Սասուն, գավառակ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Գենջի գավառում։ Նախկինում եղել է Մեծ Հայքի Աղձնիք նահանգի տասներորդ գավառը։ Հնագույն կենտրոնն էր Սանասուն բերդը։
Սասունի կլիման, ընդհանուր առմամբ զովասուն ու առողջարար է։ Ունի խիստ ու ցրտաշունչ ձմեռ՝ առատ ձյան շերտով և բքով։ Ձմեռը տևում է մինչև 7 ամիս։
Արաբ նվաճողների դեմ Սասունի հերոսական պայքարի հիման վրա ձևավորվել է «Սասնա Ծռեր» էպոսը։
1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ Սասունի բնակչությունը մի քանի ամիս անհավասար գոյամարտ է մղել թուրքական 30 000-անոց բանակի դեմ։ Սասունի 60 000-անոց բնակչությունից փրկվել է մոտ 15 000, որոնք ռուսական բանակի օգնությամբ գաղթել են Արևելյան Հայաստան, բնակություն հաստատել Աշտարակի և Թալինի շրջակա գյուղերում։
Պատմիչ Թովմա Արծրունու վկայությամբ՝ սասունցիները (անվանում է խութեցիներ) բնակվել են խոր ձորերում, քարայրերում, թավուտներում՝ անջատ-անջատ, խոսել են հայերենի տարբեր ու խրթին բարբառներով, հագել բրդյա զգեստներ, այծի մորթուց ու կանեփի թելերից հյուսված խարուկներ (ոտնամաններ), մշտապես կրել նիզակ՝ գազաններից պաշսպանվելու համար։
Զբաղվել են հողագործությամբ (կորեկ, ցորեն, գարի, տարեկան), այգեգործությամբ (խաղողի տարբեր տեսակներ), պարտիզպանությամբ (նուռ, թուզ, խնձոր, տանձ, մրկիթ, փղինճ և այլն), մեղվաբուծությամբ, անասնապահությամբ, զանազան արհեստներով։