Մասնակցություն «Իրավունքի հիմունքներ» թեմայով դասախոսության ԵՊՀ-ում․ ամփոփում

2025 թվականի մայիսի 7-ին Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի 221 լսարանում մասնակցեցինք «Իրավունքի հիմունքներ» թեմայով դասախոսության։ Դասախոսությունը վարում էր դոցենտ Ա. Ալեքսանյանը։

Դասախոսության ընթացքում տիկին Ալեքսանյանը խորը և վերլուծական ձևով ներկայացրեց ՀՀ Ընտանեկան օրենսգիրքը՝ ուշադրություն դարձնելով դրա հիմնական դրույթներին և կիրառական նշանակությանը։ Մինչ դասախոսությունը կարծում էի, որ թեման կարող է բարդ և դժվարընկալելի լինել, սակայն տիկին Ալեքսանյանի մատուցման ձևն ու ուսուցման մեթոդները փոխեցին այդ ընկալումը։ Դասախոսը օրենքները ներկայացնում էր ավելի պատկերավոր՝ իրական կյանքից վերցված իրավական իրավիճակների օրինակներով։ Իսկ վերջում հարցուպատասխանով ավարտեցինք քննարկումը։

Ներկայացնում եմ այն օրենքները, որոնց մասին իմանալը կարևոր եմ համարում՝

Գ Լ ՈՒ Խ  6.
Հոդված 24
Ամուսինների իրավահավասարությունն ընտանիքում

1. Ամուսիններից յուրաքանչյուրն ազատ է աշխատանք, զբաղմունք, մասնագիտություն, բնակության վայր ընտրելու հարցում։

2. Մայրության, հայրության, երեխաների դաստիարակության և կրթության, ինչպես նաև ընտանեկան կյանքի այլ հարցեր ամուսինները համատեղ լուծում են՝ ելնելով ամուսինների իրավահավասարության սկզբունքից։

3. Ամուսիններն ընտանիքում պարտավոր են իրենց հարաբերությունները կառուցել փոխադարձ օգնության և հարգանքի վրա, նպաստել ընտանիքի ամրությանը, հոգ տանել իրենց երեխաների բարեկեցության ու զարգացման համար։

Գ Լ ՈՒ Խ  10.
Հոդված 41
Ընտանիքում ապրելու ու դաստիարակվելու երեխայի իրավունքը
2. Յուրաքանչյուր երեխա ունի ընտանիքում ապրելու և դաստիարակվելու, իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու (որքան դա հնարավոր է), նրանց հետ համատեղ ապրելու իրավունք, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է հակասել երեխայի շահերին։

Երեխան ունի նաև իր ծնողներից դաստիարակություն ստանալու, իր շահերի ապահովության, համակողմանի զարգացման, իր մարդկային արժանապատվությունը հարգելու, ինչպես նաև ֆիզիկական, մտավոր, հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունք։

Հոդված 44
Սեփական կարծիքն արտահայտելու երեխայի իրավունքը
1. Երեխան իրավունք ունի իր իրավունքներն ու շահերը շոշափող ցանկացած հարց լուծելիս ունկնդիր լինելու հարցի քննությանը և արտահայտելու սեփական կարծիքը ընտանիքում, դատական և այլ մարմիններում։

1.1. Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում: Երեխայի կարծիքը լսելիս իրավասու մարմինը օրենքով նախատեսված դեպքերում ներգրավում է մանկական հոգեբանի կամ մանկավարժի կամ սոցիալական աշխատողի:

2. Տասը տարին լրացած երեխայի կարծիքը հաշվի առնելը պարտադիր է` կապված խղճի ազատության հետ, որոշակի միջոցառումներին մասնակցելու, արտադպրոցական կրթություն ստանալուց հրաժարվելու, ծնողներից որևէ մեկի հետ ապրելու, հարազատների հետ շփվելու, օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Գ Լ ՈՒ Խ  11.
Հոդված 49
Ծնողների իրավունքների ու պարտականությունների հավասարությունը
1. Ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ (ծնողական իրավունքներ)։

Հոդված 54
Երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացումը

1. Երեխայից առանձին ապրող ծնողը իրավունք ունի երեխայի հետ շփվելու, նրա դաստիարակությանը մասնակցելու, երեխայի կրթություն ստանալու հարցերը լուծելու:

Ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուս ծնողի հետ երեխայի շփմանը, եթե նման շփումը վնաս չի պատճառում երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջությանը, նրա բարոյական զարգացմանը։

2. Ծնողներն իրավունք ունեն գրավոր համաձայնություն կնքելու երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացման մասին։

Եթե ծնողները չեն կարող համաձայնության գալ, ապա նրանց կամ նրանցից մեկի պահանջով խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ վեճը լուծում է դատարանը:

3. Դատարանի վճիռը չարամտորեն չկատարելու դեպքում երեխայից առանձին ապրող ծնողի պահանջով դատարանը կարող է որոշում կայացնել երեխան նրան հանձնելու մասին՝ ելնելով երեխայի շահերից և հաշվի առնելով երեխայի կարծիքը։

Հոդված 56
Պապերի, տատերի, եղբայրների, քույրերի և այլ ազգականների՝ երեխայի հետ շփվելու իրավունքը
1. Երեխայի պապերը, տատերը, եղբայրները, քույրերը և այլ ազգականներն իրավունք ունեն շփվելու երեխայի հետ։

2. Մերձավոր ազգականների հետ երեխային շփվելու հնարավորություն տալուց ծնողների կամ նրանցից մեկի մերժման դեպքում խնամակալության և հոգաբարձության մարմինը կարող է պարտավորեցնել ծնողներին կամ նրանցից մեկին` չխանգարելու այդ շփմանը։

Գ Լ ՈՒ Խ  17.
Հոդված 109

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունը

1. Երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունը ծնողների մահվան, նրանց ծնողական իրավունքներից զրկելու, ծնողական իրավունքները սահմանափակելու, ծնողներին անգործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելու, երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից ծնողների խուսափելու (այդ թվում՝ դաստիարակչական, բժշկական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններից իրենց երեխաներին վերցնելուց ծնողների հրաժարվելու դեպքերում), ինչպես նաև ծնողական խնամքի բացակայության այլ դեպքերում երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունը դրվում է խնամակալության և հոգաբարձության մարմինների վրա։

Խնամակալության և հոգաբարձության մարմինները բացահայտում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, վարում են նման երեխաների հաշվառումը և, ելնելով ծնողական խնամքից զրկվելու որոշակի հանգամանքներից, ընտրում են այդ երեխաների խնամքի և դաստիարակության կազմակերպման ձևերը:

Խնամակալության և հոգաբարձության մարմիններից բացի, իրավաբանական և ֆիզիկական այլ անձանց, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի և դաստիարակության կազմակերպման ուղղությամբ գործունեություն չի թույլատրվում։

2. Խնամակալության և հոգաբարձության մարմինները տեղական ինքնակառավարման մարմիններն են:

Խնամակալության և հոգաբարձության մարմիններին կից ստեղծվում են խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներ, որոնց կազմը հաստատում է համայնքի ղեկավարը:

Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Գ Լ ՈՒ Խ  18
Հոդված 112
Որդեգրման ենթակա երեխաները
1. Որդեգրումը դատական ակտ է, որով որդեգրվողը ձեռք է բերում կենսաբանական կապերին համարժեք ընտանեկան կապեր, որոնց շնորհիվ որդեգրողները և որդեգրվածները ձեռք են բերում ծնողների և զավակների համար օրենքով նախատեսված իրավունքներ և պարտականություններ: Որդեգրումն իրականացվում է` ելնելով Երեխայի լավագույն շահերից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ որդեգրողի և որդեգրվողի համադրելիության չափանիշների գնահատման հիման վրա:

Որդեգրումը համարվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի և դաստիարակության կազմակերպման նախապատվելի ձևը։

3. Չի թույլատրվում եղբայրների ու քույրերի որդեգրումը տարբեր անձանց կողմից, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ որդեգրումը ելնում է երեխաների շահերից։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы