Վիլյամ Սարոյան. <>

Կարդա’ հատվածը եւ կատարի’ր առաջադրանքները։

Վիլյամ Սարոյան. <<Քո կյանքի ժամերը>> (հատված)

Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ
ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց
հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ
ու չամաչի ինքն իրենից:
Աչքի լույսի պես պահի՛ր, փայփայի՛ր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ,
քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև այն անցավոր է:
Ամեն ինչի մեջ գտի՛ր լուսավորը, գտի՛ր այն, ինչ չի կարող արատավորվել: Եթե
մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով` արար աշխարհի
ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերի՛ր նրան:
Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու
բարի սիրտ ունեցողին: Ոչ մեկին մի՛ ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի՛ ենթարկիր:
Հիշի՛ր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր
անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ:
Արհամարհի՛ր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց.
հասկացի՛ր սա: Մի՛ ամաչիր բարի ու քնքուշ լինել…
Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի
վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:


Առաջադրանքներ

Ա․ Ինչպիսի՞ աշխարհայացք է ներկայացված հատվածում։ Ներկայացրե՛ք ձեր վերաբերմունքն այդպիսի մոտեցմանը։

Բ․Բացատրե՛ք հետևյալ միտքը․,, Արհամարհի՛ր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ
չար ու անազնիվ մարդկանց. հասկացի՛ր սա,,:
Գ․Շարադրե՛ք Ձեր աշխարհայացքը՝ փորձելով հավատարիմ մնալ ներկայացված
հատվածի ոճին։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы