1941թ. հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիան, խախտելով 1939թ. կնքված միմյանց վրա չհարձակվելու մասին պայմանագիրը, հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա։ Սկսվեց խորհրդային ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմը։ Գերմանիան
վաղուց նախապատրաստվել էր պատերազմին և ստեղծել հզոր բանակ։
Դեռևս 1939թ., սկսելով Երկրորդ համաշխարհային պատերազմը, հիտլերյան
Գերմանիան հասցրել էր նվաճել գրեթե ամբողջ Եվրոպան։ Շարունակում էր
պատերազմը Անգլիայի դեմ, ձգտում էր հասնել համաշխարհային
տիրապետության։ Ծրագրել էր ԽՍՀՄ-ի նկատմամբ վարել կայծակնային
պատերազմ, այսինքն՝ այն ավարտել սեղմ ժամկետում, վերացնելով նրան
որպես պետություն։
Գերմանիայի հարձակումը տեղի ունեցավ առանց հայտարարության,
բայց ոչ հանկարծակի, քանի որ ԽՍՀՄ ղեկավարությունը տեղեկացվել էր
Գերմանիայի հնարավոր հարձակման մասին։ Սակայն պատերազմը սկսվելու
պահին ԽՍՀՄ-ը պատրաստ չէր թշնամուն հակահարված տալու և նրան
երկրի սահմաններում կանգնեցնելու։ Այդուհանդերձ անհրաժեշտ է նշել Ի.
Ստալինի դրական դերը Հայրենական պատերազմում։ Նա էր գլխավորում
խորհրդային պետությունը երկրի պատմության ծանր ու պատասխանատու
ժամանակաշրջանում։ Ի. Ստալինը ԽՍՀՄ պաշտպանության ժողովրդական
կոմիսարն էր, զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարը: Նրա
ձեռքում կենտրոնացվել էր ահեղ թշնամու դեմ հաղթանակի կազմակերպման
ամբողջ գործը։
Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 600 հազար հայ, որոնցից 300 հազարը եղել է Խորհրդային Հայաստանից, իսկ մնացած 200 հազարը` Խորհրդային Միության այլ հանրապետություններից: Սա իրոք պատկառելի թիվ է, եթե հաշվի առնենք, որ 1939թ. տվյալներով հայերի թիվը ողջ ԽՍՀՄ-ում մոտ 2 մլն էր, այսինքն` հայերի 25 տոկոսը մարտնչում էր: Բացի նրանցից` 100 հազար հայ էլ մարտնչում էր հակահիտլերյան կոալիցիայի երկրների զորքերի կազմում: 200 հազար հայ ընկել է ռազմի դաշտում: Շուրջ 70 հազար հայ պարգևատրվել է մարտական շքանշաններով ու մեդալներով: Խորհրդային Միության հերոսի բարձր կոչմանն է արժանացել 103 հայ` գրավելով 6-րդ տեղը ռուսներից, ուկրաինացիներից, բելառուսներից, թաթարներից և հրեաներից հետո: 27 հայ զինվորական դարձել է փառքի շքանշանի լրիվ ասպետ, ինչը հավասարեցվում է Հերոսի կոչմանը: Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմին տվել է նաև 64 գեներալ, 5 մարշալ, որոնցից մեկն ավիացիայի մարշալ, մեկը ծովակալ: Պատերազմից հետո գեներալի կոչում է ստացել մարտական գործողությունների մասնակից ևս 83 հայ սպա: Գեներալների և ռազմաօդային ուժերի, զրահատանկային և հրետանային զորքերի սպաների քանակով հայերը 4-րդն են ռուսներից, ուկրաինացիներից և բելառուսներից հետո: