Պատմվածքի ասելիքն այն է, որ ամեն մարդ չէ, որ կարող է ծնող լինել։ Ծնող միայն բարկանալով և երեխային հագցնելով չեն լինում։ Ծնող պետք է հոգով լինել։ Եվ ինչպես ներկայացված է պատմվածքում ինչ էլ լինի ինչ ել պատահի պետք չէ երեխային թողնել փողոցում միայնակ այն էլ ձմեռվա բուքին։ Իրականում երեխան, մեղք չուներ որ հայրը այդ օրը տրամադրություն չուներ և բարկացած էր։
Рубрика: Գրականություն
Գրականություն․ Վահագն Դավթյան Քո մասին խորհելիս
Քո մասին խորհելիս
Քո մասին խորհելիս,
Մի խոնավ ձնծաղիկ եմ հիշում,
Գարնան օր եմ հիշում,
Որ քնից արթնացած
Մերկ մանուկ էր ասես…
Ու ձնհալ եմ հիշում,
Ջրերի պղտորված հեկեկանք
Ու լույսի մաքրություն եմ հիշում:
Քո մասին խորհելիս
Իմ սրտի մանկությունն եմ հիշում:
Եվ հետո մատներիս
Բաբախող մաշկի տակ
Պարանոց եմ հիշում,
Խենթացող մի երակ եմ հիշում,
Խենթացող քնքշություն:
Քո մասին խորհելիս
Քնքշանում են մատներս նորից:
Եվ ամառ եմ հիշում,
Ճառագայթ եմ հիշում ու արև
Եվ հիշում եմ հոգևոր մի նվագ,
Որ ասես օրհնություն էր լույսի
Ու օրհնություն հացի…
Այդ իմ սիրտն էր օրհնում
Եվ օրհնում էր նա քեզ,
Քո մարմինն էր օրհնում…
Քո մասին խորհելիս
Ջրերի պղտորված հեկեկանք եմ հիշում…
Վախթանգ Անանյան | Որսորդի դատաստանը
Մարագի ներսից դուռը ծեծեցին։
— Էն ո՞վ ա,– ձայն տվեց պահակ Ակոփը՝ դռանը հրացանի կոթով խփելով։
Ներսից մեկն աղաչական ձայնով խոսում էր գերմաներեն։
— Մի արի տես ի՜նչ ա ասում, գիտնական բալա,— ձայնեց լոռեցի որսկան Ակոփը պահակային ջոկի ամենաերիտասարդ և ամենակրթված մարտիկին՝ Աշոտին։
Աշոտը սովորել էր Լյուքսեմբուրգի (Վրաստան) գերմանական դպրոցում, տեղական գերմանացիների հետ շփում էր ունեցել և գերմաներեն բավական գիտեր։
«Գիտնական բալան» մթնում խարխափելով առաջ եկավ և գերմաներեն ձայն տվեց.
— Ի՞նչ եք ուզում։
Գերմանացին ինչ-որ բան ասաց։
— Ի՞նչ ա ուզում։
— Ասում է՝ թողեք մի րոպեով դուրս գամ, բնական կարիքի համար,— թարգմանեց Աշոտը։
— Ասա ինչ ղալաթ անում ես է՛դտեղ արա,— կտրուկ պատասխանեց Ակոփը։
Տղան թարգմանեց։
Գերմանացին աղաչում էր։
— Ակոփ քեռի, ասում է կողքիս կին կա, անհարմար է, թե աստվածդ կսիրես թույլ տուր դուրս գամ։ Իրոք գերիների հետ մի գերմանացի սանիտարուհի կար։ «Քեռի Ակոփը» մի պահ մտածեց։
— Որ օղլուշաղ կա, դժար ա… պետք ա մի բան անենք։
— Ինչ բան, հո դուրս չենք թողնի։
— Հլա մի ասա, որ դուրս թողնեմ չես փախչի՞։
Աշոտը թարգմանեց։
Գերմանացին աղաչական տոնով, կերկերուն ձայնով ինչոր բաներ ասաց։ Նրա ձայնն այժմ ցածից էր գալիս, ըստ երևույթին չոքել էր։
— Քեռի Ակոփ, ասում է, երդվում եմ մինուճար երեխուս արևով, մորս գերեզմանով, որ դուրս կգնամ ու էլի խելոք կգամ, մարագը կմտնեմ։ Բայց դրա օձի լեզվից չխաբվես, քեռի Ակոփ։
— Խի՞, նա մարդ չի՞ որ,— խոսեց որսկանը։
— Մարդ է, բայց թշնամի է։
Որսկանը մտածմունքի մեջ ընկավ։ Նա տատանվում էր։ Նա դեռ թշնամի չէր տեսել, նա խոր հավատ ուներ մարդու նկատմամբ։ Այդ հավատը մշակվել էր նրա մեջ Լոռու ձորերում, իրենց պապերի ազնվությամբ օժտված պարզասիրտ, բարի որսորդների ու անասնապահների միջավայրում։
— Բա կաթնատու մոր գերեզմանովը սուտ երդում կո՞ւտի,— հանկարծ հարցրեց որսկանը։ Նրա տոնի մեջ նախատինք կար «թերահավատ ջահելների» նկատմամբ։ «Ասենք իմ գյուլլի առաջից ո՞ւր պիտի փախչի»,— մտածեց նա։
Ու դուռը բացեց։
Շեմքում ցցվեց գերմանացու բարակ—երկար կերպարանքը։
— Ասա անմըդ ի՞նչ ա։
Աշոտը թարգմանեց։
— Հանս Հերման։
— Պա՛հ, ադա էդ հո մեր կոլխոզի չոբան Հանեսի անըմն ա։ Հանե՞ս… էդ հո իսկական լոռեցու անուն ա,— պարզասրտորեն ուրախացավ Ակոփը։
— Դե որ ըտենց ա, այ Հանես, գնա էն ծառի տակն ու էլի թեզ ետ արի… համա երդումդ պինդ պահիր, հա՜,…
Աշոտը թարգմանեց։
Գերմանացին գնաց ծառի տակը,— Աշոտը հրացանը մեկնած գնաց նրա հետևից։
— Այտա, ամոթ ա, թող էդ մարդը հալալ իրա բանին կենա,— նախատեց որսորդը։
Աշոտը կանգ առավ։ Նա դժգոհ էր որսկանի ծայր աստիճան միամտության ու բարության համար։
Պահակապետն Աշոտին կանչեց և մի տեղ ուղարկեց։ Որսկանը մնաց մենակ։ Մթնում, ծառի կողմից թմփթմփոց լսվեց։
— Հանես պրծա՜՞ր,— հարցրեց լոռեցին։
Չայն չկա։
— Այտա, Հերմա՜ն։
Ձայն չկա։
«Էդ բալեն մեռածը չլի՞նի ճղեց»,—ահով մտածեց նա և հրացանն առաջ մեկնած գնաց ծառի կողմը։
— Հանե՞ս… այտա, դե պրծի է՞։
Ձայն չկա։
—Հանես հե՜յ,— գոռաց որսկանը լոռեցավարի ու. ինքն էլ սարսափեց իր ձայնից։
Հանեսը ո՞րտեղից…
Որսկան Ակոփին 5 օր բանտ նստեցրին՝ «կալանավորին բաց թողնելու համար»։ ճակատում դա շատ մեծ հանցանք է և շատ ծանր պատիժ է ենթադրում։ Բայց դե զորամասում ո՜վ չէր ճանաչում լոռեցի որսկան Ակոփին, ով չգիտեր նրա միամտությունը։
Տարիքոտ որսորդին այս անգամ զիջեցին ու խրատեցին, որ թշնամու նկատմամբ իր բարեսրտությունը մի կողմ դնի։
—Արա՛, գիտնական բա՛լա, ուրեմն էդ անխիղճը խաբեց էլի՜… ուրեմն մոր գերեզմանովը սուտ երդվեց էլի՜…— զարմացած ասում էր որսկանը հաջորդ օրերին։— Բա էդ անօրենը չէր մտածո՞ւմ, որ ես իրեն պատճառով կկորչեմ… էդ էլ իմ լավությունն ա ՞…
Եվ դառնացած գլուխը տարուբերում էր ու «ծլթծլթացնում»։
— Աշխարքի բաներին մտիկ է՜, տես մարդիկ ինչքան են փչացել…
Խեղճ մարդը դեռ ծանոթ չէր երկոտանի Բորենիների արյունարբու վարքուբարքին։
Զորամասը կռվով աոաջ էր գնում։
Ուկրաինական մի գյուղի մոտ շատ դիակներ կային թափթփված։ Քիչ առաջ այստեղ մեծ կռիվ էր տեղի ունեցել։ Մեկը ձյան մեջ արյուն տալով քարշ էր գալիս դեպի գյուղի ծայրին մեն–մենակ կանգնած տունը ու անծանոթ լեզվով բղավում։
Որսկանը մոտ գնաց։
— Այտա, էս հո Հանեսն ա,— բացականչեց նա զարմացած։
Վիրավորը, մարդուն ճանաչելով՝ սարսափեց։ Հավանաբար մտածեց, որ իր վերջը եկել է։
— Աշոտ հե՜յ, ադա Հանեսին գտել եմ, մի դեսն արի է,— գոռաց որսկանը ետ նայելով։ Աշոտը մի վիրավոր կարմիրբանակայինի վերքն էր փաթաթում և գուցե նույնիսկ չլսեց էլ։
— Լա՜վ ճանկս ընկար, պարոն Հանես, ես հիմի քեզ տիկ կհանեմ,—փնթփնթաց որսորդը հրացանը լցնելով։
Գերմանացին ձեռքերը վեր տարածած պաղատում էր։
— Հը՜, կաշիդ թանգ ա չէ՞… բա, աննամուս, իսկի մտածում էիր, որ քո պատճառով որսկան Ակոփին բերթ են նստեցնելու։ Ես քո էդ սուտ երթում ուտող լեզուդ պետք է քոքահան անեմ։
Ու վրդովված որսորդը սվինը մեկնեց։
Հերմանը հողը լիզում էր ու ինչ-որ բաներ ասում աղաչական ձայնով ու իր թարմ վերքերն էր ցույց տալիս։
«Ասենք, վիրավորին սպանելն էլ մի տղամարդություն չի, օրենքն էլ է արգելում»,— մտածեց Ակոփը և նրա բարկությունն սկսեց հետզհետե իջնել։
«Հիմի արդեն ճանկերիս մեջն է, առաջ անեմ տանեմ»,— մտածեց նա ու հրացանը ետ քաշեց։
— Դե լա՛վ, լավ, ղանչանք մի անիլ, չեմ սատկացնիլ… դուք որ մարդկություն չունեք, գիտեք թե մենք էլ չունե՞նք…
«Յարալու որսը միշտ ջրի վրա է վազում», — հիշեց որսկանն ու ջրամանը դեմ արավ գերմանացուն։
— Ինչ ղալաթ արել ես արել, առ խմիր։
Գերմանացին վախվխելով վերցրեց ջրամանը, գլխին քաշեց ու միանգամից դատարկեց։ Ապա պատյանից դուրս քաշեց ատրճանակն ու մեկնեց թե չէ, որսկանը վրա թռավ, խլեց ձեռքից։
— Նամա՛րդ, էդ ի՞նչ բանի ես,— գոռաց նա։
«Չէ, սա անպայման զինաթափ էր ըլում… Ես էլ ախմախավարի կարծեցի, թե ուզում ա սպանի…»—մտածեց որսկանը։ Մեղմացավ ու իր վիրավոր գերուն օգնելով, առաջ մղելով գնաց դեպի մոտակա կենտ տունը։
«Խի՞, ո՞վ ա տեսել, որ իրան ջուր տվող, իրա սիրտը հովացնող մարդի արինը թափեն… Չէ՛, իմ աչքիս էսպես երևաց… Բա խ՞ի էր գազազած գելի պես մտիկ անում վրես, հ՞ը…»—տարակուսանքով մտածում էր նա ճանապարհին։
Գյուղամիջից դեռ կրակոցներ էին գալիս։ Այս ու այն տեղ պայթում էին արկերը։
Տանից մի ծեր կին դուրս եկավ։
— Այ մեր, մի սրա վերքը կապի, շտաբը տանեմ,— դիմեց կնոջը որսկանը։
Կինն ուսերը տարակուսանքով թոթվեց, ըստ երևույթին Լոռվա բարբառը նրա գիտակցությանը չհասավ։ Բայց գերմանացու վերքը տեսնելով՝ նա ճղճղաց, ձեռքով–ոտքով նշաններ արավ և տան դռները կրնկի վրա բաց անելով՝ ցույց տվեց տան ներսը։ Բնակարանը տակն ու վրա էր արված, ամանեղենը ջարդած, անկողինը, բարձերը գետնին թափթփված,— թալանի թարմ հետքեր։
Լոռեցին հասկացավ։
— Այ մեր, հո սա չի արել, սա ի՞նչ անի… յարալու իսան ա, մի շոր բեր փաթաթի…
Պառավը հետզհետե հանդարտվեց ու հենց նախասենյակում փաթաթեց զինվորի վերքը։
Որսկանը գոհ սրտով դուրս եկավ տնից և դես ու դեն նայեց։ Բաց դաշտի կողմից մի խումբ գերմանացիներ գրոհում էին գյուղի վրա։ Քարե ցանկապատի տակ կարմիրբանակայինները շարված անընդհատ կրակում էին գրոհի եկող խմբերի վրա։ Որսկան Ակոփը պատի տակով կուզեկուզ առաջ վազեց, մի հարմար դիրք բռնեց ու սկսեց կրակել։
Փամփուշտը վերջացավ։ Նա պայուսակից հանեց Լոռուց հիշատակ մնացած միակ «դում — դում» փամփուշտը։ Լոռում նա ուներ այդ փամփուշտից, արջի որսի համար։ Այդ փամփուշտը նրա հուշերը թարմ էր պահում, իր որսորդական քաղցր օրերի հուշերը»։ Հենց դրա համար էլ Լոռուց բերել էր հետը…
Նա փամփուշտը դրեց փողի մեջ ու նշան բռնեց։
«Չէ՛, նամարդություն ա, սրանով մարդի վրա չեն կրակիլ,– մտածեց նա ետ քաշվելով։
Ինչ-որ տեղից մեր գնդացիրները մի ակնթարթում հնձեցին գյուղի վրա գրոհող խմբերին։ Դաշտում կենդանի մարդ չմնաց։
«Յարաբ ի՞նչ էլավ Հանեսը»,— մտածեց որսկանը, դեպի ծանոթ տունը քայլելով։ Գնում էր իր գերուն շտաբը տանի։
Գյուղը կռվով մեր ձեռքն էր անցնում։ Այս ու այնտեղ ծուխ ու բոց երևաց. նահանջող գերմանացիները հրդեհում էին տները։ Ահա բոց է ժայթքում նաև ծանոթ տան պատուհանից։
— Պա՛հ, ես ձեր անօրեն…— ու մի ծանր հիշոց արձակելով՝ որսկանն առաջ վազեց։
Ծանոթ պառավը լեղապատառ դուրս թռավ տնից ու ճչալով դույլը ձեռքին վազեց դեպի ջրհորը։ Մինչ որսկանը բակը կմտներ— կինը ջրով լիքը դույլը ձեռքին վազեց տուն, որ հրդեհը հանգցնի, բայց հանկարծ շեմքում փռվեց։
— Էս ի՞նչ էր, այտա…
Նույն վայրկյանին շեմքում երևաց վիրավոր գերմանացին որևէ տեղից ճանկած մի հրացան ձեռքին։
Որսկան Ակոփի մեջ կարծես մի բան դղրդոցով փուլ եկավ և իր հետ կործանեց, տակով արավ նրա պապենական բարությունը։ Եվ լոռեցի որսկանը, որ իր կյանքում ոչ մի մարդու վատություն չէր արել, պայթուցիկ գնդակավոր փամփուշտը հանեց պայուսակից, տենդագին լցրեց հրացանը ու ահարկու ձայնով որոտաց.
