Օգտվելով նպաստավոր հանգամանքից՝ 1918 թվականի մայիսի 15-ին թուրքական զորքերը հանկարծակի հարձակումով գրավեցին Ալեքսանդրապոլը (Գյումրին) և առաջ շարժվեցին երկու հիմնական ուղղություններով։ Թուրքական զորքերի մի խմբավորում Ալեքսանդրապոլից շարժվեց դեպի Արարատյան դաշտ՝ Երևանը և Էջմիածինը գրավելու, իսկ մյուսը՝ Ղարաքիլիսա (Վանաձոր): Հայ ժողովրդի գլխին նորից կախվեց ֆիզիկական բնաջնջման վտանգը։
Արարատյան դաշտ ներխուժած թուրք ասկյարները (զինվորները) մայիսի 21-ին գրավեցին Սարդարապատ (Արմավիր) գյուղն ու կայարանը։ Հայ ժողովուրդը ազգային-ազատագրական պայքարի ելավ, ուր վճռվելու էր նրա լինել-չլինելու հարցը։
Մայիսի 22-ի վաղ առավոտյան եկեղեցու զանգերի ղողանջների ներքո սկսվեց Սարդարապատի պատմական ճակատամարտը։ Սարդարապատի զորաջոկատը, որի հրամանատարը գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանն էր: Հայկական զինուժին հաջողվեց հետ վերցնել Սարդարապատը։ Թուրքերը, մեծ կորուստներ տալով, խուճապահար նահանջեցին մինչև Արաքս կայարանի մոտակա բարձունքները։ Իսկ մի քանի օր տևած համառ ու ծանր մարտերից հետո թուրքական 15-հազարանոց զորքը ջախջախվեց և նահանջեց դեպի Գյումրի։
Այդ հաղթանակը բարձրացրեց զորքի և ժողովրդի տրամադրությունը։ Հարկ է նշել, որ հայրենիքի և Երևանի պաշտպանության համար ոտքի ելավ Երևանի ու Արարատյան դաշտի ողջ հայ բնակչությունը։ Հարյուրավոր մարդիկ, անկախ կուսակցական պատկանելությունից, մասնագիտությունից, տարիքից, ներկայանում էին զորամաս և կամավոր մեկնում ճակատ։ Գյուղացիները տրամադրում էին փոխադրամիջոցներ, փամփուշտ, սննդամթերք, փորում խրամատներ։ Հերոսամարտը ստացավ համաժողովրդական բնույթ, հայ ժողովուրդը համախմբվել, մի բռունցք էր դարձել, որովհետև յուրաքանչյուր հայ գիտակցում էր, որ ինքը մարտնչում է հանուն հայրենիքի, հանուն կյանքի ու ազգային արժանապատվության։
Սարդարապատի ճակատամարտից բացի, մարտեր էին մղվում նաև Բաշ-Ապարանում (Արագածոտնի մարզ, Ապարան) և Ղարաքիլիսայում (Լոռի, Վանաձոր)։ Մայիսի 22-ին թուրքական զորքի մի խումբ, գրավելով Սպիտակը, շարժվեց Բաշ-Ապարան՝ նպատակ ունենալով Երևանի վրա գրոհել հյուսիսից, մտնել Արարատյան դաշտ և Սարդարապատի մոտ հայկական զորամասերին հարվածել թիկունքից։ Հայկական զորամասը, Դրոյի հմուտ ղեկավարությամբ, ոչ միայն կասեցրեց թուրքերի առաջընթացը, այլև այնպես արեց, որ թշնամին փախչի։ Այդ կռիվներում հայերին օգնում էր Ջահանգիր աղայի քրդական (եզդիական) ջոկատը։ Չնայած նրան, որ քրդերն ու եզդիները ազգային փոքրամասնություն են կազմել, բայց միշտ աջակցել են հայերնին:
Մայիսի 24-28-ը դաժան կռիվներ տեղի ունեցան Ղարաքիլիսայի(Վանաձոր) մոտ։ Երկու կողմերն էլ ունեցան մեծ կորուստներ։ Չնայած թշնամին ի վերջո գրավեց Ղարաքիլիսան և շարժվեց առաջ, սակայն այնտեղ էլ հայերը կռվեցին մինչև վերջին շունչը։ Դա խոստովանել է հենց թուրք հրամանատարությունը։
Այսպիսով՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում հայ ժողովուրդը կարողացավ թշնամուն մի լավ դաս տալ, թույլ չտալ որ տեղի ունենա Արևելյան Հայաստանը զավթելու ու տեղի հայությանը ոչնչացնելու երիտթուրքերի ծրագիրը։ Մայիսյան հերոսամարտը ամբողջ հայ ժողովրդի միասնական ուժի և ազգային հաղթանակն էր։ Ավելին, եղեռն տեսած, կյանքի ու մահվան եզրին կանգնած հայ ժողովուրդը ոչ միայն պահպանեց իր ֆիզիկական գոյությունը, այլև ստիպեց հակառակորդին հաշվի նստել իր հետ և ճանաչել իր անկախ ապրելու իրավունքը։ Մայիսյան հերոսամարտերը հիմք հանդիսացան Հայաստանի անկախության համար։ Եվ հենց այդ հաղթանակի օրերին հռչակվեց Հայաստանի անկախությունը(1918, մայիսի 28)։ Այս դեպքերով, կարելի է ասել, փակվում է հայ ժողովրդի ողբերգական և հերոսական իրադարձություններով հարուստ նոր պատմության շրջանը, և սկսվում նորագույն՝ հայկական պետականությունների պատմության ժամանակաշրջանը։ Եվ այդ ժամանակաշրջանում էլ ապրում ենք մենք, հենց հիմա՝ երբ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Թուրքիայի հանրապետությունները հարձակվեցին մեզ պատմականորեն պատկանող Արցախի Հանրապետության վրա: