Լուսանկարում Հանրապետության ղեկավարներն են. խոսափողի մոտ է Հայաստանի կոմկուսի կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը։ (1981թ.)
Սևանա լճի փրկությունը սերտորեն կապված է խորհրդային Հայաստանի երեք ղեկավարների անվան հետ՝ Յու․Ն․Զարոբյան, Ա․Ե․Քոչինյան և Կ․Ս․Դեմիրճյան։ Զարոբյանի ժամանակ որոշում ընդունվեց և սկսվեց Արփա-Սևան թունելի շինարարությունը, Քոչինյանի օրոք շինարարությունը շարունակվեց, Դեմիրճյանի ժամանակ ավարտվեց։ Թունելի շինարարությունը տևեց 15 տարի։
Թունելի միջոցով Արփա և Եղեգիս գետերի ջրերը տեղափոխվում են Սևանա լիճ՝ տարեկան մինչև 250 միլիոն խորանարդ մետր ծավալով։ Այս նախագծի շնորհիվ սկսած 2000 թվականից լճի մակարդակը բարձրացել է մոտ 3 մետրով, ինչը մեծ նշանակություն ունի լճի համար ինչպես բնապահպանական, այնպես էլ տնտեսական տեսանկյունից։
Երբ Դեմիրճյանը դարձավ հանրապետության ղեկավար, շինարարությունը դադարել էր ֆինանսավորման բացակայության և հորատանացման դժվարությունների պատճառով։ 1978թ․ սեպտեմբերին հանրապետության ղեկավարությանը հաջողվեց ստանալ նոր, ավելի լայն համալիր որոշում՝ «Սևանի բնական պաշարների պահպանության և ռացիոնալ օգտագործման միջոցառումների մասին»։
Թունելի շինարարության անհավանական դժվարությունների մասին փաստում է 1986թ․ լեռնաշերտի փլուզումը, որը 9 մարդու կյանք խլեց, արտանետումները, վթարները, մշտական հսկողության անհրաժեշտությունը, նորոգման աշխատանքները․ այս բոլորը հիմնականում օբյեկտիվ, այդպիսի աշխատանքներում անկանխատեսելի բարդությունների հետևանք էին։
48,3կմ երկարությամբ Արփա-Սևան թունելը շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 1981թ. մարտի 21-ին Ծովինար գյուղում։ Թունելի բացման ժամանակ տեղի ունեցած բազմամարդ հանրահավաքում Կարեն Դեմիրճյանն ասաց. «Նրա եզակիությունը ոչ միայն նրա երկարությունն է և այն պայմանները, որոնցում իրականացվել է շինարարությունը։ Երկրի բազմաթիվ գիտահետազոտական, նախագծային և շինարարական կազմակերպությունների օգնությամբ այստեղ փայլուն լուծումներ են ստացել ստորգետնյա շինարարության բարդ խնդիրներ։ Մշակվել և ներդրվել են հորատանցման տեխնոլոգիա ապարի և գազի հանկարծակի արտանետումների պայմաններում, թունելների հարդարման այնպիսի կոնստրուկցիաներ, որոնք ունակ են դիմանալու լեռնային հսկայական ճնշումներին, լուծված է խուլ և երկարաձիգ հորատանցքերի օդափոխման դժվարագույն խնդիրը։ Եվ պետք է ուղղակի ասել, որ այսպիսի վիթխարի կառույց, ինչպիսին մենք այսօր հանձնում ենք շահագործման, դժվար թե կարողանային իրականացնել նույնիսկ բարձր զարգացած շատ երկրներ»։
Ավելի ուշ, երբ պարզ դարձավ, որ միայն Արփա գետը չի կարող ապահովել լճի մակարդակի անհրաժեշտ բարձրացումը, Կարեն Դեմիրճյանի ջանքերով 1981 թվականի ապրիլի 20-ին հաջողվեց ստանալ երկրորդ որոշումը` նախագծելու և կառուցելու 22կմ երկարությամբ ստորգետնյա ջրանցք՝ Որոտան գետի ջրերը անհրաժեշտ քանակով՝ Արփա գետի հունը տեղափոխելու մասին։
Մեր շինարարները
Սևանի մակարդակը օպտիմալ չափով բարձրացնելու, ջրի որակը պահպանելու, լճի սեփական հարստության վերարտադրությունը ապահովելու համար, թունելի շինարարությունից բացի, մշակվել և մեծ մասամբ իրականացվել է համալիր մեծ ծրագիր․
-Կասկադի հիդրոէլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի արտադրությունը սահմանափակել ջրի այն քանակով, որը բաց է թողնվում ոռոգման համար։
— Թունաքիմիկատային պարարտանյութերի օգտագործման սահմանափակում, դրանք փոխարինելով բիոլոգիական պարարտանյութերով, նույնիսկ բերքատվության իջեցման հաշվին։
— 1978թ․ Ազգային պարկի ստեղծում իր արգելանոցներով՝ բնական պաշարների ռացիոնալ օգտագործման և վերարտադրության նպատակով, ինչպես նաև հեռուն գնացող ծրագրերով՝ ֆաունայի և ֆլորայի հազվագյուտ տեսակների պահպանում, հանգստի և տուրիզմի կազմակերպում, պատմական հուշարձանների պահպանում։
— Սևանին օգնելու համար մի շարք ջրամբարների կառուցում՝ Ապարանի ջրամբար, Ազատի ջրամբար, Մարմարիկի ջրամբար։
— Լճի հետագա աղտոտման կանխում արդյունաբերական, գյուղատնտեսական, կենցաղային մնացորդներով, ինչը հսկայական նշանակություն ունի լճի պահպանման համար և ոչ պակաս կարևոր է քան մակարդակի բարձրացումը։
Հսկայական ջանքեր ներդրվեցին ստանալու միութենական որոշում՝ 1988-1990թթ․ մաքրող կոլեկտոր կառուցելու մասին։ Թվարկվածներից բացի ծրագիրն ընդգրկում էր նաև մի շարք այլ օժանդակ միջոցառումներ։ Ազգային պարկի հետ կապված հարցերը մինչև վերջ չհասցվեցին։ Կոյուղու կոլեկտորը հիմնականում կառուցվեց, անկատար էր մնացել միայն շատ փոոքր տեղամաս՝ մոտավորապես 10 կմ, ըստ որում, խողովակներն արդեն բերվել էին, տեղադրվել էին, մնում էր միայն միացնել դրանք և փրկել լիճը աղտոտումից։ Սակայն աշխատանքները չշարունակվեցին։
Այդ անկատարությունների պատճառը քաղաքական իրադրության փոփոխությունն էր և դրա հետ կապված խնդիրները, այդ թվում նաև անտնտեսվարությունը՝ կոլեկտորի խողովակները թալանվեցին։Սովետական կարգերի ժամանակ ծրագրի հիմնական մասը կատարվել էր, որի շնորհիվ լճի մակարդակի իջեցումը դադարել էր և նույնիսկ սկսել էր դանդաղ բարձրանալ։ Դրա համար էլ որոշում կայացվեց և արգելվեց որևէ շինարարություն 6 մետր նշագծից ցածր, քանի որ, ըստ հաշվարկների, հենց այդքան էլ պետք է բարձրանար ջրի մակարդակը 2000 թվականին։