
Էյֆելյան աշտարակ, երկաթյա վանդակավոր աշտարակ՝ տեղակայված Մարսյան դաշտում՝ Փարիզում։ Այն անվանվել է ի պատիվ ճարտարապետ Գուստավ Էյֆելի, ում կազմակերպությունն էլ հենց ծրագրել և կառուցել է աշտարակը։
Այն վեր է խոյացել 1889 թվականին, մինչդեռ հենց նույն թվականին էլ դրվել է նրա հիմքը Համաշխարհային տոնավաճառի ժամանակ։ Հենց սկզբից էլ այն քննադատվել է ֆրանսիացի մի շարք առաջատար արվեստագետների և մտավորականների կողմից իր դիզայնի համար, սակայն ժամանակի ընթացքում այն դարձել է և՛ Ֆրանսիայի համաշխարհային տարբերանշանը, և՛ աշխարհի ամենաճանաչված կառույցներից մեկը: Այն հանդիսանում է Փարիզի ամենաբարձր կառույցը, ինչպես նաև ամենաշատ այցելված հուշակոթողն ամբողջ աշխարհում։ Միայն 2011 թվականին աշտարակն է բարձրացել 6.98 միլիոն մարդ։ 2010 թվականին աշտարակն ընդունեց իր 250 միլիոներորդ այցելուին: Այն ունի 324 մետր բարձրություն ։ Համեմատելու համար կարելի է նշել, որ այդպիսի բարձրություն ունի 81 հարկանի շենքը։ Դեռևս կառուցման ժամանակ Էյֆելյան աշտարակն անցավ Վաշինգտոնի հուշարձանին և արժանացավ աշխարհում մարդու կողմից ստեղծված ամենաբարձր կառույցի կոչմանը։
Աշտարակն ունի երեք մակարդակ այցելուների համար՝ առաջին և երկրորդ մակարդակներում ռեստորաններով։ Երրորդ մակարդակը, որը հանդիսանում է որպես դիտակետ, գետնից բարձր է 276 մետր. այն հանդիսանում է հասարակության համար հասանելի ամենաբարձր կետը Եվրամիությունում։ Գոյություն ունեն երկու տեսակի տոմսեր՝ աստիճաններով բարձրանալու և վերելակով, որոնք երկուսն էլ տանում են մինչև առաջին և երկրորդ մակարդակները։ Առաջին մակարդակի բարձրությունը 300 աստիճան է, այդպիսի երկարություն ունի նաև առաջինից երկրորդ տանող ճանապարհը։ Չնայած կան նաև սանդուղքներ, որոնք տանում են դեպի երրորդ և ամենաբարձր մակարդակը, դրանք սովորաբար փակ են հասարակության համար և հիմնականում հասանելի են վերելակով։
Էյֆելյան աշտարակի կառուցումից հետո ակտիվիստներից ոմանք մտափոխվեցին, իսկ ոմանք անսասան գտնվեցին: Աշխարհահռչակ նովելիստ Գի դը Մոպասանն ամեն օր ենթադրաբար նախաճաշում էր Էյֆելյան աշտարակի ռեստորաններից մեկում, քանզի այն միակ վայրն էր Փարիզում, որտեղից աշտարակը չէր երևում: Մեր օրերում աշտարակն ամենուրեք համարվում է կառուցվածքային ճարտարապետության ցնցող մասնիկներից մեկը։