— Նամա ՜րդ…
Եվ նշան բռնելով՝ ձգանը քաշեց։ Գերմանացու գանգի կտորներն օդը թռան…
— Ձեր բոլորիդ «դում–դում» գյուլլով պետք ա սատկացնել… անհոգի, նամարդ օձեր.…— ասում էր որսկանը հատ-հատ, հուզմունքից դողալով։
Գրականություն․ Վախթանգ Անանյան | Որսորդի դատաստանը
Կարդալ՝
Վախթանգ Անանյան <<Որսորդի դատաստանը>>
Պատմվածքում մենք տեսնում ենք, թե ինչքան անշնորհակալ և նենգ կարող է լինել թշնամին։ Ամեն անգամ համոզվում ենք, որ պետք չէ թշնամուն վստահել։ Պտվածքում ներկայացված է մարդու երկու տեսակ՝ նենգ, անշնորհակալ և դաժան, իսկ մյուսը ազնիվ, բարեխիղճ և միամիտ։ Եվ կարդալով պատմվածքը հասկանում ենք, թե ինչքան տարբեր են լինում մարդիկ։
Հերման Հեսսե. «Ծառերը»
Առաջադրանքներ
Ա․Բացատրե՛ք հետևյալ հատվածների փոխաբերական իմաստը․
- ,, Բարձր լեռների վրա ու հավերժական վտանգի մեջ աճում են ամենաանկոտրում, ամենաեռանդուն և ամենաօրինակելի բներ ունեցող ծառերը,,։
Հեղինակը ի նկատի ունի, որ առաջընթացի, զարգացման համար կարևոր է ամուր հիմքը։ - Հայրենիքը այստեղ կամ այնտեղ չէ։ Հայրենիքը քո մեջ է կամ ոչ մի տեղ։
Հայրենասիրությունը արտահայտվում է քո արարքների մեջ։ Նայած, թե դու ինչպես ես վերաբերվում քո շրջապատին ու հայրենակիցներին։ - Յուրաքանչյուր ճանապարհ դեպի տուն է տանում, յուրաքանչյուր քայլը ծնունդ է, յուրաքանչյուր ծնունդը մահ է, յուրաքանչյուր շիրիմը Մայրն է։
Եթե կյանքը մի տեղ ավարտվում է, մեկ այլ տեղ մի նոր կյանք է ծնվում։ Անելանելի ոչինչ չկա միշտ ելք կգտնվի դժվարին իրավիճակներում
Բ․Ո՞րն է ըստ ստեղծագործության՝ Երջանկությունը։
Ով սովորի ծառերին ականջ դնել, էլ չի ցանկանա ծառ լինել։ Նա ոչինչ չի ցանկան լինել, բացի հենց ինքը լինելուց։ Դա է Հայրենիքը։ Դա է Երջանկությունը։
Գ․ Ներկայացրե՛ք երջանկության Ձեր պատկերացումը։
Երջանկությունը պետք չէ փնտրել ինչ-որ տեղում կամ կապել որևէ մեկի հետ, երջանկությունը ամեն պահի մեջ է։ Պետք չէ սպասել, ինչ-որ մեկը երջանկացնի քեզ։ Ամեն մարդ պետք է երջանիկ լինի ինքը իրենով՝ գնահատելով կյանքի ամեն ակնթարթը։
Ազատությունն այն է, երբ
Ազատությունն այն է, երբ ոչինչ պարտավորված չես անել: Աշխարհում մարդկանց, երկրների և կենդանիների հանդեպ շատ անարդարություն և չարիք կա։ Ինձ համար ազատությունն ինչ որ մեկի կառավարման տակ չգտնվելն է։ Ազատություն աշխարհում կտիրի միայն այն ժամանակ, երբ վերացվի պատերազմները, սահմանները և թշնամությունը միմյանց հանդեպ։
