Հայկական Խոհանոց
Ազգային խոհանոցը մշակույթը բնութագրող ամենագունեղ տարրն է: Ժողովուրդի կենցաղավարման բոլոր ավանդույթները, ինչպես նաև բնաշխարհի բոլոր բարիքները մեկտեղվում են ազգային խոհանոցում:
Շատ կերակուրների պատրաստման եղանակներ գրեթե չեն փոխվել, և մինչ այժմ սերունդներին են փոխանցվում խոհանոցի բոլոր գաղտնիքները: Հայաստան այցելած զբոսաշրջիկներն ու հյուրերը հայկական խոհանոցից ստացված իրենց տպավորությունների հիման վրա Հայաստանը առանձնացնում են աշխարհի մյուս երկրներից:
Բազմաթիվ միատարր խոհանոցների կողքին հայկական խոհանոցը միշտ առանձնացել է իր համի և ձևի նուրբ արվեստով:
Տոլմա

«Տոլմա» բառն առաջացել է ուրարտական «տոլի» կամ ուրարտերեն «ուդուլի» բառից, որը նշանակում է «խաղողի տերև»: Հնագույն բաղադրատոմսերը վկայում են, որ սկզբում այն փաթաթվել է միայն խաղողի տերևով, հետագայում օգտագործվել են նաև կաղամբի, բանջարի, սերկևիլի և հաղարջի տերևներ: Տոլմայի առաջին բաղադրատոմսը թվագրվում է 8րդ դար: Տոլմայի բազմաթիվ տարատեսակներ են առանձնացվում: Դրանցից մեկն է Պասուց տոլման, որը պատրաստվում է միմիայն հատիկեղենից: Հնում պասուց տոլման պատրաստել են գարնանամուտին, ինչը խորհրդանշում էր երկրագործական տարվա սկիզբը:
2011 թվականից ամեն տարի Հայաստանում անց է կացվում ավանդական տոլմայի փառատոնը, որի հիմնական նպատակը ազգային արժեքների պահպանումն է: Փառատոնի ժամանակ ներկայացվում են տոլմայի ավելի քան 60 տեսակներ, ինչպես նաև փառատոնի ժամանակ է հենց պատրաստվում ամենաերկար տոլման:
Գաթա

Գաթան իր առանձնահատուկ տեղն է զբաղեցրել գրեթե բոլոր տոնական և ծիսական սեղաններին: Ըստ ազգագրագետների հնում գաթայի վրա հատուկ խորհրդանշաններ են պատկերել, հաճախ նաև խաչեր, որպիսզի ընտանիքը պաշտպանեին չար աչքից: Նրանց պնդմամբ գաթան խորհրդանշում է նաև ընտանիքի ամրությունը, և իզուր չէ որ հարսանիքների ժամանակ հենց գաթա են պարեցնում նորապսակների գլխավերևում:
Գաթան նաև Ամանորի սեղանի ամենակարևոր բաղադրիչն էր հանդիսանում, որի մեջ թաքցնում էին կոպեկը կամ դովլաթը: Այն սովորաբար կտրում էին տան ամենափոքր անդամի մեջքին դնելով: Այն անդամը ում բաժին էր ընկնում կոպեկը համարվում էր տարվա հաջողակը: