
Սույն թվականի մարտի 6-ին <<Մխիթար Սեբաստացի>> Հետազոտական վարժարանի ընթերցասրահում կայացավ հանդիպում YereMUN կազմակերպության հիմնադիր նախագահ Վրույր Հլղաթյանի հետ։ Հանդիպմանը ներկա էին վարժարանի սովորողներ, ովքեր հետաքրքրված են քաղաքագիտությամբ, դիվանագիտությամբ, ինչպես նաև հասարակագիտությամբ։ Բացի այդ, ներկա էին նաև ոլորտի մասնագետներ և այլ շահագրգիռ անձինք, ովքեր մեծ հետաքրքրությամբ հետևեցին քննարկմանը։
Հանդիպման շրջանակներում քննարկվեցին մի շարք կարևոր թեմաներ, այդ թվում՝ <<YereMUN կազմակերպության գործունեությունը, ծրագրեր>> և <<Հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունները ներկայիս աշխարհակարգում>>։ Վրույր Հլղաթյանը ներկայացրեց YereMUN-ի առաքելությունն ու գործունեության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով երիտասարդների ներգրավվածության կարևորությունը միջազգային հարաբերությունների ոլորտում։
Ուշադրություն դարձվեց հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերություններին, քննարկվեցին դրանց զարգացման հիմնական ուղիները և արդի մարտահրավերները։ Մասնակիցները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու, ինչը դարձրեց զրույցն առավել արդյունավետ։
Հատուկ շնորհակալություն հանդիպման կազմակերպիչներ Վարդան Կարապետյանին և Դավիթ Մուրադյանին, որոնց նախաձեռնության շնորհիվ այս հանդիպումը կայացավ բարձր մակարդակով։