Նեղոսի պարգևը
Նեղոսն աշխարհի ամենաերկար գետն է, որի երկարությունը՝ մոտ 6700 կմ է: Հորդառատ անձրևներից և ձնհալից Նեղոսի ջրի մակարդակն ամռանը բարձրանում էր և ողողում ափերը՝ պարարտացնելով հողը: Ողողվող հողերից արևելք և արևմուտք անծայրածիր անապատ էր: Այնտեղ անձրևներ չէին տեղում, և Նեղոսը կենարար ջրի միակ աղբյուրն էր: Նեղոսը կյանք էր պարգևում շրջակայքում ապրող մարդկանց: Պատահական չէ, որ հույն պատմիչ Հերոդոտոսը Եգիպտոսն անվանել է «Նեղոսի պարգև»:Բնակավայրեր էին առաջանում այնտեղ, որտեղ մարդկանց հաջողվում էր կառուցել ջրանցքներ և ամբարտակներ: Նեղոսի վարարումների դեմ մշտական պայքարը համախմբում էր մարդկանց, ստիպում ստեղծել ուժեղ պետություն: Միայն այս կերպ էր հնարավոր իրականացնել համատեղ կառուցողական աշխատանքներ: