Աշխարհագրություն․ Արաբական մշակույթ

Արաբական մշակույթը ընդգրկում է Արևմտյան Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի արաբական երկրների (Մարոկկոյից մինչև Պարսից ծոց) մշակույթը։ Այդ երկրների լեզուն, գրականությունը, խոհանոցը, արվեստը, ճարտարապետությունը, երաժշտությունը, փիլիսոփայությունը և այլ ուղղություներ համաարաբական աշխարհի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են կազմում։

Միջնադարյան մշակույթը ձևավորվել է Արաբական խալիֆայությունում VII-X դարերում, արաբների և նրանց կողմից նվաճված Մերձավոր ու Միջին Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Հարավարևմտյան Եվրոպայի ժողովուրդների մշակութային փոխազդեցության ընթացքում։ Գիտական գրականության մեջ «արաբական մշակույթ» տերմինը գործածվում է ինչպես բուն արաբական ժողովուրդների, այնպես էլ խալիֆայության մեջ մտնող այլ ժողովուրդների միջնադարյան արաբալեզու մշակույթն արտահայտելու համար։ Վերջին իմաստով այն երբեմն պայմանականորեն նույնացվում է «իսլամական մշակույթ» հասկացության հետ։ Արաբական մշակույթի ձևավորումը տեղի է ունեցել իսլամի երևան գալու (VI դարի առաջին կես) և խալիֆայության կազմավորման ժամանակաշրջանում։ Վաղ շրջանում արաբական մշակույթի ձևավորումը հիմնականում ընթացել է նվաճված ժողովուրդների մշակութային ժառանգությունը (հին հունական, հելլենիստական–հռոմեական, արամեական, իրանական և այլն) գաղափարական ու սոցիալ–քաղաքական նոր պայմաններում յուրացնելու, վերագնահատելու և ստեղծագործաբար զարգացնելու ուղղությամբ։ Արաբներն իրենք արաբական մշակույթին տվել են իսլամը (որի մեջ հետագայում ներթափանցեցին իրանական փիլիսոփայության տարրեր), արաբերեն լեզուն, բեդվինական պոեզիայի ավանդույթները։ VII-VIII դարերի կեսերին արաբական մշակույթի գլխավոր կենտրոններն էին Դամասկոսը՝ Ասորիքում, Մեքքան և Մեդինան՝ Արաբիայում, Բասրան՝ Իրաքում։ Աբբասյանների ժամանակ կենտրոնը դարձավ 762 թվականին հիմնադրված Բաղդադ քաղաքը։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы