Սույն թվականի ապրիլի 28-ին <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամլիրի Ավագ դպրոց հետազոտական -վարժարանի ընթերցասրահում կայացավ հանդիպում տարածաշրջանային և անվտանգության քաղաքականության փորձագետ Ռիչարդ Գիրագոսյանի հետ։ Հանդիպման ընթացքում պարոն Գիրագոսյանը վարեց կարճ, սակայն տեղեկատվական հագեցած ինտերակտիվ դասախոսություն <<Հայաստանի նոր հետպատերազմյան ռազմավարությունը>> թեմայով։
Դասախոսությանը հաջորդեց հարցուպատասխանի ձևաչափով քննարկում, որի ընթացքում անդրադարձ կատարվեց մի շարք արդիական ու ռազմավարական հարցերի, մասնավորապես՝
- Հայաստանի անբարենպաստ աշխարհագրական դիրքին՝ շրջապատված լինելով անվստահելի հարևան պետություններով,
- Հայաստանում արագ զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին,
- հարևան պետությունների, հատկապես Իրանի հետ հարաբերություններին,
- 2020 թ. պատերազմի հետևանքներին և Ադրբեջանի կողմից առաջ քաշվող պահանջներին։
Պարոն Գիրագոսյանը համապարփակ ներկայացրեց Հայաստանի նորանոր մարտահրավերներն ու ռազմավարական ուղղությունները՝ անդրադառնալով նաև Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության հնարավոր վերականգնմանը։ Նա շեշտադրեց, որ Հայաստանի համար առաջնային է դարձել փոխզիջումների և զիջումների հիման վրա ձևավորվող դիվանագիտական մոտեցումը, ինչպես նաև անվտանգության ոլորտում գործընկերների շրջանակի ընդլայնումը։
Հատուկ շնորհակալություն հանդիպման կազմակերպիչ՝ Նունե Այդինյանին։

