Հայկական հարցը Փարիզի վեհաժողովում

Առաջին աշխարհամարտի արդյունքներն ամփոփելու նպատակով 1919թ. հունվարի 18-ին Փարիզում սկսվեց խաղաղության խորհրդաժողովը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և արևմտահայերեն առանձին պատվիրակություններ ուղարկեցին Փարիզ։ Առաջինը գլխավորում էր Ավետիս Ահարոնյանը, իսկ արևմտահայերի Հայոց ազգային պատվիրակությունը` Պողոս Նուբար փաշան։

Հայկական երկու պատվիրակությունները 1919թ. փետրվարի 12-ին Փարիզում ստորագրեցին հայկական պահանջների համատեղ հուշագիր։ Դրանով պահանջվում էր ճանաչել Միացյալ Հայկական անկախ պետությունը, որը ներառելու էր Արևմտյան Հայաստանի յոթ նահանգները, Կիլիկիայի չորս գավառները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունը` ընդլայնված սահմաններով։ Առաջարկվում էր առնվազն 20 տարով դաշնակից պետություններից մեկին տալ Հայաստանի հովանավորության մանդատ (հանձնագիր)։ Պահանջվում էր նաև պատժի ենթարկել հայկական ջարդերի կազմակերպիչներին, պարտավորեցնել Թուրքիային հատուցելու հայերի կրած վնասները։

Փարիզի խորհրդաժողովում և միջազգային ասպարեզում միասնաբար հանդես գալու անհրաժեշտությունը հրամայական էր դարձնում Միացյալ Հայաստանի հռչակումը։ Դրան էին ձգտում թե՛ արևմտահայությունը, թե՛ արևելահայությունը։

1919թ. փետրվարին Երևանում գումարված արևմտահայերի 2-րդ համագումարը բանաձև էր ընդունել Միացյալ և ազատ Հայաստան հռչակելու մասին։ «Ամբողջական Հայաստանի անկախության» մասին հայտարարություն ընդունվեց նաև Պողոս Նուբարի նախաձեռնությամբ 1919թ. փետրվար-ապրիլին Փարիզում կայացած Հայոց ազգային համագումարում։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы