգ տանելն է, երբեմն լռելն է, երբեմն էլ խոսելը, մարդկանց ժպիտ պարգևելն է, որոշ աշխարհիկ չափանիշներով չապրելն է։ Այս ցանկը կարող է շատ երկարել, բայց ինձ համար երջանկությունը ՝ գնահատելն է այն ինչ տրվում է ինձ ամեն պահի։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы