Աղբյուր՝ Վանո Սիրադեղյան. «Ռոմանտիկներին չեմ սիրում»
Արա Թադեւոսյան
Աստղիկ Իսաբեկյան
«Մաքսիմում», 1994թ. մայիս
— Շարունակեք արտահայտությունը. “Վանո Սիրադեղյանը…»: Ո՞վ է նա` Վանո Սիրադեղյանը:
— Վանո Սիրադեղյանը բարի չէ, բայց չար էլ չէ:
— Ե՞րբ եք գրել Ձեր վերջին գրական ստեղծագործությունը:
— Երբ սկսվեց շարժումը, ես դեռեւս մեկ անավարտ ստեղծագործություն ունեի, որն ավարտել եմ 1988-ի մայիսին` Սումգայիթյան իրադարձություններից հետո, այսինքն` այդ ժամանակ դեռեւս վերջնականապես չէի դուրս եկել գրականությունից:
— Չե՞ք հոգնել ներկայիս ապրելակերպից: Մշտական հեռախոսազանգեր, չնորմավորված աշխատանքային օր, թիկնապահներ…
— Այն ինձ ուղղակի անչափ է հոգնեցրել: Իսկ թիկնապահներն ինձ հարկավոր են, որպեսզի, օրինակ, երբ ես գնում եմ որեւէ տեղ ավտոմեքենայով, նրանք մեքենայի կողքին մնան, որպեսզի մեքենային բան չպատահի, քանի որ, եթե մի բան լինի, առաջին հերթին պետության հեղինակությունը կտուժի: Ուղղակի որպես կայունության գործոն մարդիկ պետք է գիտակցեն, որ ներքին գործերի նախարարն անձեռնմխելի է: Ծիծաղելի դեպքերն էլ ավելի են վարկաբեկում մարդուն:
Փաստացի, ես անձնական կյանք չունեմ: Շաբաթ եւ կիրակի օրերին ես թողնում եմ թիկնապահներին եւ որոշ ժամանակ «փախչում» ավտոմեքենայով: Ճիշտ է, «գաիշնիկները» միեւնույն է «բռնացնում են»…
Վերջերս մեկ շաբաթով Սանկտ-Պետերբուրգ էի մեկնել` մեկ ու կես տարվա ընթացքում առաջին անգամ ինձ թույլ տալով հանգստանալ: Չեք պատկերացնի, թե ինչ հաճույք էր` ուղղակի նստել սրճարանում եւ սուրճ ըմպել` գիտակցելով, որ ոչ ոք քեզ չի ճանաչում եւ չի բղավի. «Վայ, Վանոն»: