
Այսօր՝ 2025 թվականի հունվարի 17-ին, մեր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետազոտական վարժարանի հետաքրքրված սովորողներից բաղկացած խումբը, դասավանդողներ Վարդան Կարապետյանի և Աշոտ Տիգրանյանի առաջնորդությամբ, այցելեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։
Անմիջապես մուտքից զգացվեց առաքելության կարևորությունն ու պատասխանատվությունը, որ կրում է այս կառույցը։ Մեզ ջերմորեն ընդունեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետն ու աշխատակիցները։ Նրանք կազմակերպեցին բազմաբնույթ և ինտերակտիվ քննարկում, որը ոգեշնչեց ու ներշնչեց մեզ։ Քննարկման թեման էր երեխաների իրավունքների պաշտպանությունը, որի շրջանակում խորապես ծանոթացանք Միավորված ազգերի կազմակերպության՝ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ։
Քննարկման ընթացքում ամեն ինչ զարմանալիորեն հարուստ էր՝ թե՛ թեմաների բազմազանությամբ, թե՛ հարցադրումների խորությամբ։ Աշակերտների հետաքրքրությունը չէր սահմանափակվում միայն լսելով։ Մեզանից յուրաքանչյուրը հնարավորությունը ունեցավ արտահայտելու իր կարծիքը, հղելու հարցեր և ստանալու լիարժեք պատասխաններ։