Գրականություն․ Վանո Սիրադեղյան «Ոսկի մարդը»
1.Պատմվածքն ինչո՞ւ էր վերնագրված «Ոսկի մարդը»։
Քանի որ պատմվածքը մահացած մարդու մասին է, իսկ մենք գիտենք, որ ննջեցյալի մասին կամ լավն են խոսում կամ ոչինչ, իսկ մեր պատմվածքում ընկերները պատմում էին իրենց լավ հիշողությունները վարոսի մասին, այդ պատճառով էլ պատմվածքը կոչվում է ոսկի մարդը։
2.Ո՞ր հատվածներն են քեզ հուշում, որ տարեցներն իրավիճակին ոչ հարմար պատմություններ են պատմում։
Անհարմար լռությունը լցնելու համար մեկը սկսում է մի միջադեպ պատմել իր ու Վարոսի մանկությունից, ինչ֊որ էշի, էշի պոչից գերան կապելու, զառիթափից էշի գլորվելու մասին պատմություն, բայց սաստող հայացքների տակ անպատեհ պատմությունը ընդհատում է։
3.Առանձնացրո’ւ պատմվածքի ամենից ազդեցիկ հատվածը եւ հիմնավորի’ր։
Կցկտուր բառերը լողում էին մակերեսին, իսկ խորքում ամեն մեկը իր մտքերի հետ էր, իր հիվանդության ու առողջության, իր ապրած կյանքի հետ էր։ Նրանցից ո՞վ կարժանանա գարնան արևկողի բախտին, ձմեռը ո՞ւմ կտանի, Վարոսից հետո հաջորդը ո՞վ է լինելու…
Քանի որ բոլորն էլ արդեն ծեր էին, շատ լավ գիտակցում էին, որ մի օր էլ իրենք են հայտնվելու վարոսի կարգավիճակում։ Բոլորի սրտում վախ կար, բայց նաև հույս, որ հաջորդը հաստատ ինքը չէ։
4.Ո՞ր տողերն են ընթերցողին նախապատրաստում կատարվելիք մոտալուտ ողբերգությանը։
Կողապատի ներկաթափ շրջանակով քառակուսի պատուհանից կանացի մարմանդ լացի ձայն էր գալիս։ Ողբը կցկտուր էր, ամեն ներս մտնողի հետ սաստկանում֊մարում էր և ողբերգական բան չկար մեջը։
5.Պատմվածքից դուրս գրի’ր համեմատություններն ու փոխաբերությունները։
Համեմատություն՝
Ձմռան ճնճուղների նման գերանին շարված, թիկունքները հորիզոնից չբարձրացող ուշ աշնան արևին հարմարեցնելով, ծերերը պատրաստվում էին տեղին ու իրավիճակին վայել զրույցի։
Փոխաբերություն՝
Կցկտուր բառերը լողում էին մակերեսին, իսկ խորքում ամեն մեկը իր մտքերի հետ էր, իր հիվանդության ու առողջության, իր ապրած կյանքի հետ էր։
Փոխաբերություն՝
Նրանցից ո՞վ կարժանանա գարնան արևկողի բախտին, ձմեռը ո՞ւմ կտանի, Վարոսից հետո հաջորդը ո՞վ է լինելու… Քրքրում էին հիշողությունները, քննում տոհմագրությունները, տալիս֊առնում… Այ, այսինչը արդեն հոտաղ էր, իսկ ինքը վարտիքով էր ման գալիս։
Փոխաբերրություն՝
Այնուամենայնիվ, ամենքը մեկին գտնում, իրենից առաջ էր գցում և հաջորդը չլինելու հույսից ուշ աշնան արևը դիպչում էր նրանց թիկունքին։
7. Պատմվածքից առանձնացրո’ւ կազմությամբ բարդ բառերը։
ծաղկալոբին- ծաղիկ ա հոդակապ լոբի
ողբերգական
ցանկապատ
տոհմագրությունն
մարդասիրությո՜ւն,
մեծահոգաթյո՜ւն
պատրաստակամ
դատապարտված
ներկաբծերով
Վանո Սիրադեղյան․ Ոսկի մարդը
Պատմվածքը վերլուծելիս ակամա հիշեցի մեծն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի խոսքերը՝
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։
Պատմվածքն այն մասին էր, որ բոլոր մարդիկ մահկանացուներ են և բոլորն էլ վաղ թե ուշ հեռանում են կյանքից։ Ամեն մարդ հիշվում է իր կատարած գործով՝ և լավ և վատ։
Վիլիամ Սարոյան․ Գեղոցիկ, սպիտակ ձիու ամառը
1.Վ.Սարոյանի «Գեղեցիկ, սպիտակ ձիու ամառը» պատմվածքից դուրս գրի’ր ուղղակիորեն մեջբերված խոսքը եւ դարձրո’ւ անուղղակի:
— Այո,— ասաց նա հայերեն,— ձի է։ Դու երազի մեջ չես։ Շտապիր, եթե ուզում ես ձի հեծնել։
Նա հայերեն ասաց, որ այո, ձի է։ Ես երազի մեջ չեմ։ Շտապեմ, եթե ուզում եմ ձի հեծնել։
— Մուրադ,— ասացի ես,— որտեղի՞ց գողացար այդ ձին։
Ես ասացի մուրադին, թե որտեղից գողացավ այդ ձին։
— Եթե ուզում ես ձի նստել, լուսամուտից դուրս թռիր,— ասաց նա։
Նա ասաց, եթե ուզում եմ ձի նստել, լուսամուտից դուրս թռնեմ։
2.Ինքդ կազմի’ր այդպիսի մի քանի նախադասություն։
-Արագ հավաքեք ձեր իրերը և ազատեք սենյակը,- ասաց տան տիրուհին։
— Այժմ դիմավորենք մեր հյուրին, — ասաց հաղորդավարը։
— Մենք միասին պետք է հաղթահարենք այս դժվարությունը, — ասացի ես։
3.Բնութագրի’ր պատմվածքի գլխավոր հերոսին։
Արամ անունով իննամյա մի տղա։ Երազկոտ, կենդանասեր և բարի։
4.Պատմվածքից առանձնացրո’ւ ամենից տպավորիչ հատվածները։
Հին, լավ օրերից մի օր, երբ ես ինը տարեկան էի և աշխարհը լի էր ամեն տեսակի հրաշալիքներով, իսկ կյանքը դեռևս հաճելի ու խորհրդավոր երազ էր։
Օդը թարմ էր և շնչելն այնպե՜ս հաճելի։ Հրաշալի է, երբ զգում ես ձիու վազքը։
— Ես թքել եմ փողի վրա,— ասաց Խոսրով քեռիս։
Նա վեր կացավ և հպարտ դուրս եկավ մեր տնից՝ դուռը շրխկացնելով։
5.Մի քանի նախադասությամբ գրի’ր մեկ այլ ավարտ, որը քո կարծիքով կհամապատասխանի պատմվածքի բովանդակությանը։
Անցան տարիներ, Արամն մեծացավ։ Գնեց մի սպիտակ փոքր հիվանդ ձի, որին այլևս չէին ցանկանում պահել և վաճառել եին։ Ձին մեծացավ, այնքան գեղեցիկ, այնքան սպիտակ։ Ամեն առավոտ Արամն ձիուն վերցնում և գնում էր ձիավարության։ Գնում իր մանկության փողոցները և հիշում զարմիկ Մուրադի հետ անցկացրած օրերը գեղեցիկ, սպիտակ ձիու հետ։