Սույն թվականի մայիսի 19-ին դասավանդողներ Անուշ Ասատրյանի և Գոհար Իսկանդարյանի ուղեկցությամբ այցելեցինք Արարատի մարզի Արարատ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոց։
Այցելության հիմնական նպատակն էր ծանոթանալ դպրոցում գործող բնագիտական լաբորատորիաներին, օգնել կիրառել նոր ստացած սարքավորումները, ինչպես նաև միասին փորձարկել աշակերտների կողմից ստեղծված հետաքրքիր սարքավորումները։ Այցի շրջանակում մենք հնարավորություն ունեցանք նաև ներկայացնել մեր կրթական ծրագրում ներառված հետազոտական աշխատանքները։
Ես՝ 10-րդ դասարանի սովորողս, հանդես եկա խոսույթով, որի ընթացքում ներկայացրի 2024-2025 ուսումնական տարվա ընթացքում կատարած իմ հետազոտական աշխատանքը՝ «Կարեն Դեմիրճյանը հանուն Հայաստանի» խորագրով։ Ելույթս սկսեցի ողջույնով և շարունակեցի ասելով, որ Արարատ գյուղում ապրելը, իսկապես մեծ պատիվ է, քանի որ Արարատ գյուղից է եղել նաև Հայաստանի ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանը։ Այդուհանդերձ խոսեցի հետազոտական աշխատանքի ճիշտ թեմայի կարևորության, իմ ունեցած արդյունքների և թեմայի արդիականության մասին։
Ամփոփելով՝ կարող եմ ասել, որ նման հանդիպումները հիանալի հնարավորություն են՝ կրթական փորձով կիսվելու, նոր ծանոթություններ ձեռք բերելու, և ինչու ոչ՝ նաև ճամփորդելու ու նոր միջավայրեր բացահայտելու համար։
Այցելությունը համարում եմ հուշագրավ։ Հատուկ շնորակալություն նախաձեռնող ուսուցիչներին և Արարատ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցին մեզ հյուրընկալելու համար։

