Կենսաբանություն․ Մարդու գլխուղեղ

Մարդու գլխուղեղ  մարդու կենտրոնական նյարդային համակարգի օրգան։ Տեղադրված է գանգի խոռոչում, նրա զանգվածը տատանվում է 1300-1400 գ սահմաններում։ Առանձին դեպքերում այն կարող է ունենալ 1100-2000 գ զանգված։ Գլխուղեղից հեռանում են 12 զույգ գանգուղեղային նյարդեր, որոնցից է ներքին օրգանների աշխատանքը կարգավորող թափառող նյարդը։ Մարդու գլխուղեղը սաղմնային շրջանում ու կյանքի առաջին տարիներին ուժգին աճում է և 20 տարեկան հասակում հասնում է իր վերջնական մեծությանը։ Գլխուղեղում նեյրոնների մարմիններն առաջացնում են գորշ նյութ, որը գտնվում է ինչպես գլխուղեղի մակերեսին՝ ձևավորելով կեղև, այնպես էլ գլխուղեղի ներսում՝ սպիտակ նյութի մեջ, կորիզների ձևով։ Սպիտակ նյութը կազմված է նեյրոնների երկար ելուստներից։ Գլխուղեղը կազմված է հետևյալ բաժիններից՝ երկարավուն ուղեղ, կամուրջ, միջին ուղեղ, միջանկյալ ուղեղ, ուղեղիկ և մեծ կիսագնդեր (ծայրային ուղեղ)։ Երկարավուն ուղեղը, կամուրջը, միջին և միջանկյալ ուղեղը կազմում են ուղեղաբունը։

Երկարավուն ուղեղ

Երկարավուն ուղեղը վարոլյան կամրջի հետ միասին կազմում են հետին ուղեղ։ Երկարավուն ուղեղը ողնուղեղի վերին հաստացած կոնաձև մասն է 2, 5-3 սմ երկարությամբ։ Նրա ստորին մասը ծոծրակային մեծ անցքն է, իսկ վերինը՝ կամրջի հետին եզրը։ Երկարավուն ուղեղն իր կառուցվածքով նման է ողնուղեղին։  Երկարավուն ուղեղն իրականացնում է նաև մի շարք պաշտպանական ռեֆլեքսներ՝ փռշտոց, հազ, փսխում, արցունքազատում, կոպերի թարթում, մասնակցում է նաև կեցվածքն ապահովող ռեֆլեքսների իրականացմանը։
Երկարավուն ուղեղում գտնվում են կենսական կարևոր կենտրոններ, ուստի նրա ոչ միայն հեռացումը, այլև վնասումն ավարտվում է մահով։

Վարոլյան կամուրջ

Կամրջում գտնվում են որոշ գանգուղեղային նյարդերի կորիզներ, որոնք նյարդավորում են գլխի առջևի մասը, դեմքի մաշկը, դիմախաղի մկանները, ենթածնոտային, ենթալեզվային թքագեղձերը, արցունքագեղձերը, ականջի, բերանի ու քթի խոռոչի լորձաթաղանթը։ Նրանով են անցնում առջևի և միջին ուղեղը ստորև գտնվող կենտրոններին կապող ուղիները։

Ուղեղիկ

Ուղեղիկը համարվում է վարոլյան կամրջի խոշոր ելուստ։ Մարդու ուղեղիկի զանգվածը մոտավորապես 150 գ է։ Այն տեղավորված է երկարավուն ուղեղի թիկնային մակերեսին։ Ուղեղիկը կազմված է երկու կիսագնդերից ու դրանք միացնող որդից։
Ուղեղիկը դասվում է շարժումները կարգավորող համակարգի մեջ։ 
Ուղեղիկի վնասվածքի դեպքում նկատվում են համաձայնեցված շարժումներ կատարելու ընդունակության կորուստ, տատանողական շարժումներ, մկանների դող, անհամապատասխանություն մկանային կծկումների մեծության և կատարվելիք շարժման միջև։

Միջին ուղեղ

Միջին ուղեղը վարոլյան կամրջի շարունակությունն է։ Միջին ուղեղը բաղկացած է քառաբլուրներից, որոնք ապահովում են տեսողության ու լսողության առաջնային ռեակցիաները՝ ակնագնդի շարժումը դեպի լույսի աղբյուրը, կենդանիների ականջախեցու շարժումը դեպի ձայնը։ Միջին ուղեղում են գտնվում նաև զգացող և շարժիչ որոշ կորիզներ, որոնք կարգավորում են ակնագնդերի շարժումը, բբային ռեֆլեքսները, մկանային լարվածությունը, դիմախաղի, մատների նուրբ շարժումները։
Միջին ուղեղի վնասման դեպքում նկատվում են այդ մկանների ոչ կամային կծկումներ կամ դող։

Միջանկյալ ուղեղ

Միջանկյալ ուղեղը տեղադրված է մեծ կիսագնդերի տակ։ Նրա հիմնական բաժիններից են տեսաթումբը ու ենթատեսաթումբը։
Ենթատեսաթումբը կարևոր դեր ունի օրգանիզմի ներքին միջավայրի կայունության պահպանման, ինքնավար, ներզատական ու մարմնական համակարգերի ամբողջականության համար։ Այստեղ են գտնվում նյութափոխանակությունը, մարմնի կայուն ջերմաստիճանը, քաղցի ու հագեցման, ծարավի, սեռական վարքագծի, վախի ու կատաղության, քնի ու արթունության հերթագայումը կարգավորող կենտրոնները։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы