2025 թվականի մայիսի 20-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամլիրի մի խումբ հետաքրքրված սովորողներ, դասավանդողներ Վարդան Կարապետյանի և Մարինե Բանդիկյանի ուղեկցությամբ, այցելեցին Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետ։ Իրավագիտության ֆակուլտետը Երևանի պետական համալսարանի հնագույն ֆակուլտետներից է։ Միջազգային համալսարանական որակավորման վարկանիշով ՀՀ-ում և տարածաշրջանում առաջատար ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը Հայաստանում իրավաբանական բարձրագույն կրթություն ապահովող, առավել երկար պատմական ուղի անցած, ամենահեղինակավոր և ճանաչված կենտրոնն է: Անցած 90 տարիների ընթացքում ֆակուլտետը տվել է ավելի քան 25000 շրջանավարտ, որոնք աշխատում են օրենսդիր և գործադիր իշխանության, իրավապահ և դատական համակարգերում, միջազգային կառույցներում ու կազմակերպություններում։
Մայր բուհի գլխավոր մասնաշենքում մեզ դիմավորեց ԵՊՀ իրավաբանական կլինիկայի տնօրենի օգնական՝ Սաթեն Գրիգորյանը և ուղեկցեց դեպի ԵՊՀ իրավաբանական կլինիկա։ Որտեղ ծանոթացանք իրավաբանական ֆակուլտետ ընդունվելու կարգին, ուսանողին տրվող հնարավորություններին, ֆակուլտետի բոլոր յոթ ամբիոններին, իրավաբանական կլինիկայի գործունեության հիմնական նպատակներին և այլն։ Այս ամենին հետևեց ուսանողների կողմից պատրաստած «Թմրանյութերը քրեաիրավական պատասխանատվության առարկա» թեմայով սահիկաշարի ներկայացումը։ Ուսանողները պարզ և իրական կյանքից բերված օրինակներով բացատրում էին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում ներառված օրենքները վերաբերող թմրանյութերի ապօրինի իրացմանը։
Ծանոթացանք հետևյալ հոդվածներին՝
Հոդված 393. Վերաբերող թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելուն։
Հոդված 403. Վերաբերող թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) գործածմանը նպաստելը։
Հոդված 408. Վերաբերող դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքերի, օժանդակ նյութերի, բժշկական արտադրատեսակների կամ հետազոտվող դեղագործական արտադրանքների ապօրինի շրջանառությանը։
Այցելությունն ավարտվեց ուսումնական դատական նիստերի դահլիճում։ Շնորհակալություն «Մխիթար Սեբաստացի» կրթահամլիրի դասավանդողներին այս հուշագրավ այցելությունը կազմակերպելու և ԵՊՀ իրավաբանական կլինիկայի տնօրենի օգնական՝ Սաթեն Գրիգորյանին մեզ հյուրընկալելու համար։


