
Փետրվարի 17-ին կրթահամալիրի մի խումբ սովորողներով՝ դասավանդող-կազմակերպիչ Լիլիթ Յախինյանի առաջնորդությամբ, այցելեցինք Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ՝ մասնակցելու բաց դռների օրվան։ Այցի շրջանակում հնարավորություն ունեցանք ավելի մոտիկից ծանոթանալու ֆակուլտետի գործունեությանը, դասավանդվող առարկաներին և ուսանողական միջավայրին։
Այցելությունը մեկնարկեց առավոտյան ժամը 10:00-ին: Սկզբում շրջեցինք ֆակուլտետում՝ ծանոթանալով ուսումնառության պայմաններին, լսարաններին և ֆակուլտետի հիմնական ուղղություններին։ Այնուհետև մասնակցեցինք հոգեբանության և փիլիսոփայության դասախոսություններին, որոնք վարում էին բանիմաց դասախոսները։
Հոգեբանության դասախոսության ընթացքում պրոֆեսոր Հայրապետյանի հետ քննարկեցինք մարդու հիշողության կառուցվածքը՝ անդրադառնալով երկարաժամկետ և կարճաժամկետ հիշողության առանձնահատկություններին, հիշողության որակի վրա ազդող գործոններին։ Դասընթացը հատկապես հետաքրքիր էր, քանի որ հնարավորություն ընձեռվեց ոչ միայն ստանալու նոր գիտելիքներ, այլև քննարկելու առօրյա կյանքում հանդիպող հոգեբանական երևույթներ։
Փիլիսոփայության դասախոսության ընթացքում սահմանեցինք փիլիսոփայության բնույթը՝ որպես մտածողության և ճանաչողության գիտություն։ Թեև թեման յուրաքանչյուրի մոտ տարբեր հետաքրքրություն էր առաջացնում, այն հնարավորություն տվեց հասկանալու փիլիսոփայական մտածողության կարևորությունը և դրա ազդեցությունը մարդու աշխարհայացքի ձևավորման վրա։
Դասախոսություններից հետո ուսանողական խորհրդի անդամների հետ միասին մասնակցեցինք հոգեբանական թեստերի, որոնք նպատակ ունեին բացահայտելու ինքնագնահատականի մակարդակը և անհատականության առանձնահատկությունները։ Թեստերի արդյունքները հետաքրքիր էին, քանի որ հնարավորություն տվեցին ինքնավերլուծության և նոր եզրակացությունների։
Օրվա ընթացքում նաև հանդիպում ունեցանք ֆակուլտետի դեկան՝ Ալեքսան Բաղդասարյանի հետ, որի ընթացքում քննարկեցինք դպրոց-համալսարան համագործակցության հնարավորությունները, ուսումնական գործընթացի առանձնահատկությունները և ֆակուլտետի առաջարկած հնարավորությունները ապագա ուսանողների համար։
Ամփոփելով՝ այցելությունը ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ ոչ միայն տեղեկատվական առումով հագեցած էր, այլև կրթական ու մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից կարևոր փորձառություն էր: Այն հնարավորություն տվեց ավելի խորը պատկերացում կազմելու տվյալ ոլորտների մասին և նոր մոտեցումներով դիտարկելու մասնագիտական ապագայի հեռանկարները։
Հատուկ շնորհակալություն՝ ԵՊՀ ուսանողական խորհրդի անդամներին։