Հնագույն քաղաքակրթություններԱռաջին պարապմունք — Վանի թագավորություն (մաս 1-ին)Վանի թագավորության հիմնադրման մասին վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է մ. թ. ա. XIII–XI դարերում՝ Վանա լճից հարավ հիշատակվող Ուր(ու)ատրի ցեղային միության հիմքի վրա: Մեկ այլ տեսակետ այն կապում է Արարատյան դաշտի հետ` ելնելով թագավորության Արարատ-Ուրարտու անվանումից: Ներկայումս ընդունված է այն տեսակետը, ըստ որի՝ թագավորության սկզբնատարածքը Վանա լճի ավազանն է, որի հետ էլ կապվում է թագավորության հիմնական ինքնանվանումը` «Բիայնիլի» (այդ պատճառով էլ գիտության մեջ պետությունը հայտնի է նաև «Վանի թագավորություն» անվամբ):Առաջին վկայված արքան Արամե Ուրարտացին է, որի անունն ասորեստանյան աղբյուրներում 3 անգամ հիշատակվում է մ. թ. ա. 859–843 թթ-ի ընթացքում: Ըստ այլ տեսակետի՝ Վանի թագավորության հիմնադիր-արքան Սարդուրի I-ն է՝ Լութիպրիի որդին, որն էլ մ. թ. ա. 830-ական թվականներին կառուցել է Տուշպա (Տոսպ) մայրաքաղաքը: Տուշպայի հիմնադրման արձանագրություններում նա իրեն անվանել է «Նաիրի երկրի արքա» և ներկայացել «մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա» տիտղոսներով։Սարդուրի I-ի օրոք Վանի թագավորությունը տարածվել է ոչ միայն Վանա լճի ավազանում, այլև Հայկական Տավրոսից հարավ՝ Տիգրիսի վերին հովտում:Մ. թ. ա. մոտ 825–810 թթ-ին Սարդուրի I-ին հաջորդել է որդին` Իշպուինին: Նա իրականացրել է մի շարք բարեփոխումներ, որոնք շարունակել է նրա որդի Մենուան (մ. թ. ա. մոտ 810–786 թթ.): Կարևոր էին գրային (տեղական սեպագրի ստեղծումը) և կրոնական [տերության միասնական դիցարանի (պանթեոն) ստեղծումը] բարեփոխումները, որոնք արձանագրվել են «Խալդյան դարպասի» («Մհերի դուռ») վրա: Ռազմական բարեփոխման շնորհիվ դաշնային աշխարհազորը փոխարինվել է մշտական կանոնավոր բանակով: Իշպուինին հարավում ընդլայնել է տիրույթները՝ Ուրմիա լճի ավազանից մինչև Պարսուա երկիր (հետագայում՝ Պարսք), հյուսիսում` մինչև Հայկական Պար լեռնաշղթա: