Հայոց պատմություն․ Հայերի և Հայաստանի մասին հնագույն գրավոր հիշատակություններ

Պատմություն

    Հայերի ծագման մասին պատմական և առասպելական տեղեկություններ են պահպանվել ոչ միայն հայ մատենագրության էջերում, այլ հունական, եբրայական, վրացական, արաբական և պարսկական գրավոր հուշարձաններում։

    Հայկական ավանդությունը

    Ստեղծվել է դեռևս վաղընջական ժամանակներում և մեզ հասել Մովսես Խորենացու Մովսես Խորենացի գրառմամբ: Ավանդության մեջ որոշակիորեն կարելի է առանձնացնել երկու շերտ: Առաջին` հնագույն շերտը ստեղծվել և գոյություն է ունեցել նախաքրիստոնեական ժամանակներում: Հնավանդ զրույցի համաձայն հայերը սերվել են աստվածազուն Հայկ նահապետից, որն առաջին արարչագործ աստվածների հսկա որդիներից էր: Քրիստոնեական ժամանակաշրջանում հայկական ավանդությունը ենթարկվում է ձևափոխության` հարմարեցվելով Աստվածաշնչի պատկերացումներին, որոնց համաձայն համաշխարհային ջրհեղեղից հետո ողջ մարդկությունը սկզբնավորվեց Նոյի երեք որդիներից՝ Հաբեթ, Քամ և Սեմ: Ըստ ավանդության նորացված, քրիստոնեացված տարբերակի Հայկ նահապետը համարվում է Հաբեթի ժառանգներից Թորգոմ նահապետի որդին. այդտեղից էլ միջնադարյան գրավոր աղբյուրներում Հայաստանին տրված <<Թորգոմա տուն>> և հայերին տրված <<Թորգոմյան ազգ>> անվանումները: Ավանդությունը պատմում է, որ Հայկն իր տոհմով պատերազմել է Միջագետքի բռնակալ Բելի դեմ, հաղթել նրան, և ի նշանավորումն դրա այդ օրվանից հայերը սկսել են հաշվել Բուն Հայոց թվականը: Հայկական ավանդության համաձայն Հայկ նահապետի անունով մեր ժողովուրդը կոչվեց <<հայ>> և երկիրը` <<Հայաստան>>, իսկ նրա ժառանգներից Արամ նահապետի անունից առաջացան Հայաստանի <<Արմենիա>> և հայերի <<արմեն>> անվանումները: Ըստ նույն ավանդության Հայկի ու հայկազուն նահապետների անուններով կոչվեցին Հայկական լեռնաշխարհի բազմաթիվ տեղանուններ (Հայկից` Հայկաշեն, Արամանյակից` Արագած լեռ և Արագածոտն գավառ, Արամայիսից` Արմավիր, Երաստից` Երասխ (Արաքս), Շարայից` Շիրակ, Ամասիայից` Մասիս, Գեղամից` Գեղարքունիք և Գեղարքունյաց ծով, Սիսակից` Սիսական (Սյունիք), Արա Գեղեցիկից` Այրարատ և այլն)։

    Հունական ավանդությունը

    Հայերի ծագման հունական զրույցը կապվում է Հին Հունաստանում սիրված ու տարածված մի վիպաշարի` արգոնավորդների մասին ավանդության հետ: Վերջինիս համաձայն հայերի նախահայրը և Հայաստանի անվանադիրը Արմենոս Թեսալացին էր, որը մասնակցել է Ոսկե գեղմի համար կատարված նավարկությանը, հաստատվել Հայաստանում, որն էլ նրա անվամբ կոչվել է <<Արմենիա>>: Ավանդությունը հաղորդում է, որ նրա նախնական բնակավայրը եղել է Թեսալիայի Արմենիոն քաղաքը: Ավանդությունն առավել հանգամանորեն պատմում է Ք.ա. I դարի հույն մատենագիր Ստրաբոնը. նա հաղորդում է, թե իր տեղեկությունների սկզբնաղբյուրները Ալեքսանդր Մակեդոնացու զորավարների պատմություններն են։

    Հայերի արևմտյան ծագման մասին կցկտուր տեղեկություններ են պահպանվել հույն հեղինակներ Հերոդոտոսի, Եվդոքսոսի և այլոց երկերում: Այդ տեղեկություններում բերված փաստարկները վերաբերում են փռյուգիացի և հայ զինվորների նման հագնված լինելուն և հայերենում փռյուգերեն շատ բառերի առկայությանը: Դրանցով, իհարկե, չի կարող բացատրվել մի ժողովրդի` մյուսից ծագած լինելը. փռյուգիացիներն ու հայերը ազգակից են, և նրանց լեզուներում նույն բառերի առկայությունը, առավել ևս զինվորների միանման հագուստ կրելը պետք է օրինաչափ համարել:

    Վրացական ավանդությունը

    Վրացական ավանդությունը ստեղծվել է հայկականի ազդեցությամբ և գրի է առնվել IX- XI դարերի վրաց հեղինակների կողմից։ Ըստ վրացական ավանդության Թարգամոսի (Թորգոմի) ութ որդիներից առաջացան մի շարք ժողովուրդներ. ավագ որդի Հայոսից` հայերը, Քարթլոսից` վրացիները, մյուս որդիներից` կովկասյան մի շարք ժողովուրդներ: Դատելով հատուկ անունների վերջավորություններից` այս ավանդությունն ունեցել է հունական ինչ-որ սկզբնաղբյուր ևս, որը մեզ չի հասել: Այն որոշակիորեն կրում է կնիքն իր ստեղծման ժամանակաշրջանի քաղաքական իրավիճակի, երբ հայոց Բագրատունի արքաների ազդեցությունը տարածված էր այսրկովկասյան երկրներում: Դրանով էլ պետք է բացատրել ութ եղբայրներից Հայոսի ավագագույնը լինելու հանգամանքը

    Արաբական ավանդությունը

    Արաբական ավանդությունը ևս հայերի ծագումը կապում է ջրհեղեղից հետո ազգերի` Նոյի որդիներից առաջացած լինելու պատկերացման հետ: Առավել հանգամանորեն այն շարադրված է XII-XIII դարերի արաբ մատենագիրներ Յակուտիի և Դիմաշկիի երկերում: Ըստ այդ ավանդության Նոյի որդի Յաֆիսից (Հաբեթ) ծնվեց Ավմարը, ապա նրա թոռ Լանթան (Թորգոմ), որի որդին էր Արմինին (հայերի նախնին) և որի եղբոր որդիներից սերում են աղվաններն ու վրացիները: Այս ավանդությունը ազգակից է համարում հայերին, հույներին, սլավոններին, ֆրանկներին և իրանական ցեղերին. հետաքրքիր է, որ այն պահպանել է ազգակից հնդեվրոպական ժողովուրդների միասնության շրջանից եկող հիշողությունը:

    Եբրայական

    Հին եբրայական ավանդազրույցը գրի է առնվել Հովսեպոս Փլավիոսի (Ք․ա․ I-Ք․հ․ I դարեր) կողմից «Հրեական հնախոսություն» գրքի էջերում, ըստ որի՝ «Ուրոսը հաստատեց Հայաստանը»։ Այս տեղեկության վերաբերյալ կա տարակարծություն։ Հնարավոր է, որ խոսքը վերաբերում է Հայկի սերունդներից Արա Գեղեցիկին։ Ըստ մեկ այլ վարկածի՝ խոսքը վերաբերում է Վանի թագավորության արքա Ռուսային, քանի որ նա հայտնի է որպես «Ռուսա Էրիմենայի որդի», և նրա անունը հիշատակվում է նաև «Ուրսա» տարբերակով։

    Оставьте комментарий

    Создайте подобный сайт на WordPress.com
    Начало работы