Կլոր որդեր

Կլոր որդերնեմատոդներ, առաջնախոռոչավոր որդերի տիպ։ Մարմինը թելանման է կամ իլիկաձև (80—85 մկմ) է երկկողմանի համաչափ, չհատվածավորված, ընդլայնական կտրվածքը կլոր է (այստեղից էլ՝ անվանումը)։ Պատված է հարթ կամ օղակաձև, ամուր կուտիկուլայով, որի տակ տեղադրված է հիպոդերմը։ Արյունատար և շնչառական համակարգ չունեն։ Նյարդային համակարգը կազմված է մերձկլանային օղակից և 6 նյարդային բներից։ Զգայական օրգանները շոշափուկներն են և պտկիկները, ազատ ապրող որոշ ձևեր ունեն պրիմիտիվ քեմո- և ֆոտոռեցեպտորներ։ Արտաթորության համակարգը միաբջջի գեղձիկներն են կամ կողմնային, ներբջջային խողովակները։ Սովորաբար բաժանասեռ են։ Բազմանում են ձվադրությամբ, որոշ տեսակներ կենդանածին են։ Հայտնի է կլոր որդերի մոտ 500 հազար տեսակ, որոնք մակաբույծներ են կամ ազատ ապրող ձևեր։ Վերջիններս փոքր չափերի են, ապրում են հողում, քաղցրահամ ջրերում, ծովերում։ Սնվում են բակտերիաներով, ջրիմուռներով, դետրիտով, կան նաև գիշատիչ ձևեր։ Շատ կլոր որդեր բույսերի, կենդանիների և մարդու մակաբույծներ են։ Ձվերը մարդու կամ կենդանիների օրգանիզմ են թափանցում ջրի կամ սննդի միջոցով։ Կլոր որդերի ներկայացուցիչներից են՝ ասկարիդը, մազագլուխը, սրատուտը և այլն։ Մարդու և կենդանիների օրգանիզմում առաջացնում են մի շարք հիվանդություններ։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы