Կենսաբանություն․ Կաթնասուններ

Կաթնասուններ, ողնաշարավոր կենդանիների դաս, որի գլխավոր առանձնահատկությունը ձագերին կաթով կերակրելն է։ Դասը մտնում է քառոտանիների վերնադասի Synapsidomorpha խմբի մեջ։ Ըստ կենսաբանների գնահատումների՝ հայտնի է ժամանակակից կաթնասունների մինչև 5500 տեսակ, որոնց շարքին է պատկանում Բանական մարդ տեսակը, կաթնասունների ընդհանուր թիվը, ներառյալ անհետացած ձևերը, գերազանցում է 20000-ը։ Կաթնասունները տարածված են գրեթե ամենուրեք։ Առաջացել են բարձր զարգացում ունեցող սինապսիդներից տրիասի ժամանակաշրջանի վերջում։ Կաթնասունների շարքին են դասվում միանցքանիները, պարկավորները և ընկերքավորները, ինչպես նաև մեծ թվով անհետացած խմբեր։ Կաթնասունների դասին պատկանող ժամանակակից տեսակները միավորված են 26-29 կարգերում։ Զարգացման բարձր մակարդակի է հասել նյարդային համակարգը, հատկապես մեծ կիսագնդերի կեղևը։ Բեղմնավորումը ներքին է, ծնում են կենդանի ձագեր (բացառությամբ նախագազանների) և նրանց կերակրում կաթով։ Տաքարյուն են, սիրտը քառախորշ է, մարմինը ծածկված է մազերով, ունեն տարբերակված ատամներ, ականջախեցի, մաշկը հարուստ է գեղձերով։ Ոտքերը գտնվում են փորի տակ, իրանը գետնից բարձր է։ Կաթնասունների արտաքին տեսքը շատ բազմազան է, բայց ընդհանուր առմամբ համապատասխանում է մնացած քառոտանիներին բնորոշ կառուցվածքային պլանին։ Կաթնասունների անատոմիան և ֆիզիոլոգիան բնութագրվում է այն նույն ֆունկցիոնալ համակարգերի առկայությամբ, ինչ որ մյուս քառոտանիների մոտ։ Սակայն այդ համակարգերի մեծ մասը հասել են զարգացման բարձր մակարդակի, և կաթնասունները համարվում թեն ողնաշարավորների ամենաբարձր կարգավորված ենթադասը։ Բնակության տարբեր պայմանների կյանքին կաթնասունները հարմարվել են տարբեր կերպ, նրանց վարքագիծն առանձնանում է բարդությամբ և բազմազանությամբ։ Նրանք դոմինանտ տեղ են գրավում վերգետնյա ֆաունայում (ջրային միջավայրում նրանք զիջում են միայն ճառագայթալողակ ձկներին)։ Կաթնասունները կարևոր դեր ունեն մարդու կյանքում և տնտեսական գործունեությունում։ Նրանք հանդիսանում են սննդի կարևոր աղբյուր, ինչպես նաև արտադրական հումք, կատարում են տրանսպորտային ֆունկցիա, ծառայում են որպես քարշող ուժ, օգտագործվում են որպես լաբորատոր կենդանիներ և ընտանի կենդանիներ։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы