Նախագիծ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդաժողովի 40-րդ նստաշրջանի որոշման համաձայն՝ մարտի 14-ը հռչակվել է Մաթեմատիկայի միջազգային օր։
Նպատակն է ընդգծել մաթեմատիկական գիտությունների կարևոր նշանակությունը համամոլորակային մարտահրավերներին դիմակայելու գործում, ինչպես նաև նպաստել գիտական, արտադրական և բնապահպանական ոլորտների ինտեգրմանը և դրանց համագործակցության արդյունավետության բարձրացմանը։ Նախաձեռնությունը խնդիր ունի մաթեմատիկայի զարգացման պատմության մեջ հետք թողած կանանց վառ օրինակներով խթանելու կանանց և աղջիկների ներգրավվածությունը ինժեներա-մաթեմատիկական (STEM) գիտություններում։
‹‹Մաթեմատիկա›› գիտությունը որքան հին է, նույնքան էլ զարմանահրաշ ու խորախորհուրդ։ Դեռևս մ․թ․ա․ 3000–ական թվականներին բաբելոնացիները և եգիպտացիները առևտրի, հաշվարկների, շինարարության համար օգտագործում էին թվաբանության, հանրահաշվի, երկրաչափության տարրեր։ Թվերն ու թվային համակարգերը նախորդել են գրերին։ Առաջին հայտնի գրավոր թվերը ստեղծվել են եգիպտացիների կողմից, իսկ մ․թ․ա 600 թվականին հին հույները սկսել են մաթեմատիկայի համակարգված ուսումնասիրություններ՝ իրենց իսկ հունական մաթեմատիկայով։ Մինչև վերածննդի դարաշրջանը մաթեմատիկան դանդաղ է զարգացել, իսկ այնուհետ կատարվել են մաթեմատիկական խոշորագույն հայտնագործություններ, որոնք արագացրել են գիտության զարգացումը։