Սարդեր — սարդակերպերի (Arnanei) դասի հոդվածոտանիների կարգ։ Չափերը 0,7–110 մմ, գունավորումը բազմազան է։ Մարմինը կազմված է գլխակրծքից և փորիկից, որոնք միացած են կարճ ցողունիկով։ Գլխակրծքի առջևի մասում՝ մեջքի կողմից տեղադրված է սովորաբար 8 աչք։ Սարդերն ապրում են ամենուրեք՝ և՛ արևադարձային գոտիներում, և՛ տունդրայում, և՛ շոգ անապատներում ու բարձր լեռներում։ Գիշերային գիշատիչներ են։ Սնվում են հիմնականում միջատներով (նաև վնասատու) և դրանով օգուտ են տալիս մարդուն։ Սարդերը պատկանում են սարդակերպների դասի հոդվածոտանիների կարգին։ Հայտնի է մոտ 27 հազար, Հայաստանում՝ 300–350 տեսակ։ Առավել տարածված են խաչասարդը, տնային, թռչնակեր, արծաթափայլ և այլ սարդեր։
Վերջավորությունները վեց զույգ են, առաջին զույգի ( խելիցերներ ) ճանկերի վրա բացվում են թունավոր գեղձերի ծորանները, երկրորդ զույգը (պեդիպալպոզներ ) հիմնականում շոշափելիքի օրգաններ են (արուների պեդիպալպոզների ծայրային հատվածը վերածվել է զուգավորման օրգանի), մնացած 4 զույգ վերջավորությունները ճանկերով վերջացող քայլող ոտքեր են։
Փորիկի առջևի մասում տեղավորված են շնչառական անցքերը, իսկ ետինում՝ ոստայնագեղձերի թմբիկները կամ գորտուկները (1-4 զույգ)։ Սարդերի մարմինը (երկարությունը՝ 0,7–11 սմ) կազմված է գլխակրծքից և փորիկից, որոնք միացած են կարճ ցողունիկով։ Աչքերը (8) տեղադրված են գլխակրծքի առջևի մասում, ոստայնագեղձերի (մոտ 100) թմբիկները՝ փորիկի խոռոչում։ Թմբիկներից յուրաքանչյուրը մի քանի անցք ունի, որոնցից արտազատված հեղուկն օդում պնդանում է ու թելի տեսք ստանում. սարդն այն կարող է օգտագործել տարբեր նպատակներով։ Որոշ տեսակներ իրենց ձվերի համար «բարուրներ»՝ բոժոժներ են հյուսում, իսկ երբ փոքրիկ սարդերը դուրս են գալիս ձվից, սարդոստայնը դառնում է նրանց բույնը։ Երբեմն սարդոստայնաթելը սանդուղքի դեր է կատարում, երբեմն էլ քամին սարդոստայնն ու նրա մեջ եղած սարդի ձագին քշում, տանում է մեկ այլ տեղ (սարդոստայնը դառնում է օդանավ)։ Բոլոր սարդերը, բացի ջրային սարդից, ապրում են ցամաքում, ապրելավայրերը շատ բազմազան են։ Հիմնականում գիշերային կենդանիներ են։