Բայի կազմություն

Բայի կազմությունը
Բայի կազմությունը որոշվում է ըստ նրա սկզբնաձևի՝ անորոշ  դերբայի՝
հաճախ համեմատելով որոշ թեք ձևերի հետ: Բայի սկզբնաձևը կազմված
է լինում բայահիմքից և –ել կամ –ալ ածանց–վերջավորությունից:
–Ել–ալ–ը բայակերտ ածանց է, քանի որ տարբեր արմատներից և բառերից կազմում է բայ: Նա միաժամանակ վերջավորություն է, քանի որ այլ վերջավորությունների պես բայահիմքից
կազմում է բայաձև (անորոշ դերբայ): –Ել–ալ ածանցի ե և ա ձայնավորները կոչվում են խոնարհիչներ: Ե խոնարհիչով բայը կոչվում է ե խոնարհման, ա խոնարհիչովը՝ ա խոնարհման:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 1
Կան խոնարհիչի զուգաձևություն ունեցող բայեր, որոնց նույնիմաստ տարբերակները համարժեք են (ափսոսել — ափսոսալ, գեղգեղել — գեղգեղալ, հազել -հազալ, ոստոստել — ոստոստալ, սարսռել -սարսռալ, վետվետել — վետվետալ), կամ երկրորդ տարբերակները խոսակցական են (գովել — գովալ, թռչկոտել — թռչկոտալ, խոսել -խոսալ, կաթել — կաթալ, ճռվողել — ճռվողալ, ցավել — ցավալ)

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 2
Կան նաև իմաստով կամ սեռով տարբերվող բայեր, որոնք ձևականորեն  միմյանցից տարբերվում են միայն խոնարհիչով՝ աղել—աղալ, գնել—գնալ, թվել—թվալ, թնդել—թնդալ, ծխել—ծխալ, ծպտել—ծպտալ, ճղճղել—ճղճղալ,  մխել—մխալ և այլն:

Բայահիմքը (անորոշի հիմքը) –ել/–ալ վերջավորությունից առաջ ընկած մասն է, որի կազմում կարող են լինել բայածանցներ՝ փախ–չ–ել, խաբ–վ–ել, կայծ–կլտ–ալ, մոտ–եցն–ել:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 1
Բայածանցները քերականական միջածանցներ են, քանի որ միշտ լինում են
վերջավորություններից առաջ, և որևէ բայաձև դրանցով չի ավարտվում:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 2
Անորոշ դերբայի (ներկայի կամ անկատարի) հիմքից է կազմվում բայի թեք ձևերի մեծ մասը՝ գր–ած, փախչ–եմ, փախչ–ող, գր–ում եմ, գր–ել եմ, գր–ի՛ր, թռչ–ել, թռչ–ելու եմ, չեմ խաղ–ա, կ–փախչ–ի, կարդ–անք, մոտեցն–ելիս: Մնացած ձևերը կազմվում են, այսպես կոչված, անցյալ կատարյալի
հիմքից՝ փախ–անք, փախ–ած, փախ–ել եմ, փախ–ի՛ր, կարդաց–ի, մոտեցր–եց և այլն: Երկու հիմքերը միմյանցից տարբերվում են հիմքակազմ մասնիկների առկայությամբ–բացակայությամբ կամ հերթագայությամբ։

Գործնական աշխատանք

1․Ընդգծե՛ք ե խոնարհման 3 բայ.
ա. ավել, բավել, հմայել, անվայել, բեմել, ջերմել
բ. շահել, ջահել, նիկել, ծլկել, թափարգել, անարգել
գ. կոշկաթել, փիլիսոփայել, ներգաղթել, արժանավայել,
առավել, պառավել
դ. ճոճում է, խղճում է, ճչում է, գոչում է, եռում է, ձմեռում է

2․. Ընդգծե՛ք ա խոնարհման 3 բայ.
ա. անսխալ, մխալ, գեղածալ, կսկծալ, ժուժկալ, հեկեկալ
բ. սոսկալ, քենակալ, շողալ, ձնհալ, կանխակալ, շրխկալ
գ. կրծկալ, նողկալ, փսփսալ, հախճասալ, ծավալ, թվալ
դ. ասա՛, անսա՛, որսում է, դարսում է, գվվում է, գգվում է
ե. ժխտում է, վխտում է, կոպտում է, ժպտում է, սուրում է,
բուրում է