Առաջին` հնագույն շերտը ստեղծվել և գոյություն է ունեցել նախաքրիստոնեական ժամանակներում: Հնավանդ զրույցի համաձայն՝ հայերը սերվել են աստվածազուն Հայկ նահապետից, որն առաջին արարչագործ աստվածների հսկա որդիներից էր:
Ահա թե ինչպես է ներկայացվում հայոց նախնու ծագումը Մովսես Խորենացին. «Աստվածներից առաջիններն ահեղ էին և երևելի, և աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի ու բազմամարդության սկիզբ: Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդը Սրանցից մեկն էր և Հապետոսթյան Հայկը»:
Քրիստոնեական ժամանակաշրջանում հայկական ավանդությունը ենթարկվում է ձևափոխության` հարմարեցվելով Աստվածաշնչի պատկերացումներին, որոնց համաձայն համաշխարհային ջրհեղեղից հետո ողջ մարդկությունը սկզբնավորվեց Նոյի երեք որդիներից (Հաբեթ, Քամ և Սեմ):
Ըստ ավանդության նորացված, քրիստոնեացված տարբերակի՝ Հայկ նահապետը համարվում է Հաբեթի ժառանգներից Թորգոմ նահապետի որդին, այդտեղից էլ միջնադարյան գրավոր աղբյուրներում Հայաստանին տրված «Թորգոմա տուն» և հայերին տրված «Թորգոմյան ազգ» անվանումները:
Ավանդությունը պատմում է, որ Հայկն իր տոհմով պատերազմել է Միջագետքի բռնակալ Բելի դեմ, հաղթել նրան, և ի նշանավորումն դրա՝ այդ օրվանից հայերը սկսել են հաշվել Բուն Հայոց թվականը (ըստ ականավոր հայագետ Ղևոնդ Ալիշանի հաշվարկի` Բուն Հայոց թվականի սկզբնավորումը տեղի է ունեցել Ք.ա. 2492 թ. օգոստոսի 11-ին):
Հայկական ավանդության համաձայն Հայկ նահապետի անունով մեր ժողովուրդը կոչվեց «հայ» և երկիրը` «Հայաստան», իսկ նրա ժառանգներից Արամ նահապետի անունից առաջացան Հայաստանի «Արմենիա» և հայերի «արմեն» անվանումները:
Ըստ նույն ավանդության՝ Հայկի ու հայկազուն նահապետների անուններով կոչվեցին Հայկական լեռնաշխարհի բազմաթիվ տեղանուններ (Հայկից` Հայկաշեն, Արամանյակից` Արագած լեռ և Արագածոտն գավառ, Արամայիսից` Արմավիր, Երաստից` Երասխ (Արաքս), Շարայից` Շիրակ, Ամասիայից` Մասիս, Գեղամից` Գեղարքունիք և Գեղարքունյաց ծով, Սիսակից` Սիսական (Սյունիք), Արա Գեղեցիկից` Այրարատ և այլն):