Մեսրոպ Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը
Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոն գավառի Հացեկաց գյուղում 361 կամ 362 թվականին: Մեսրոպ Մաշտոցը ազնվական Վարդանի որդին էր: Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետում էր հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։ Սկզբնական շրջանում թագավորի արքունիքում եղել է զինվորական, հետո` պալատական գրագիր։ Մոտ 395 թվականին դարձել է հոգևորական, և մեկնել Վասպուրականի Գողթն գավառը, ուր տեղի իշխան Շաբիթից ստանալով ազատ գործելու հնարավորություն հիմնել է քրիստոնեական համայնքներ։ Ունեցել է աշակերտներ, որոնք հետո դարձել են նրա օգնականները լուսավորական գործունեության ասպարեզում։
Թեև քրիստոնեությունը Հայաստան մուտք է գործել առաջին դարում և 301 թ. դարձել պետական կրոն, բայց ժողովրդի զգալի մասը միայն անվանապես էր քրիստոնյա, երկրում եղած Աստվածաշնչի գրքերը, եկեղեցական այլ երկեր հունարեն կամ ասորերեն էին, ժամերգությունները և ծեսերը կատարվում էին ժողովրդի համար անհասկանալի այդ լեզուներով։ Հայոց այբուբենի ստեղծումը նաև անհրաժեշտ էր հայոց բազմադարյան բանահյուսության գոհարները, ժողովրդական վեպերն ու երգերը և այլ ստեղծագործություններ գրի առնելու համար:
Քաջ գիտակցելով, որ այդ մեծ գործն իրականացնելու համար անհրաժեշտ է հայոց կաթողիկոսի և թագավորի աջակցությունը, Մաշտոցը վերադառնում է Վաղարշապատ: Այստեղ նա համոզվում է, որ կաթողիկոս Սահակ Պարթևը նույնպես մտածում է հայոց գրեր ստեղծելու մասին: Վռամշապուհ արքայի օգնությամբ նրանք բերել են տալիս այսպես կոչված Դանիելյան հայկական գրերը և շուտով համոզվում, որ դրանք չեն համապատասխանում հայերենի հնչյունական համակարգին: Հայոց գրերը ստեղծելու նպատակով Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ճանապարհ է ընկնում Ասորիքի Ամիդ, Եդեսիա և Սամոսատ քաղաքները, ուսումնասիրում օտարալեզու մատյանները, խորհրդակցում ասորի և հույն գիտունների հետ և 405թ. ստեղծում հայոց գրերը: Այբուբենի 36 տառերը լիովին արտահայտում էին հայերենի հնչյունական համակարգը: Այբուբենն այնքան կատարյալ էր ստեղծված, որ գործնականում առանց փոփոխության օգտագործվում է մինչև այսօր:
Ոսկեդարյան գրականություն
5-րդ դարում ստեղծվեց և մեծ վերելք ապրեց հայ պատմագրությունը։ Հայ դասական պատմագրության սյունը Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունն է» , որը ընդգրկում է հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև 440թ: Մովսես Խորենացին իր դարաշրջանի հայ պատմիչներից առաջինն էր, ով ամբողջական շարադրեց հայոց պատմությունը։ Նա պատմության մեջ մնացել է Մեծն Քերթող և Պատմահայր անուններով։ Կորյուն վարդապետը գրել է «Վարք Մաշտոցի» երկը, որը նվիրել է իր ուսուցչի ՝ Մեսրոպ Մաշտոցի կյանքին և գործունեությանը։ Ագաթանգեղոսի «Հայոց Պատմությունը» նվիրված է Ս.Գրիգորի և Տրդատ Մեծ թագավորի կյանքին ու գործունեությանը: Փավստոս Բյուզանդի «Հայոց Պատմությունը» ընդգրկում է Հայոց աշխարհի 4-րդ դարի սկզբից մինչև 385-387թթ ընդգրկող պատմությունը։ 5-րդ դարի կեսերից հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարը նկարագրված է Եղիշեի «Վարդանի և Հայոց պատերազմի» մասին ու Ղազար Փարպեցու «Հայոց Պատմություն» երկերում։ Եղիշեի երկը նվիրված է Վարդան Մամիկոնյանի գլխավորած հզոր ապստամբությունը, իսկ Ղազար Փարպեցին մանրամասն ներկայացրել է Վահան Մամիկոնյանի գլխավորած ապստամբությունը։ 6-րդ դարում մինչև 661թ. իրադարձությունները նկարագրված են Սեբեոսի «Պատմությունում»։ Հեղինակը հատուկ ուշադրություն է դարձրել հայ ժողովրդի ազատագրական պայքարին և հայոց ամբողջական ու անկախ պետության վերականգման ուղղված հայ գործիչների ջանքերին։ Մովսես Կաղականտվացին իր «Աղվանից աշխարհի պատմությունում» գրել է Հայոց Արևելից կողմանց ՝ Արցախ և Ուտիք աշխարհների մասին։ 8-րդ դարի պատմիչ Ղևոնդը իր «Պատմություն» երկում նկարագրել է հայ ժողովրդի ծանր վիճակը և հերոսական պայքարն արաբական տիրապետության դեմ։