Գրականություն․ Հովհաննես Թումանյան <<Ժպտուն աչքեր>>

Ժպտուն աչքեր

Դու մի՜ հավատա ժըպտուն աչքերին.
Շատ անգամ նըրանք ծաղիկներ են վառ,
Բուսած կորըստյան անդունդի ծայրին,
Միամիտ մարդկանց քարշելու համար:

Ահա պոետն էլ պատրանքով հարբած՝
Գերվեց մի անգամ ժըպտուն աչքերի,
Ու որքա՛ն տանջվեց, տառապեց խաբված,
Եվ որքա՛ն սըրտում գանգատներ ունի…

Դու շատ մի՜ խաբվիր ժըպտուն աչքերից.
Շատ անգամ նըրանք ծաղիկներ են վառ,
Ծըլում են սըրտի ավերակներից,
Տըխուր հատակը ծածկելու համար:

Ահա պոետն էլ՝ տառապած մի մարդ,
Որ սրտում այնքան գանգատներ ունի,
Բայց հաճախ այնպես ժըպտում է զըվարթ,
Ասես թե քեզնից բախտավոր լինի:
1894

Գրականություն․ Եղիշե Չարենց <<Հայաստանին>>

(ՀԱՅԱՍՏԱՆԻՆ)
Հազար ու մե վերք ես տեսել — էլի՛ կտեսնես,
Հազար խալխի ձեռք ես տեսել — էլի՛ կտեսնես։
Աշնան քաղած արտի նման՝ հազա՜ր զոհերի
Չհավաքած բե՛րք ես տեսել — էլի՛ կտեսնես։
Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման
Հազա՛ր տարվա հերք1 ես տեսել— էլի՛ կտեսնես։
Նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան—
Ինչքա՜ն հանճար, խելք ես տեսել— էլի՛ կտեսնես:
Քո Չարենցին լեզու տվող երկի՛ր Հայաստան,
Հազա*ր ու մե ե՛րգ ես տեսել — էլի՛ կտեսնես։

Պարույր Սևանկ․ Հայոց լեռները․ ձայնագրություն

ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐԸ

Ասում են, թե մի ժամանակ,

Ինչքա՜ն առաջ` ի՞նչ իմանաք,

Եղբայրներ են եղել հսկա մեր լեռները:

         Զարթնել են շուտ,

         Ելել ոտի,

Նա՛խ կապել են իրենց գոտին,

Լվացել են պաղ ամպերում

Իրենց երեսն ու ձեռները,

Հետո՛ միայն «բարի լույս» են իրար ասել

Եվ իրարից «բարի լույս» են սիրով լսել:

         Եվ մի՛շտ այսպես

         Ու ճիշտ այսպես.

Շուտ են զարթնել, ելել ոտի,

Նա՛խ կապել են իրենց գոտին,

Հետո՛ միայն բարև ասել,

                  բարև լսել:

Անց է կենում շա՛տ ժամանակ,

Ինչքա՜ն արդյոք` ի՞նչ իմանաք,

Եղբայրները ծերանում են

Ու մի օր էլ շատ են քնում,

Շատ են քնում — ուշ վեր կենում

Եվ ի՜նչ… հանկարծ մոռանում են

Նախ և առաջ կապել գոտին.

Առանց գոտու ելնում ոտի,

«Բարի լույս» են իրար ասում,

Բայց… իրար ձայն է՜լ չեն լսում:

Եղբայրները քարանում են,

Դառնում լեռներ հազար ու բյուր,

Նրանց աչքի արցունքները`

         Հազար աղբյուր,

Նրանց մեջքի գոտիները`

         Դաշտ ծաղկաբույր…

…Ով ուզում է չքարանա,

Պիտի որ նա չմոռանա

         Զարթնել շատ շուտ,

         Ելնել ոտի,

Մեջքին կապել ամուր գոտի

Այսինքն` միշտ գոտեպնդվել

Ու եղբորը գոտեպնդել…

Գրականություն․ Փոքրիկ Իշխան

Վերլուծել Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանի» հետևյալ հատվածները:

  •  «Ամենահուզիչ բանը այս քնած Փոքրիկ իշխանի մեջ ծաղկի նկատմամբ նրա հավատարմությունն է, այն վարդի կերպարը, որը կանթեղի նման շողում է նրա մեջ նույնիսկ այն ժամանակ, երբ նա քնած է»: Եվ ես հասկացա, որ նա ավելի փխրուն է, քան թվում է: Կանթեղը պետք է պահպանել. քամու պոռթկումից այն կարող է հանգչել:

    Կարծում եմ հեղինակը խոսում է մարդու ամենակարևոր հատկանիշներից մեկի հավատարմության մասին, որը ուներ նաև Փոքրիկ իշխանը։ Կարծում եմ առանց հավատարմության, ոչինչ չի կարղ լինել և նույնիսկ սիրո հիմքում կանգնած է հավատարմությունը։ Իսկ Փոքրիկ իշխանը մարդու հիանալի օրնակ է ։
  • – Մարդիկ ճեպընթաց գնացքներ են նստում, բայց իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են փնտրում, – ասաց Փոքրիկ իշխանը: – Դրա համար էլ նրանք հանգիստ չունեն և մեկ այս, մեկ այն կողմ են նետվում… 
    Այս հատվածում ներկայացված է մարդու անվերջանալի մղջավանջի մասին։ Մարդիկ անընդհատ ձգտում են ավելիին չգնահատելով իրենց ունեցածը։ Իսկ Փոքրիկ իշխանը իր ունեցած մի վարդով այնքան երջանիկ էր։
  • Ես վախենում էի, թե նա կհոգնի:
    – Ջուրը ես ինքս կհանեմ, – ասացի, – քեզ համար դժվար կլինի:
    Ես դանդաղ դուրս քաշեցի դույլը և զգուշորեն դրեցի ջրհորի քարե եզրին: Իմ ականջներում հնչում էր չարխի ճռճռան երգը, դույլի մեջ ջուրը դեռ ծփում էր, և նրա մեջ թրթռում էին արևի շողքերը:
    – Ես ուզում եմ այդ ջրից մի կում անել, – շշնջաց Փոքրիկ իշխանը: – Տուր մի քիչ խմեմ…
    Եվ ես հասկացա, թե նա ինչ էր փնտրում:
    Ես դույլը մոտեցրի նրա շրթունքներին: Նա խմում էր աչքերը փակ: Նրա համար դա ոնց որ ամենագեղեցիկ խնջույքը լիներ: Դա հասարակ ջուր չէր:
    Այդ ջուրը ծնվել էր աստեղրի տակով անցնող երկար ճանապարհից, չարխի ճռճռոցից և իմ ձեռքերի ճիգից: Դա կարծես նվեր էր սրտի համար:

Գրականություն․Հովարդ Լավկրաֆտ․ Ուլտարի կատուները

Կարծում եմ պատմվածքում կատուները մարմնավորում էին թույլ մարդկանց, որոնց ուժեղները ճնշում են։ Պատմվածքի ասելիքն այն է, որ ինչքան էլ մարդը,կենդանին թույլ լինի գալու է ժամանակ և հենց այդ թույլն է պատժելու ուժեղին։

Գրականություն. Գրականագիտական բառարանից 5 տերմին

Ակնարկ— գրական ժանր, վավերագրական գրականության տեսակներից մեկը։

Ակնարկի հեղինակը պատմում է ոչ թե երևակայությամբ ստեղծված հերոսների ու գործողությունների, այլ իրականում գոյություն ունեցող մարդկանց և նրանց հետ կատարվող դեպքերի ու փաստերի մասին։

Աշուղ— կովկասյան ժողովուրդների գրականության մեջ ինքնուս ժողովրդական երգիչ-բանաստեղծ։

Կատակերգություն— թատերական ժանրերից մեկը, որի մեջ երգիծական միջոցներով ծաղրվում են հասարակական կյանքում, մարդկանց կենցաղում, բնավորության մեջ եղած բացասական գծերը։

Դրամա— գրական, դրամատիկական ժանրերից մեկը։

Դրաման պատկերում է կյանքի ավելի սովորական իրադրություններ, մարդկային առօրյա հարաբերություններ։

Էպիգրամ— երգիծական փոքրածավալ բանաստեղծություն, որի մեջ ծաղրվում են որևէ հասարակական երևույթի կամ անձնավորության բացասական գծերը։

Գրականություն․ «Ավելի վատ» Ժակ Պրևեր

«Ավելի վատ» Ժակ Պրևեր

Ցեխոտ շանը թողեք ներս…

Ավելի վատ նրանց համար

ովքեր շուն չեն սիրում

ոչ էլ ցեխ

Ոտքից գլուխ ցեխոտ շանը թողեք ներս…

Ավելի վատ նրանց համար

ովքեր չեն սիրում ցեխ

ովքեր չեն հասկանում

ովքեր չգիտեն շանը

ովքեր չգիտեն ցեխը

շանը թողեք ներս…

որ թափահարում է ցեխը վրայից

ցեխը կարող ես լվանալ

շանը կարող ես լվանալ

և ջուրն էլ կարող ես լվանալ

բայց չես կարող լվանալ նրանց

ովքեր ասում են թե սիրում են շանը

պայմանով միայն…

ցեխոտ շունը մաքուր է

ցեխը մաքուր է

երբեմն ջուրն էլ մաքուր է

նրանք ովքեր ասում են՝ պայմանով միայն…

նրանք մաքուր չեն

բացարձակապես:

  • Այս բանաստեղծությունը վանկակա՞ն, թե՞ սպիտակ բանաստեղծություն է:  (Օգտվիր գրականագիտական բառարանից): Պատասխանդ հիմնավորիր:
    Այս բանաստեղծությունը սպիտակ բանաստեղծություն է։ Սպիտակ բանաստեղծությունը չափածո ստեղծագործություն, որը չունի տողերի համահնչուն վերջավորություններ՝ հանգեր։ Միևնույն ժամանակ, սպիտակ բանաստեղծությունը ունի որոշակի ձայնային կառուցվածք, այսինքն ՝ այն ունի հստակ չափ:
  • Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:

    ցեխը կարող ես լվանալ
    շանը կարող ես լվանալ
    և ջուրն էլ կարող ես լվանալ
    բայց չես կարող լվանալ նրանց
    ովքեր ասում են թե սիրում են շանը
    պայմանով միայն…
  • Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:
    Բանաստեղծության փոխաբերական իմաստն մարդու կեղծ և չար բնավորության մասին է, ով կարող է միայն տեսքի համար չշբվել այլ մարդու հետ կամ վիրավորել նրան։

Գրականություն․«Աշունը գրականության մեջ»

Հովհաննես Թումանյան

ԱՇՈՒՆ

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։

Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տխուր հանդերից ,

Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

1908

ԵՐԵՎԱԹԱՓ

-Ա՜յ փոքրիկներ, ա՜յ սիրուններ,-
Ասավ քամին տերևներին,-
Աշուն եկավ, մոտ է ձմեռ,
Ի՞նչ եք դողում ծառի ծերին:

Ոսկի, դեղին, վառ ծիրանի
Գույներ հագեք խայտաբղետ
Ու ճյուղերից ձեր մայրենի
Եկեք ինձ հետ, փախեք ինձ հետ…

Եկեք տանեմ հեշտ ու անթև,
Անհետ ճամփով, անհայտ տեղեր,
Չեք իմանա այնուհետև…
Էլ ինչ է դող, ինչ ՝ ձմեռ…

Տերևները հենց լսեցին,
Նախշուն-նախշուն գույներ հագան,
Սվսվսալով տխուր երգեր՝
Քամու թևին թռան, փախան:

Համո Սահյան

Տերևները հենց լսեցին,
Նախշուն-նախշուն գույներ հագան,
Սվսվսալով տխուր երգեր՝
Քամու թևին թռան, փախան:


Համո Սահյան

Աշնանամուտի ջրերը բարակ

Աշնանամուտի ջրերը բարակ
Նորից մասուր են բերում սարերից,
Սպիտակ ու պաղ փրփուրների մեջ
Ալ-կարմիր հուր են բերում սարերից:

Առաջին սերս քրքրվեց, մնաց
Մասրենիների փշերի վրա…

Եվ մասուրի հետ ջրերն` առաջին
Սիրո սարսուռ են բերում սարերից:

Աշուն

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշշում,

Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել
Հնար չունի որոտալու,
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:

Աշունը ձորն է մտնում

Աշունը ձորն է մտնում
Ձորերի միջով:

Մաշված, քաշված մի աշուն,
Վիթխարի մի ձոր…

Ճերմակ նախշեր է քաշում
Ցուրտը մի թևից,
Նայում են ու հառաչում
Աշնան ետևից:

Քո ջրերը հստակված,
Սարերը քո չոր,
Քո ամպերը նստակյաց,
Քարերը քոչվոր …

Մի բուռ աշուն բերեք

Մի բուռ աշուն բերեք Մթնաձորից,
Ունջը կերած զանգ է աշունն այնտեղ,
Դեղին պատարագ է այնտեղ նորից,
Հոգեվարքի դեղին մի առասպել:

Մի բուռ աշուն բերեք, մի բուռ աշխարհ-
Աղոթելով ամեն քար ու ճմբին…
Խնկի ծուխ է այնտեղ մշուշն աշնան
Նավասարդյան օրվա հողաթմբին…

Թափուր մի բույն բերեք… չված հավքի
Խառն, անընթեռնելի կտցագրով…
Որ ես ողբամ նորից բախտն իմ Հայքի
Եվ իմ թափուր սրտից մնամ խռով:

Մի բուռ աշուն բերեք Մթնաձորից,
Ամպի կծիկ բերեք, անձրեւի թել:
Դեղին փոթորիկ է այնտեղ նորից,
Հոգեվարքի դեղին մի առասպել:


Վահան Տերյան
«Աշնան»

Նորից անձրև՜, մշո՜ւշ, ա՜մպ, 
Թախի՜ծ անհուն, տխրա՜նք հեզ,
Աշո՛ւն, քեզ ի՛նչ քնքշությամբ, 
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

Քո մշուշը, քո ոսկի 
Տերևները հողմավար, 
Դյութանքը քո մեղմ խոսքի, 
Արցունքները քո գոհար…

Հարազատ են իմ հոգուն, 
Վհատությանն իմ խոնարհ, 
Ե՛վ թփերը դողդոջուն, 
Ե՛վ խոտերը գետնահար…

Եվ քո երգը թախծալի 
Իմ սրտի երգն է կարծես, 
Աշո՛ւն, քաղցր ու բաղձալի, 
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

ՇՇՈՒԿ ՈԻ ՇՐՇՅՈՒՆ

Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն,
— Բարդիներն են բաց պատուհանիս տակ,—
Դու ես, որ դարձյալ թախիծով հիշում,
Կանչում ես նորից կարոտով հստակ։

Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում,
Եվ շշնջում ես, և անուշ շրշում,
Պայծառ տրտմությամբ ինձ ես անրջում
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում։

Ամպերը ճերմակ երամով անցան
Թռչունների պես,— լուսեղե՜ն երազ,—
Դո՛ւ ես, որ դարձյալ ժպտացիր անձայն
Քո հեռու հեռվից, անհայտ ու անհաս։

Ջրերն են անվերջ միգում հեկեկում,
— Իմ սիրտն է լալիս կարոտով անհուն,—
Թվում է, որ դու տխրությամբ անքուն
Ինձ ես որոնում աղոտ աշխարհում։

Եվ ժպտում ես ինձ, ակնարկում քնքուշ
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում,
Եվ շշնջում ես, և շրշում անուշ,
Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы