Հայկական պետականության նախարարական շրջանը
Հայկական պետականության նախարարական շրջանը սկսվում է այն ժամանակ, երբ Հայաստանը կորցնում է իր անկախ թագավորությունը 428 թվականին և անցնում է Սասանյան Պարսկաստանի, իսկ երբեմն նաև Բյուզանդիայի տիրապետության տակ։ Սակայն պետականության կորուստը չի նշանակում ազգային ինքնության վերացում, որովհետև նախարարները, այսինքն՝ ազնվական տոհմերը, սկսում են ունենալ ավելի մեծ ազդեցություն երկրի քաղաքական կյանքում։
Նրանք դառնում են երկրի առաջնորդները, բանակի հրամանատարները և հավատքի պահապանները։ Նրանց թվում էին ամենահայտնի տոհմերը՝ Մամիկոնյանները, Բագրատունիները, Սյունիները և ուրիշներ։ Այս շրջանում նահապետական համակարգը դառնում է իշխող, նախարարները ոչ միայն կառավարում էին իրենց տիրույթները, այլ նաև պաշտպանում էին հայրենիքի սահմանները, կազմակերպում էին բանակը և պահպանում էին եկեղեցին։ Չնայած Հայաստանի անկախ պետականության բացակայությանը, նախարարական դասը կարողանում էր պահպանել որոշակի ներքին ինքնուրույնություն, հատկապես կրոնական և մշակութային կյանքում, ինչը դարձավ հայ ժողովրդի ինքնության պահպանման կարևորագույն գրավականը։
Ավարայրի ճակատամարտ
451 թվականին տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտը, որը դարձավ հայ ժողովրդի պատմության ամենահիշարժան իրադարձություններից մեկը։ Երբ Սասանյան իշխանությունը փորձեց ստիպել հայերին հրաժարվել քրիստոնեությունից և ընդունել զրադաշտականություն, հայ ժողովուրդը Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ համախմբվեց և կանգնեց պայքարի։ Նա գիտակցում էր, որ սա պարզապես կրոնական հարց չէր, այլ ազգային ինքնության և գոյության պայքար։ Ավարայրի դաշտում հայ զինվորները կռվեցին քաջությամբ և խիզախությամբ։ Նրանց դեմ դուրս եկած պարսկական բանակը թվով գերազանցում էր, սակայն հայերը կռվում էին հավատքի, հայրենիքի և արժանապատվության համար։ Ճակատամարտը ավարտվեց պարսիկների ռազմական հաղթանակով, սակայն իրական հաղթանակը մնաց հայ ժողովրդին, որովհետև նրանք ապացուցեցին, որ իրենց հավատքը և ազգային ոգին անկոտրում են։ Ավարայրի հերոսությունը դարձավ սերունդների ոգեշնչման աղբյուր և նախապատրաստեց հետագայում Նվարսակի հաշտությունը, որով ճանաչվեց հայերի կրոնական ազատությունը։
Վարդան Մամիկոնյան
Վարդան Մամիկոնյանը Հայաստանի ամենահայտնի զորավարներից և ազգային հերոսներից մեկն է, որը իր անունը հավերժ գրել է մեր ժողովրդի հիշողության մեջ։ Նա ծնվել էր Մամիկոնյանների նշանավոր տոհմում, որը հայտնի էր իր ռազմական և քաղաքական ծառայություններով հայրենիքին։ Վարդանը իր կյանքը նվիրեց հայրենիքի պաշտպանությանը և հատկապես քրիստոնեության պահպանմանը։ Սասանյան Պարսկաստանը փորձեց պարտադրել հայերին հրաժարվել իրենց հավատքից, սակայն Վարդանը այդ պահանջին պատասխանեց ապստամբությամբ։ Նա համախմբեց նախարարներին, ժողովրդին և առաջնորդեց նրանց ազատագրական պայքարի։ Ավարայրի ճակատամարտը դարձավ Վարդանի խիզախության և նվիրումի ամենավառ դրսևորումը։ Նա գիտակցում էր, որ հնարավոր է ռազմական հաղթանակ չհասնել, սակայն նրա համար գլխավորն էր պայքարել արդարության և հավատի համար։ Վարդան Մամիկոնյանը ոչ միայն զինվորական առաջնորդ էր, այլև ազգային և հոգևոր առաջնորդ, որի հիշատակը մինչ օրս մնում է հայ ժողովրդի ինքնության և պայքարի խորհրդանիշը։
Վասակ Սյունի
Վասակ Սյունին մեկ այլ կարևոր կերպար էր այդ պատմական շրջանում։ Նա Սյունիքի իշխանն էր և ի տարբերություն Վարդան Մամիկոնյանի, ընտրեց քաղաքական այլ ուղի։ Նա փորձեց պահպանել Հայաստանի ներքին կայունությունը և Սասանյանների հետ հարաբերությունները կարգավորել խաղաղ ճանապարհով։ Վասակը հավատում էր, որ հարկ է խուսափել բացահայտ պատերազմից, որպեսզի հնարավոր լինի փրկել հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը։ Սակայն նրա քաղաքականությունը մեծ մասամբ ընկալվեց որպես դավաճանություն, քանի որ այն ժամանակ ժողովրդի մեծամասնությունը տեսնում էր միայն պայքարի ճանապարհը։ Վասակ Սյունու ընտրությունը ցույց է տալիս, որ երբեմն պատմության բեմում հերոսությունն ու դավաճանությունը շատ բարակ գծով են բաժանված։ Նա նույնպես իր ձևով փորձում էր ծառայել հայրենիքին, բայց ժամանակի և ժողովրդի ընկալումը նրան դրեց բացասական կողմում։