Հայոց պատմություն․ՀՀ հռչակումը: Բաթումի պայմանագիրը

1918 թ. մայիսի 26-ին լուծարվեց Անդրկովկասյան պառլամենտը և դրանով կազմալուծվեց Անդրկովկասյան Հանրապետությունը: Այդ նույն օրը Վրաստանը հռչակեց իր անկախությունը, հաջորդ օրը կովկասյան թաթարները հռչակեցին Արևելակովկասյան անկախ պետությունը, որը կոչվեց Ադրբեջան, իսկ մայիսի 28-ին Թիֆլիսում գործող Հայոց Ազգային կենտրոնական խորհուրդը բուռն քննարկումներից հետո որոշում կայացրեց հայտարարություն անելու Հայաստանի անկախության մասին: Հայտարարության տեքստը ընդունվեց մայիսի 30-ին: Նրանում մասնավորապես ասվում էր <<Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծարումով Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ ՝ Հայոց Ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանությունը>>: Հայաստանի անկախության օր համարվեց մայիսի 28-ը, քանի որ հենց այդ օրը հանձնարարվեց հայկական պատվիրականությանը մեկնել Բաթում ՝ անկախ Հայաստանի անունից թուրքերի հետ կնքելու հաշտության պայմանագիրը: Եղեռն ապրած հայ ժողովուրդը թշնամու մահաբեր սպառնալիքի պայմաններում ուժ գտավ իր մեջ և վերականգնեց հայոց անկախ պետականությունը: Հայաստանի անկախության համար հայ ժողովուրդը պարտական էր ազատագրական իր տևական պայքարին, հատկապես 1918թ. մայիսյան հերոսամարտերում կրած հաղթանակներին:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы